hetq.am: Ճապոնիայում իշխանությունները հրամայել են մերձափնյա քաղաքներից տարհանել ավելի քան 200 000 մարդու։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Երկրի ուղղությամբ շարժվում է «Հայշեն» սուպեր թայֆունը։ Տարերքին պատրաստվում են նաև ռուսական Պրիմորյեում և Կորեական թերակղզում։

«Հայշեն» թայֆունը, որը մի քանի օր է շարժվում էր Ճապոնիայի հարավային կղզիների ուղղությամբ, սեպտեմբերի 6-ին էականորեն ուժեղացել է։ Այն ճապոնական ափին է հասել Երևանի ժամանակով 14:00-ին, իսկ հարավային կղզիների բնակչության մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Ինչպես սպասվում է երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին այն կհասնի Հարավային Կորեա։

«Հայշեն» թայֆունը դասվում է սուպերթայֆունների շարքին։ Դրա կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 80 մետրի կամ 290 կմ/ժամ։ Ռուսական Պրիմորյե թայֆունը ևս կհասնի սեպտեմբերի 7-ին կամ 8-ին։ Այնտեղ բարձր պատրաստականության են բերվել Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը։ Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի կառավարությունը անց է կացրել արտակարգ նիստ և ընդունել տարերքի հետևանքները վերացնող գործողությունների պլան։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ ուժեղ թայֆունն է, որը վնաս է հասցրել Ճապոնիային։ Մի քանի օր առաջ ճապոնական ափերի մոտ էր «Մայսակ» թայֆունը, որը դարձել էր վերջին մի քանի տարիների ընթացքում շրջանին ամենամեծ վնաս հասցրած փոթորիկներից մեկը։ «Մայսակի» պատճառով Ճապոնիայի մի քանի շրջաններում փակվել էին դպրոցները և դադարել գործել գնացքները։ Չեղարկվել են հարյուրավոր ավիաթռիչքներ։ 

Թայֆունը վնաս էր հասցրել նաև Հյուսիսային Կորեային։ Ինչպես հայտնում են հյուսիսկորեական տեղական լրատվամիջոցները, թայֆունին զոհ է դարձել մի քանի տասնյակ մարդ։ Աշխատավորական կուսակցության պաշտոնական թերթում չի նշվում զոհվածների հստակ թիվը, սակայն տեղի պաշտոնյաները մեղադրվում են նրանում, որ իրավիճակը թողել են բարձիթողի վիճակում և չեն հետևել կուսակցության պաշտոնական գծին։ Նշվում է, որ նրանք պատժի կենթարկվեն։

Շարունակությունը՝ hetq.am-ում