Ամուլսարի տարածքում այս գիշեր դարձյալ լարված իրավիճակ է եղել։  Բնակիչների պնդմամբ՝ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին։ Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։

Ամուլսարի պահապան, ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, տեղի ոստիկանները Ամուլսարի պահապաններից մեկին դուրս են բերել տարածքից՝ ուշագնաց վիճակում։

Ընկերության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ պահապններն են ներխուժել իրենց պատկանող տարածք ու քարեր նետել իրենց գույքի, պահնորդական ծառայության աշխատակիցների վրա։ Սրա վերաբերյալ նաեւ 37 վայրկյան տեւողությամբ տեսանյութ են հրապարկել՝ հայտնելով, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը։ 

Թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել Քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

- Պարոն Նահապետյան, այս գիշեր Ամուլսարում դարձյալ լարված իրավիճակ էր, տեղի բնակիչների պնդմամբ՝ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները, սադրանքի դիմելով, ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին, եւ սա այն պարագայում, երբ պահնորդական այս ընկերությունը ծառայություն է իրականացնում ընդամենը մի քանի օր։ Ի վերջո ո՞րն է այս իրավիճակի հիմնական պատճառը, ինչո՞ւ է իրավիճակը պարբերաբար լարվում։ 

- Դեռեւս օգոստոսի 6-ին Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նկարագրել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն ու տվել գնահատական, որ այս իրադարձությունները տեղի են ունենում կազմակերպված սադրանքների ռազմավարության շրջանակում։ Այսինքն՝ Ամուլսարը շահագործելու ցանկություն ունեցող ընկերությունները (ընկերությունները, որովհետեւ «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատերերի փոփոխություն է տեղի ունեցել, պարտքատերերը հիմա սեփականատերեր են դարձել), եւ պարտքատերերն իրենց գումարը հետ ստանալու նպատակով նշակել են սադրիչ ռազմավարություն, որի մաս է կազմում պահնորդական ծառայությունը, նրանք այդ սադրանքների գործիքն են։ Բնականաբար, երբ պահանջ էր հնչեցվում, որ արդեն իսկ սադրանքներ կատարած պահնորդները հեռացվեն, մենք միամիտ չենք եղել եւ չենք մտածել, որ նոր պահնորդները կգան, փողկապներով ու արիստոկրատ վերաբերմունքով կմոտենան խնդրին։ Մեզ համար այդ պահանջի իմաստը եղել է այն, որ սադրանքներ իրականացնողն արժանանա իր պատժին, իսկ հետո պատվիրատուները եւս այդ առումով հետեւություններ անելու խնդիր ունենան։ Հիմա պահնորդական նոր ծառայությունը եւս շարունակում է սադրանքների ռազմավարությունը։ Որովհետեւ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Եւ սա տեղի է ունենում կառավարության լռության եւ ամենաթողության ֆոնին, եւ կառավարությունը պիտի գիտակցի, որ այսպիսի գործելաոճը վաղ թե ուշ հանգեցնելու է արյունահեղության, որովհետեւ, անկախ նրանից, որ մարդիկ որդեգրել են խաղաղ պայքարի գործելաոճը, օր օրի այնտեղ տեղի են ունենում բաներ, որոնց խաղաղ պատասխանելու համար կամային մեծ հատկություններ են անհրաժեշտ, իսկ մի պրոցեսում, որտեղ հարյուրավոր մարդիկ են ներգրավված, փաստ չէ, որ բոլորը կկարողանան դրսեւորել կամային այդպիսի հատկություններ։

- Գիշերը տեղի ունեցածի պարագայում, ինչպես բնակիչներն են հայտնում, ամեն ինչ սկսվել է սովորական լեզվակռվից։ Դուք տեղեկություն ունե՞ք կատարվածից։

- Դա այս գործընթացի ամենահետաքրքիր մասն է, ու պահնորդների ամենալկտի դրսեւորումը։ Իմ տեղեկություններով՝ տեղի է ունեցել հետեւյալը․ քաղաքացիներից մեկը, որպես ժեստ բարեւել է, որ թեեւ մենք բարիկադի տարբեր կողմերում ենք եւ տարբեր խնդիրներ ենք փորձում լուծել, այնուհանդերձ թշնամիներ չենք։ Բարեւին ի պատասխան՝ պահնորդները, հավանաբար հրահանգավորված կերպով, արհամարհական շրջվել են մեջքով դեպի բարեւող մարդը, վերջինս էլ ասել է՝ եղբայրներ, թշնամիներ չենք, հակամարտող ազգեր չենք, որ բարեւում ենք, գոնե պատասխանենք, հարաբերությունները գոնե բարեւի մակարդակում պահենք։ Նրան շատ կոպիտ վիրավորական ձեւակերպմամբ ասել են, որ հեռանա, որին ի պատասխան՝ քաղաքացին, էլի հասկանալով, որ դա սադրանք է, առանց որեւէ վիրավորանքի՝ հարցրել է՝ ինչի՞ եք էդպես ասում, ես բարեւ եմ տալիս, դուք ո՞նց եք էդպես պատասխանում, դրան ի պատասխան՝ պահնորդներն էլի են կրկնել իրենց ասածը, քաղաքացին դարձյալ ասել է, որ էդպես չի կարելի, որից հետո արդեն պահնորդները շատ կոպիտ, արժանապատվությունը նվաստացնող հայհոյանք են հնչեցրել, որին, քաղաքացին, ամենայն հավանականությամբ պատասխանել է։ Հետո պահնորդները հարձակվել են քաղաքացու վրա, ծեծելով ներս են քաշել ընկերության տարածք, երկու այլ քաղաքացի փորձել են խոչընդոտել, նրանց եւս ներս են քաշել տարածք։ Ոստիկանության ծառայողները փորձել են միջամտել, նրանց եւս բաժին են հասել հարվածներ, կամ առնվազն հրմշտոց, այդպիսով խոչընդտվել է նաեւ ոստիկանների օրինական աշխատանքը։ 

- Ընկերության ներկայացուցիչները պնդում են, թե պահնորդներն իրենց գործառույթն են իրականացրել։

- Ես պիտի շատ հստակ արձանագրեմ, որ պահնորդական ծառայության գործունեությունը միտված պետք է լինի հասարակական կարգի պահպանությանը եւ սպառնալիք չդառնա հասարակական կարգի պահպանության համար։ Եւ պահնորդական նախորդ ծառայության լիցենզիան չեղարկելու հիմքերից մեկը հենց այս դրույթն է եղել, որ հասարակական կարգին ու անվտանգությանը սպառնալիք է առաջացել։ Եւ հիմա եւս այս կազամկերպությունը հասարակական կարգին, անվտանգությանը, բարքերին սպառնալիք է հանդիսանում, բարեւի ավանդույթ գոյություն ունի ի վերջո, բարեւող մարդուն հայհոյանքով չեն պատասխանում։ Ու այս ծառայությունը եւս պետք է հեռացվի՝ արդեն իր պատվիրատուների հետ միասին։

- Դուք համաձա՞յն եք բնակիչների այն կարծիքին, որ սա «Լիդիան Արմենիա»-ի ու պահնորդական ծառայության միանշանակ որդեգրած քաղաքականությունն է։

- Առաջին դեպքը կարող է լինել պատահականություն, բայց ես երկրորդ անգամ նույն ոճի պատահականության չեմ հավատում։ Եթե, օրինակ, նախորդները անկիրթ մարդիկ էին, կամ իրենց ղեկավարն էր վատը, եւ այլն, երկրորդ անգամ նույն պատճառը չի կարող լինել։

Հիշեցնենք, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել էր 37 վայրկյան տեւողությամբ տեսանյութ՝ կից գրառմամբ՝ ըստ որի՝ երկու անձինք քարեր են նետում ընկերության տարածքում՝ դեպի պահնորդական ծառայություն իրականացնողները։

Ընկերությունից, սակայն հրաժարվեցին տրամադրել պահնորդական ծառայության անվտանգության տեսախցիկների ամբողջական տեսագրությունը՝ պատճառաբանելով՝ անվտանգության հարց է։

Թե ինչ անվտնագության մասին է խոսքը՝ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարգարիտա Ափրոյանը չմեկնաբանեց՝ նշելով միայն՝ եթե անհրաժեշտ լինի, տեսագրությունները կտրամադրեն ոստիկանությանը։ 

Հայարփի Բաղդասարյան