Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններն ընդլայնող նախագծերի փաթեթը ստացավ ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը |hetq.am|
12:45 - 08 սեպտեմբերի, 2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններն ընդլայնող նախագծերի փաթեթը ստացավ ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) լիազորությունները:

Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ում խոսքով` այն հակակոռուպցիոն ոլորտում իրականացված քայլերի տրամաբանական շարունակությունն է: Հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ  ամբողջական պատկերացում կազմելու նպատակով առաջարկվում է ներդնել նոր` ծախսերի հայտարարագրման համակարգ, որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում պաշտոնատար անձը պարտավորվում է հայտարարագրել այն, եթե նման ծախսի միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն դրամը, օրինակ վարձակալության ծախսեր, ուսման վարձավճարներ, հանգստի համար ծախսեր և այլն:

Հայտարարագրման ենթակա է սահմանվում նաև փաստացի տիրապետվող գույքը: Գույք, որը սեփականության իրավունքով չի պատկանում պաշտոնատար անձին, սակայն վերջինիս կողմից վերահսկվում է, բացառություն է կազմում ծառայողական ավտոմեքենան:

Պաշտոնատար անձի` պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում եկամուտների էական փոփոխություններից հետո, ԿԿՀ-ն իրավասու կլինի պահանջել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:

Նախարարի ներկայացրած մյուս փոփոխության առաջարկն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորություն է ստանալու դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:

Հանձնաժողովի անդամ պատգամավորները հետաքրքրվեցին հայտարարատու անձանց ցանկի ընդլայնումից` հարցնելով, թե ինչու են նաև ավագանու անդմաները ներառվել այդտեղ(15000բնակչություն ունեցող համայնքների): Պատգամավորները հիշեցրին, որ ավագանու անդամները չվարձատրվող աշխատանք են կատարում և նրանց վրա չի տարածվում աշխատանքի անհամատեղելիության պահանջ, ինչպես պատգամավորների դեպքում է: Պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ նման կարգավորումների դեպքում շատերը պարզապես չեն ցանկանա ավագանու անդամ  լինել:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքեց` ավագանու անդամները կարևոր լիազորությամբ են օժտված, օրինակ համայնքային նշանակության հողտարածքների նշանակությունը կարող են փոխել, և անհրաժեշտ է, որ նրանք ևս եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Նախարարը նաև հավելեց, որ փաթեթը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում է, և ուղղված է նրան, որ ապագայում ներդրվի համատարած հայտարարագրման մեխանիզմը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ ասաց` եթե որևէ անձ եկամուտների հայտարարագրի պատճառով չի ցանկանալու ավագանու անդամ ընտրել, ուրեմն ավելի լավ կլինի, որ նման անձ ավագանու պաշտոն չզբաղեցնի: Նախագծերի փաթեթը ներկայացվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել