Ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել
 |lragir.am|
12:39 - 08 սեպտեմբերի, 2020

Ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել |lragir.am|

lragir.am: Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ֆինանսական կազմակերպությունները ևս անմասն չեն մնացել համավարակի բացասական ազդեցությունից, ինչը, սակայն, այս պահին չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը։ Ֆինանսական կազմակերպությունների կապիտալը և իրացվելիության մակարդակն այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում նաև այս ճգնաժամին դիմագրավելու համար»,- ասաց Մարտին Գալստյանը։

Վարկեր-ավանդներ հարաբերակցությանն անդարադառնալով՝ ԿԲ նախագահն ասաց, որ ՀՀ-ում ավանդները մշտապես սինխրոն կերպով բարձրացել են վարկերին զուգընթաց։

«Բայց այս վերջին ճգնաժամով պայմանավորված՝ ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել։ Այստեղ մի մտավախություն ունենք, որ եթե այս առողջապահական իրավիճակը մի քիչ ավելի երկար տևի, քան մենք ակնկալում ենք, և ֆիրմաների ու տնային տնտեսությունների եկամուտները չվերականգնվեն, ապա հնարավոր է՝ վարկերը նույնպես աճի տեմպի դանդաղում արձագրեն»,- հավելեց նա։

Կենտրոնական բանկի նախագահը նաև նշեց, որ խնդրահարույց կամ դասակարգված վարկերի ծավալն այս պահին ընդհանուր վարկային պորտֆելում 6,3 տոկոս է կազմում։ «Այստեղ ուզում եմ նշել, որն մեր գնահատականներով համավարակով պայմանավորված վարկային արձակուրդները, վարկառուների եկամուտների նվազումը կարող են հանգեցնել իրավիճակի, երբ այս ցուցանիշը կբարձրանա։ Չեմ կարող ասել՝ դա այս տարի կլինի, թե ավելի ուշ։ Նույնիսկ կարող է այս ցուցանիշն ավելի բարձր լինել, քան 10 տոկոսը»,- ասաց նա։

Ըստ ԿԲ նախագահի՝ արտակարգ դրության պայմաններում բանկերն ու մյուս ֆինանսական կազմակերպություններն առանց խախտումների իրականացրել են իրենց հաճախորդների սպասարկումը։ «Բանկերն իրենց նախաձեռնությամբ, ինչը շատ կարևոր է, հաճախորդներին տրամադրել են որոշակի վարկային արձակուրդներ։ Ֆինանսավորման աղբյուրների սղության պայմաններում բանկերը շարունակել են տնտեսության վարկավորումը, այդ թվում՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացնումը»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել