ՄԻԵԴ-ը Ռամիլ Սաֆարովի արարքը չվերագրեց Ադրբեջանին ու նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային.  վճիռը բողոքարկվել է ՄԻԵԴ-ի Մեծ Պալատին
13:55 - 08 սեպտեմբերի, 2020

ՄԻԵԴ-ը Ռամիլ Սաֆարովի արարքը չվերագրեց Ադրբեջանին ու նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային. վճիռը բողոքարկվել է ՄԻԵԴ-ի Մեծ Պալատին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Լևոն Գևորգյանը Ռամիլ Սաֆարովի գործով ՄԻԵԴ-ի Պալատի վճիռը բողոքարկել են Մեծ Պալատին. այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Սիրանուշ Սահակյանը:

«2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ: Եվրոպական դատարանը գտավ, որ դաժան հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և արձանագրեց հայերի հանդեպ էթնիկ խտրականության Ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:

​Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը և Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետևություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով: Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային:​

Նկատի ունենալով այս գործի իրակավան կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել