Կառավարության իրավական քաղաքականությունը ձախողման եզրին է հասցրել մեզ, եւ եթե քայլեր չձեռնարկվեն, ապա հետեւանքները բոլորիս համար ցավալի են լինելու։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը;

Նրա խոսքով՝ վերջին քսան տարիներին իշխանության ամբողջատիրական համակարգի ձեւավորումը եւ իրականացումը դադարեցրած՝ 2018 թվականի հեղափոխական իրադարձություններից հետո, կարծես, մեկնարկեցին գործընթացներ, որոնք, ի թիվս այլ խնդիրների, պետք է լուծեին նաեւ կոռումպացված եւ տարիներ շարունակ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ ի նպաստ խմբային շահերի գործադրված պետական համակարգերի, այդ թվում՝ դատական համակարգի խնդիրները, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունն անկարող է իրականացնել բովանդակային եւ հետեւողական իրավական քաղաքականություն․

Փաստաբանի համոզմամբ՝ այդ անկարողությունը դրսեւորվում էր իրավական համակարգի խորքային, համակարգված եւ հետեւողական բարեփոխման իրական ծրագրի եւ դրա իրագործման բացակայությամբ, առանցքային պետական մարմինների վերակազմավորման կամ կազմավորման, դրանց սահմանադրական եւ օրենսդրական առաքելությանը հավատարիմ գործունեության ապահովման ձախողմամբ, կադրային անբովանդակ քաղաքականությամբ՝ ինչպես լայն, այնպես էլ առանձին կարեւորության պաշտոնների մակարդակում՝ նեղ իմաստով։

«Այս անկարողությունը կամ կամքի բացակայությւոնը դրսեւորվում է ՀՀ ժողովրդավարական եւ իրավական պետություն սահմանդարական բովանդակությունն այլասերած եւ տապալած առանցքային նշանակության գործերով իրական եւ խորքային վերանայման եւ արդյունավետ քննության իրականացման ձախողմամբ։ 

2018-ի հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործերով վերջապես սկսվեց իրական քննություն, որը կարճ ժամանակում ի հայտ բերեց այն աներեւակայլեի պատկերը, որը տասը տարի շարունակ հետեւողականորեն նկարագրվում եւ բացատրվում էր՝ ինչպես իրավական գործընթացներում, ներպետական եւ վերպետական ատյաններում, այնպես էլ քաղաքական գործընթացներում։ Պարզվեց, որ պետությունը, պետական իշխանությանն ամբողջապես տիրած խմբերն ու անհատները կազմակերպված եւ հետեւողականորեն պետական իշխանության տարբեր ճյուղերի ներգրավմամբ եւ դրանց իշխանության իրագործմամբ խեղաթյուրել են իրականությունը եւ խմբային շահերի սպասարկմանը ծառայեցրել մի ամբողջ ժողովրդի պատկանող իշխանություն եւ պետության ինքնիշխանությունը»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Եգորյանը։

Նրա խոսքով՝ պարզվեց, որ այդ նպատակի համար չի դրվել միջոցների խտրություն, այդ նպատակով խախտվել է Սահմանադրությունը, խեղվել եւ սպանվել են մարդիկ, խեղաթյուրվում է ճշմարտությունը եւ պատմությունը, կեղծվել են փաստերն ու ապացույցները, դատապարտվել են այլախոհները եւ հակառակորդները․

«Մարտի մեկի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է շուրջ 113 անձ՝ խաղաղ հավաքների մասնակցության համար։ Հեղափոխությունից հետո ընդամենը 15 գործով վերանայում եւ արդարացում է եղել, որով վճռաբեկ բողոքները դատախազության կողմից միայն 2019 թվականի առաջին կեսին են ներկայացվել, դրանից հետո դատախազությունն այս կապակցությամբ լռում է։ Մարտի 1-ի իրադարձությունների խորքային իրավական եւ քաղաքական անդրադարձ, գնահատական եւ հետեւողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում, ընկալման եւ գիտկացման բացը, արդյունավետ իրավական քաղաքականություն իրականացնելու կամքի բացակայությունը կամ նման կամքի ձեւավորման անկարողությունն ավելի ակնբախ դարձան, երբ 2018-19 թվականներին ՄԻԵԴ-ը հրապարակեց Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ գործերով եւ մարդկանց բռնաբարված իրավունքների վերաբերյալ այլ գործերով կարեւոր վճիռներ, որոնք մեծ մասով մնացին անհետեւանք»։

Ինչպես նշեց Տիգրան Եգորյանը՝ Մարտի 1-ի իրավական, անհետեւողական եւ բովանդակային ոչ բավարար խորությամբ քաղաքականության դրսեւորումները տեսանելի էին հետեւյալ իրադարձությունների կապակցությամբ․ 

երբ դատարան ներկայացվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրանքը այն պայմաններում երբ չէին վերանայվել իրենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներն իրականացրած եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման ու մասնակցության համար ապօրինի դատապարտված անձանց դատավճիռները,

երբ ներկայացվեց ոչ լիարժեք մեղադրանք՝ բաց թողնելով առանցքային հարցեր, որոնք վերաբերում էին ժողովրդի իշխանության յուրացմանը, սպանությունների կապակցությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մեղքի դիտավորությանը եւ այլն,

երբ մեղադրանքի ներկայացումից ի վեր որեւէ էական առաջընթաց չկա «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ ապօրինի դատապարտված անձանց դատավճիռների վերանայման հարցում,

երբ առնվազն 20 տարիների ընթացքում կոռուպցիայով, մարդու իրավունքների դեմ եւ հակաժողովրդավարական գործունեությամբ իրեն արատավորած դատական համակարգի այդ խարանը մաքրելու ուղղությամբ որեւէ գործնական քայլ չկատարվեց եւ մսխվեցին 2018-2019թթ․ ՄԻԵԴ-ի վճիռները եւ դրանցով ընձեռնված հնարավորությունները։ Դեռ ավելին՝ օրենսդրական բարեփոխումների անվան տակ արգելափակվեց այդ վճիռների համար պատասխանատու դատական համակարգի առանձին օդիոզ դեմքերից ազատվելու հնարավորությունը,

երբ «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չէր դրսեւորում բավարար կամք եւ ջանադրություն քրեական հետապնդումները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից կամ նրանց «ընծայվում» էր հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից (Վահագն Հարությունյան),

երբ «Մարտի 1-ի» գործի առանձին բաղադրիչներով՝ ինչպիսիք են Ռ․ Քոչարյանին ապօրինի կալանքից ազատած եւ գործը կասեցրած դատավոր Դ․Գրիգորյանի որոշումների վերաբերյալ գործը, կալանքի վերաբերյալ ապօրինի որոշումները կայացրած դատավորների՝ այդ գործերով որպես անկողմնակալ եւ անաչառ դատավոր հանդես գալու թույլատրելիության հարցով դադատախազությունը չի դրսեւորվում իրական հետեւողականություն եւ սկզբունքայնություն, միմյանց հետ փոխկապակցված գործերով չի իրականացվում միասնական հսկողություն եւ տվյալների արդյունավետ պարզման ու իրացման գործունեություն․

երբ պետական մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության փոխարեն շատ դեպքերում հակազդման կամ սաբոտաժի դրսեւորումներ են ի հայտ գալիս, ինչպես օրինակ անհետացած փաստաթղթերի դեպքում, Վահագն Հարությունյանի կալանքի գործով վճռաբեկ բողոքի դեպքում, Արմեն Թավադյանի կալանքի պարագայում Ալիկ Ազարյանի ինքնաբացարկին չմիանալու,

երբ մինչ օրս որեւէ կերպ չի դրսեւորվում ոչ ոստիկանության, ոչ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «Մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողներ կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց եւ այդ կապակցությամբ չկա որեւէ արդյունավետ միջոց,

երբ երկու տարի շարունակ ձախողվում է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը,

երբ չեզոքությունը որպես չափանիշ սկսում է կիրառվել այն բովանդակությամբ, որ ամբողջատիրական իշխանության գործիքները դիտարկվում են որպես ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների համար պայքարելու միակ եւ արժանի ռեսուրս,

երբ մեզ սկսեցին պատմել այն մասին որ դատական իշխանության մաքրում հնարավոր չէ Սահմանադրության պատճառով կամ եվրոպական կառույցների բացասական արձագանքների հնարավորության պատճառով,

եւ այլն։

Այն պարագայում երբ դատական համակարգը մաքրելու ուղղությամբ չկատարվեց ոչինչ եւ դրանում առանձին խմբավորումներ, զգալով իշխանության անկարողությունն, սկսեցին վերադիրքավորվել ընդդեմ այն նույն արժեքների, որոնց դեմ արդյունավետորեն պայքար է մղվել նախորդ 20 տարիների ընթացքում, ակնհայտ էր, որ «Մարտի 1-ի» գործի քննությունը մեկ առանձին դատավորի ուսերին թողնելը այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է։ Այսօր դատական համակարգը չի կարող մարսել նման ընդգրկուն գործ։ Դատական համակարգի նախորդ երկու տասնամյակների գործունեության արդյունքն ու որակը դրա ամենացայտուն ապացույցն են։

Այս ձախողումները հետեւանք են Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարական եւ իրավական պետության սահմանադրական բովանդակությունը խորությամբ չընկալելու, այդ կարեւորագույն հարցերի վերաիմաստավորման, այդ բովանդակության դեմ ուղղված նախորդ ամբողջատիրական ռեժիմի գործունեությունը իրավական եւ քաղաքական խորքային քննարկման եւ գնահատման ենթարկելու եւ դրա շարունակվող կործանարար ազդեցությանը հետեւողականորեն եւ արդյունավետորեն հակազդելու կամքի ձեւավորման կարողության բացակայության։

Առհասարակ «Մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն ն են, որոնք հանդիսանում եւ առաջիկայում հանդիսանալու են ցուցիչ դատական եւ իրավական բարեփոխումների, կամ առավել ընդգրկուն՝ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական եւ իրավական պետություն բովանդակությունը սպասարկող իրավական քաղաքականության գնահատման համար։ Իհարկե, այդպիսի գործեր են նաեւ տարիներ շարունակ եւ այժմ շարունակվող ունեզրկման զոհերի գործերը, կյանքի իրավունքին (սպանված զինծառայողների գործերը), խոսքի եւ հավաքների իրավունքներին եւ մի շարք այլ իրավունքներին վերաբերող գործեր, որոնք դարձել են եւ շարունակում են մնալ խարան ՀՀ համար։

Այս գործերը եւ դրանցով զարգացումները հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ընթացիկ եւ իրական վիճակը, շարժման ուղղությունը։

Այժմ երբ նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության եւ ֆարսի, դատարանի բակում եւ դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների եւ իրավունքների դեմ եւ արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը։

Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների»։