Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի վետերանը ծրագրեր ուներ նաեւ ՀՀ-ում. ԱՄՆ դեսպանությունը տեղյակ չէ |hetq.am|
15:30 - 05 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի վետերանը ծրագրեր ուներ նաեւ ՀՀ-ում. ԱՄՆ դեսպանությունը տեղյակ չէ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող նախկին զինվորականին պատկանող ամերիկյան ընկերությունը, ըստ համացանցում առկա տեղեկությունների, պետք է ներգրավվեր հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ծրագրերից մեկում, սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտնել է, թե իրենք նման ծրագրի մասին որեւէ տեղեկություն չունեն:  

Օգոստոսի 21-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Գեյնսվիլ (Gainesville) բնակավայրի իր տանը իրավապահների կողմից ձերբակալվել է ամերիկյան բանակի հատուկ նշանակության ուժերի («կանաչ բերետներ») նախկին զինծառայող, 45-ամյա Պիտեր Ռաֆայել Ձիբինսկի Դեբինսը (Peter Rafael Dzibinski Debbins): Վիրջինիայի արեւելյան շրջանի դատախազությունը հայտնել է, որ Դեբինսը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ, նրան սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում:

«BBC»-ի փոխանցմամբ՝ մեղադրանքում նշվել է, որ Դեբինսը դեռեւս 1996 թ. իր ծառայություններն է առաջարկել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությանը՝ հայտարարելով, թե իրեն համարում է «Ռուսաստանի զավակ» եւ պատրաստ է ծառայել վերջինիս: «Դեբինսը վստահ էր, որ ԱՄՆ-ն չափազանց գերիշխող դիրք ունի աշխարհում, եւ դրա ազդեցությունը պետք է սահմանափակել»,- հայտարարել է դատախազությունը: Համագործակցությունը շարունակվել է մինչեւ 2011 թ.:

«The Washington Post»-ը, հղում անելով դատախազությանը, նշել է, որ Դեբինսը հետաքննության շրջանակներում դեռ 2019-ին է խոստովանել իր մեղքը, սակայն դատախազությունը չի շտապել նրան ձերբակալել, քանի որ անհրաժեշտ է եղել հաստատել նախկին զինվորականի տված խոստովանության բովանդակության իսկությունը:

Համաձայն մեղադրանքի՝ Դեբինսը ՌԴ ներկայացուցիչների հետ կապ է պահել 1996-ից, երբ Մինեսոտայի համալսարանի ուսանող էր, ինչպես նաեւ որպես պահեստազորի սպաների պատրաստման կորպուսի (պահեստազորի սպաներ պատրաստելու ամերիկյան համակարգ է) անդամ սովորում էր Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում: Այստեղ էլ, ըստ մեղադրանքի, երիտասարդը հանդիպել է ապագա կնոջը, ում հայրը ՌԴ օդուժի գնդապետ էր:

1997-ին, ըստ ամերիկյան դատախազության, Դեբինսը ռուսական ռազմական հետախուզության հետ համագործակցության պարտավորագիր է ստորագրել՝ ստանալով Իկար Լեսնիկով կեղծանունը:

 

 

Պիտեր Դեբինսն ամերիկյան գործող բանակում ծառայել է 1998-2005 թթ.: Նախ եղել է քիմիական, կենսաբանական, ռադիացիոն եւ միջուկային զենքի սպա (ծառայել է Հարավային Կորեայում), իսկ հետո միացել է «կանաչ բերետներին», որոնց կազմում եղել է Ադրբեջանում ու Վրաստանում: Մարտերի չի մասնակցել: Ըստ ամերիկյան դատախազության՝ նախկին «կանաչ բերետը» ռուսական կողմին տրամադրել է տվյալներ իր հատուկ ստորաբաժանման անձնակազմի ու նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում դրա գործունեության մասին, հաղորդել ԱՄՆ հակահետախուզության ծառայողների անուններ, տվել նաեւ ծառայակից ընկերոջ անունը՝ մտածելով, որ նրան Ռուսաստանն աշխատանքի կընդունի: Ըստ դատախազության՝ Դեբինսը նախապես հրաժարվել է ծառայության՝ լրտեսական ինֆորմացիայի մատուցման դիմաց գումար վերցնել ռուսներից, սակայն հետո համաձայնել է ոչ մեծ վարձատրության՝ 1000 դոլար գումար, մի շիշ կոնյակ եւ ռուսական զինվորական համազգեստ: Դեբինսը հայտնել է, թե ռուսներն իրեն նաեւ մարմնավաճառներ են առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է:

Անվտանգության ամերիկյան համակարգին ունեցած նրա հասանելիությունը խախտում կատարելու հետեւանքով կասեցվել է 2004-ին, երբ Դեբինսն ամերիկյան «կանաչ բերետների» կազմում գործուղման մեջ էր Ադրբեջանում: Գործող բանակից դուրս գալուց հետո նա կարիերան շարունակել է մասնավոր սեկտորում, ինչը, սակայն, ըստ մեղադրանքի, ռուսական ուժայինների կամքին հակառակ է եղել. վերջիններս ցանկացել են, որ Դեբինսը մնա ԱՄՆ կառավարական համակարգում: Եվ չնայած վետերանի վերաբերյալ ամերիկյան կողմը մտահոգություններ է ունեցել Ադրբեջանում տեղի ունեցած միջադեպի, Ռուսաստանի հետ գործնական կապերի եւ ՌԴ բանակի ներկայացուցիչ աներ ունենալու պատճառով, նախկին «կանաչ բերետը» 2010-ին ԱՄՆ ռազմական հետախուզության միջոցով կրկին գերգաղտնի ինֆորմացիայի հասանելիություն է ստացել:    

Ամերիկյան բանակի վետերանը դասավանդել է նաեւ Ֆորտ Միդի ռազմական հետախուզության ակադեմիայում, հրահանգիչ աշխատել ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության եւ ՆԱՏՕ-ի կազմում:

2011-ից հետո Պիտեր Դեբինսի եւ ռուսական կողմի կապի մասին որեւէ հիշատակում չկա ամերիկյան դատախազության մեղադրանքում: Փոխարենը նշվել է, որ ՌԴ գլխավոր հետախուզական վարչությունը 2012-ին Դեբինսի հարցով դիմել է նրա գնդապետ աներոջը:  

Ի՞նչ առնչություն ունի Դեբինսը Հայաստանի հետ

2013-ին Պիտեր Դեբինսը եւ նրա գործընկեր, ԱՄՆ ծովային հետախուզության վետերան Մայքլ Հենսենը (Michael P. Hansen) հիմնադրել են «Horizon Leadership Group» (HLG) ընկերությունը, որը տարբեր ծառայություններ է մատուցում գործընկերներին: Մասնավորապես՝ «HLG»-ն տարբեր բնույթի եւ ծավալի վերպատրաստման կուրսեր է առաջարկում հետախուզության ոլորտում՝ վերլուծական միտք, կիբեռգործողություններ, հետախուզություն, հիբրիդային պատերազմներ:

«HLG»-ի գործընկերներից մեկը՝ Կիեւում գործող «Կոնկորդիա» ուկրաինաամերիկյան համալսարանը, իր պաշտոնական կայքում ներկայացնելով ամերիկյան ընկերության հետ համագործակցությունը եւ «HLG»-ի ընդհանուր գործունեությունը, նշում է, որ վերջինիս գալիք նախագծերից է Հայաստանում ռազմավարական ուսումնական կենտրոնի (Strategic Training Center) հիմնումը Կանզասի ազգային գվարդիայի եւ ՀՀ զինուժի համագործակցության շրջանակներում:

Կանզասի ազգային գվարդիան եւ ՀՀ զինուժը համագործակցում են 2003 թվականից: Սրա շրջանակներում, ինչպես 2018-ին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, ամերիկյան կողմը հայ գործընկերներին օգնել է կատարելագործել Հայաստանի սերժանտական կորպուսի կարողությունները, ամրապնդել ռազմաբժշկական, խաղաղապահ գործառույթները, զարգացնել շարժական հոսպիտալների գործարկման, աղետների արձագանքման եւ մարդասիրական օժանդակության կարողությունները: 

Այդուհանդերձ, այն ինֆորմացիան, որ լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի նախկին զինվորականի հիմնած ընկերությունը պետք է ներգրավվի Հայաստանում ռազմավարական ուսումնական կենտրոն ստեղծելու ծրագրում, մտահոգության տեղիք է տալիս․ տարիներ առաջ Ադրբեջանում զինծառայության մեջ գտնվելիս Պ. Դեբինսը աչքի է ընկել վատ առումով, իսկ հետո, հայտնվելով մեղադրյալի աթոռին, պարզվել է, որ նա Ռուսաստանի օգտին ինֆորմացիա է հավաքել նախկին ԽՍՀՄ երկրներում ամերիկյան զինուժի գործունեության մասին:

Նշենք, որ «Կոնկորդիա» համալսարանի կայքը միակը չէ, որտեղ երեւում է Դեբինսի ամերիկյան ընկերության ու Հայաստանի հնարավոր առնչությունը: Այսպես՝ չնայած «Horizon Leadership Group»-ի կայքում ընկերության հասցե է նշվում Հարավային Դաքոտա նահանգի Սու Ֆոլս (Sioux Falls) քաղաքը, այլ կայքերում ներկայացված է Վիրջինիայի Առլինգտոն (Arlington) քաղաքը, որից ոչ հեռու է գտնվում Պիտեր Դեբինսի բնակության վայրը՝ Գեյնսվիլը: Ահա եւ Վիրջինիա նահանգի գնումների վերաբերյալ կայքերից մեկում «Horizon Leadership Group»-ի տվյալներում նշված են դրա գործունեության հիմնական կամ թիրախային երկրները (sales/service area)՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա:

 

 

Այսինքն՝ եթե նույնիսկ ընդունենք, որ «HLG»-ն մինչ այս փաստացի առնչություն չի ունեցել մեր երկրի հետ, կարող ենք ասել, որ Հայաստանը դրա հետաքրքրության տիրույթում է:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել