Կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս տեսնեն զարգացող բնակավայր թիկունքում. Փաշինյան

 |armenpress.am|
19:35 - 07 սեպտեմբերի, 2020

Կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս տեսնեն զարգացող բնակավայր թիկունքում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս իրենց թիկունքում տեսնեն զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող, մշակույթով ապրող թիկունք: Փաշինյանն այս մասին ասաց Տավուշի մարզի Բերդ համայնքում «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման իր ելույթում:

Փաշինյանը նշեց՝ այսօրվա բոլոր միջոցառումները նպատակ ունեն գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի, Բերդ խոշորացված  համայնքի հերոսական ժողովրդին: «Հուլիսյան հաղթական մարտերը իհարկե կերտել են մեր զինվորականները, բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք է հանդիսացել Բերդի, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը: Եվ շատ կարևոր է ասել, որ մենք այսօր կարող ենք անել արձանագրումներ մի քանի առիթներով՝ օգտագործելով աննախադեպ բառը՝ ցույց տալու համար, որ ընդհանրապես հաղթանակներն ամենատարբեր մասշտաբների, օդից չեն ընկնում, դրանք ինչ-որ հավաքականության, ինչ-որ հետևողականության արդյունք են»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ Չինարի սահմանապահ համայնքում ՀՀ անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել:  Այսօր Չինարիում զրոյից կառուցվում է բնակելի տուն՝ կառավարության նախաձեռնությամբ, և այն մինչև տարեվերջ կհանձնվի բազամազավակ, տասը հոգանոց ընտանիքի՝ ընդ որում մինչև վերջ կահավորված: Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Մովսես գյուղն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող  ճանապարհ:

«Ներքին Կարմիրաղբյուր գյուղը անկախությունից ի վեր երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Ներքին Կարմիրաղբյուր գյուղը համայնքին հանրապետական նշանակության ճանապարհին կապում է նորակառույց ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհը: Եվ հույս ունենանք, որ մինչև տարեվերջ Ներքին Կարմիրաղբյուրը կունենա մի ժամանակակից զբոսայգի, որը կփոխի Ներքին Կարմիրաղբյուրի մթնոլորտը: Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել: Այսօր Այգեպարի բոլոր փողոցներն ասֆալտապատվում են և հրետակոծությունից տուժած տանիքները փոխվում են, և դրանք փոխում են բնակավայրի գույնը: Այս ամենը ոչ միայն տավուշցիների, այդ գյուղերի համար ենք անում: Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին, և ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր՝ իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Տանիքներն առավել կարևոր են դիրքերում կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք և տեսնեն նաև մշակույթով ապրող թիկունք»,-ասաց վարչապետն ու հիշեցրեց համերգի խորագիրը՝ «Մշակույթը՝ թիկունք»:

Վարչապետը նշեց՝ այսօրվա շրջայցը պատկերում է համայնքներում, գյուղական բնակայրերում մարդկանց նոր ապրելակերպի, նոր կենսակերպի մասին կառավարության տեսլականը: «Չի հիշվում, թե դասական երաժշտության համերգ երբ է վերջին անգամ եղել Բերդում, բայց մենք ուզում ենք, որ այսպիսի համերգներ անընդհատ լինեն այստեղ: Մենք ընդ որում ուզում ենք, որ այսպիսի համերգները լինեն ոչ միայն հրավիրատոմսերով, մենք ուզում ենք, որ Բերդում, տարբեր համայնքներում լինեն տոմսարկղեր և մարդիկ հերթ կանգնեն այդտեղ, ունենան վճարունակությունը և վճարեն այս կարգի համերգներին ներկա գտնվելու համար»,-ասաց Փաշինյանը:

Բերդ խոշորացված համայնքի հայրենակիցներին դիմելով՝ վարչապետը շնորհակալություն հայտնեց: «Շնորհակալություն, որ այսպես ամուր պահում եք բանակի թիկունքը և այսպես ամուր պահում եք մեր երկրի սահմանը, առաջին հերթին՝ հոգեբանորեն, հոգեբանական սահմանը»,-ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել