Կարևոր է, որ կարողանանք պետության և քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձևակերպել․ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի սահմանապահ համայնքներ
18:42 - 07 սեպտեմբերի, 2020

Կարևոր է, որ կարողանանք պետության և քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձևակերպել․ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի սահմանապահ համայնքներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:

Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ եղել են Չինարի համայնքում, որտեղ հանդիպել են տեղի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել սահմանապահ համայնքի բնակիչներին` հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հուլիսյան հաղթական մարտերի կապակցությամբ: Որովհետև, ճիշտ է, Զինված ուժերն են մեր հաղթանակի կերտողը, բայց նրանք եթե չիմանային, որ իրենք ամուր թիկունք ունեն, այդքան ուժեղ և դուխով չէին լինի: Նախ դրա համար շնորհակալություն:

Երկրորդն էլ, այո՛, մեր վերաբերմունքն այն է, որ այս իրավիճակներում պետությունը պետք է կարողանա իր պարտավորությունները հստակ կատարել: Մեր պետական աջակցությունն ընդհանրապես պետք է կազմակերպենք այնպես, որ մարդկանց ոչ թե զրկի որևէ բան անելու մոտիվացիայից, այլ հակառակը՝ քաջալերի: Որովհետև հիմա, այսպես ասած, «բարեգործական» տրամաբանությունը շատ հաճախ վնասակար է: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պետության և քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձևակերպել՝ ի՞նչն է պետության պարտավորությունը, ի՞նչն է քաղաքացու պարտավորությունը: Մենք պետք է արձանագրենք մի բան, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր խնդիրները լուծելու ձևը աշխատանքն է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքը փորձի աշխատանքով իր տված պատասխանատվության շրջանակում իր հարցը լուծել: Եվ այստեղ էլ պետք է պետությունը քաղաքացուն աջակցի, քաղաքացին էլ` պետությանը: Եթե պետությունը բոլոր խնդիրների լուծումը գցում է քաղաքացու վրա, կամ քաղաքացին է բոլոր խնդիրների լուծումը գցում կառավարության վրա, դա նշանակում է, որ ոչ մի խնդիր չի լուծվում: Եվ մեր հիմնական տրամաբանությունը պետք է սա լինի, որ պետք է կառավարությունը լինի քաղաքացու կողքին, քաղաքացին էլ պետք է լինի կառավարության կողքին: Կառավարությունը իր պարտավորությունները պետք է գրանցի, ճանաչի և իրականացնի: Քաղաքացին էլ, իր հերթին, պետք է իր պարտավորությունները կատարի, գրանցի և իրականացնի»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իհարկե, առանձնահատուկ քաղաքականություն պետք է լինի սահմանապահ գյուղերի նկատմամբ: «Այսօր մենք ի՞նչ ենք արձանագրում՝ 90-ականներից առաջին անգամ Չինարի գյուղում զրոյից, հիմքից տուն է սարքվում: Ու չպետք է նայեք այնպես, որ իմը չի սարքում, ուրիշինն է սարքում: Դրա համար մեր կարգախոսն ի՞նչ է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»»,- նշել է վարչապետը:

Խոսելով սահմանապահ գյուղերի համար ստեղծվող հնարավորությունների մասին` կառավարության ղեկավարն ասել է, որ փոփոխություն է կատարվել այստեղ աշխատող կանանց համար. վերջիններս երեխա ունենալու պարագայում ամսական կստանան 50000 դրամ՝ որպես երեխայի խնամքի վճար, իսկ չաշխատող մայրերը՝ 26000: «Վերջին տարիներին ինձ համար Չինարի գյուղն օրինակ է եղել: Մեր խնդիրն այն է, որ անցած տարի արտահանված 600 տոննա թուզը դառնա 6000 տոննա: Հողի մեջ է ձեր հարցերի լուծումը: Մենք խնդիր ունենք, որ ձեր թզի այգիները ձեզ համար դառնան փող տպելու մեխանիզմ»,- ասել է վարչապետը:

Համայնքապետը տեղեկացրել է, որ թզի մթերման խնդիրը նույնպես լուծվել է, այն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:

Հավելելով, վարչապետն ընդգծել է, որ հուլիսյան հաղթանակը պետք է դարձնել Չինարիի վերածննդի և ընդհանրապես սահմանապահ գյուղերի վերածննդի հարց: «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարևոր իմաստը: Որովհետև հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանն այցելել են Չինարիի բնակիչներից մեկի նոր տան կառուցման շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Տունը հակառակորդի հրետակոծությունից ավերվել էր ամբողջությամբ, և կառավարության հատկացրած միջոցներով այժմ կառուցվում է վեց սենյականոց նոր տուն` իր ապաստարանով:

Բացի այդ, Չինարիում արդեն իսկ ավարտվել են 12 բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք ևս տուժել էին հրետակոծությունից:

Այնուհետև վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մովսես համայնք: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հանդիպմանը բնակիչների հետ քննարկվել է գյուղում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը: 300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է: Վարչապետն ընդգծել է` իր գլխավորած կառավարության նպատակն է` Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության հրապարակից մինչև Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանապահ Այգեպարում, որը վերածվել է մեծ շինհրապարակի։ Այստեղ հիմնանորոգվում կամ ամբողջովին վերակառուցվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները, որոնց թիվը հասնում է երեք տասնյակի, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա սշխատանքով։ Նրանք շնորհակալություն են հայտնել վարչապետին և կառավարությանը` իրականացվող լայնածավալ աշխատանքների համար, ինչը լուծում է ոչ միայն իրենց բնակարանային, այլև աշխատատեղերի խնդիրը:

Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնել այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։ Նիկոլ Փաշինյանին և տիկին Հակոբյանին են ներկայացվել նաև Այգեպարի դպրոցի նոր ապաստարանի կառուցման աշխատանքները:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» անունը կրող պուրակ-խաղաղահրապարկի կառուցման և հրետակոծությունից վնասված 8 բնակարանների վերանորոգման աշխատանքներին: Այստեղ նույնպես ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքները. տեղի բնակիչների ներգրավմամբ վերանորոգվում են տների վնասված տանիքները, պատերն ու լուսամուտները:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ եղել է նաև Բերդի ամրոցում, որտեղ իրականացվում են պեղումներ: Ակնկալվում է, որ ամրոցն առաջիկայում կդառնա Բերդի զբոսաշրջային կենտրոններից մեկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել