Ամուլսարում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել էր 37 վայրկյան տեւողությամբ տեսանյութ՝ կից գրառմամբ՝ ըստ որի՝ երկու անձինք քարեր են նետում ընկերության տարածքում՝ դեպի պահնորդական ծառայություն իրականացնողները։

Ընկերությունից, սակայն հրաժարվեցին տրամադրել պահնորդական ծառայության անվտանգության տեսախցիկների ամբողջական տեսագրությունը՝ պատճառաբանելով՝ անվտանգության հարց է։

Թե ինչ անվտնագության մասին է խոսքը՝ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարգարիտա Ափրոյանը չմեկնաբանեց՝ նշելով միայն՝ եթե անհրաժեշտ լինի, տեսագրությունները կտրամադրեն ոստիկանությանը։ 

Ափրոյանը չպատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե ոստիկանություն իրենց ներկայացրած հանցագործության մասին հաղորդման մեջ արդյոք նույն տեսագերությո՞ւնն է կցված, թե՞ ամբողջականը։ Հարցին չպատասխանեց նաեւ ընկերության իրավաբան Խորեն Նասիբյանը՝ պնդելով, թե՝ չի հիշում։

Մեր դիտարկմանը, որ տեսանյութն ակնհայտորեն կիսատ է եւ մոնտաժված՝ «Լիդիան Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն մեկնաբանեց, որ հենց այդ հատվածում է երեւում՝ Ամուլսարի պահապանները ինչպես են ներխուժում իրենց օրինական տարածք, մոնտաժի այլ պատճառ, նրա վստահեցմամբ, չկա։

Ափրոյանի պնդմամբ՝ իրենք ներկայացրել են իրականությունը, իսկ մեր դիտարկմանը, որ կասկած հարուցող հարց է առաջանում՝ կարճ այդ տեսանյութում երեւացողից առաջ ի՞նչ է կատարվել, մեր զրուցակիցն արձագանքեց՝ եզրակացություններ անելու հարցում ազատ ենք․

«Ներկայացված է այն հատվածը, որը պատճառ է դարձել հետագա իրադարձությունների։ Եթե Ընկերությունը հարկ համարի այսօր հրապարակված տեսանյութից ավելին հրապարակելու՝ կտրամադրի բոլոր լրատվամիջոցներին»,- եզրափակեց Ափրոյանը։

Հիշեցնենք, Ամուլսարի տարածքում այս գիշեր դարձյալ լարված իրավիճակ է եղել։  Բնակիչների պնդմամբ՝ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին։ Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։

Ամուլսարի պահապան, ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, տեղի ոստիկանները Ամուլսարի պահապաններից մեկին դուրս են բերել տարածքից՝ ուշագնաց վիճակում։

Լուսանկարը՝ Հետք-ի

Հայարփի Բաղդասարյան