Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ ներքին տեղաշարժի ընդհանուր սահմանափակումներ |hetq.am|
10:42 - 05 սեպտեմբերի, 2020

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ ներքին տեղաշարժի ընդհանուր սահմանափակումներ |hetq.am|

hetq.am: Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է սահմանել կորոնավիրուսի համավարակի պայմաններում Եվրամիության ներքին տեղաշարժի ընդհանուր սահմանափակումներ։ Այդ առաջարկը սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդյե Ռեյնդերսը և ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը։ 

Իր հերթին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ իրենց առաջնահերթությունն է ապահովել եվրոպացիների ազատ տեղաշարժը ԵՄ տարածքում և միևնույն ժամանակ սահմանափակել կորոնավիրուսի տարածումը։ «Տարբեր սահմանափակումների պատճառով հիմա դժվար է հասկանալ, թե ուր և ինչպես կարող ենք մեկնել»,- հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է երեք կրիտերիա, որի օգնությամբ Եվրամիության երկրները կկարողանան որոշել, թե արդյոք անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել ԵՄ անդամ մյուս երկրներ ճանապարհորդելու համար։ Դա վերջին 14 օրերին 100 000 բնակչության հաշվով կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն է, իրականացված թեստերի ընդհանուր քանակի դրական արդյունքների տոկոսը և վերջին մեկ շաբաթվա ընթացքում 100 000 բնակչության թվով թեստերի թվաքանակը։

Ըստ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած նախագծի՝ բոլոր այդ տվյալները ԵՄ անդամ պետությունները յուրաքանչյուր շաբաթ կփոխանցեն Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության եվրոպական կենտրոնին։ Ընդ որում, տվյալները պետք է բաշխվեն շրջանների միջև, որպեսզի սահմանափակումները մտցվեն ոչ թե ամբողջ երկրի, այլ միայն առանձին շրջանների համար։

Այդ տվյալների հիման վրա ECDC-ն կհրապարակի ԵՄ և Եվրոպական տնտեսական գոտու անդամ պետությունների քարտեզը, որտեղ երկրներն ու շրջանները կներկայացվեն առանձին գույներով։ Կանաչ գույնով կնշվեն այն տարածքները, որտեղ նոր դեպքերի թիվը 25-ից պակաս կլինի, իսկ դրական թեստերի թիվը՝ 3 %-ից պակաս։ Նարնջագույն գույնով կնշվեն այն շրջանները, որտեղ նոր դեպքերի թիվը կլինի 50-ից պակաս, իսկ դրական թեստերը կգերազանցեն 3 %-ը, կամ հակառակը նոր դեպքերի թիվը կտատանվի 25-150-ի միջև, սակայն դրական թեստերի թիվը չի գերազանցի 3 %-ը։ Կարմիր գույնով կնշվեն այն գոտիները, որտեղ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կգերազանցի 50-ը, իսկ դրական թեստերի թիվը՝ 3 %-ը։

Սահմանվել է նաև մոխրագույն գոտի հասկացությունը։ Դրանով կնշվեն այն տարածքները, որտեղի 100 000 բնակչության թվով իրականացվել է 250-ից պակաս թեստ կամ էլ չկա հստակ տեղեկատվություն թեստերի թվաքանակի և նոր դեպքերի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել