Տիխանովսկայան ՄԱԿ-ին կոչ է արել շտապ միջազգային դիտորդների խումբ ուղարկել Բելառուս՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար |tert.am|
10:19 - 05 սեպտեմբերի, 2020

Տիխանովսկայան ՄԱԿ-ին կոչ է արել շտապ միջազգային դիտորդների խումբ ուղարկել Բելառուս՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար |tert.am|

tert.am: Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Բելառուսում նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների համար։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է ria.ru-ն։

«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը բռնության դադարեցման համար գործի դնել ամբողջ մեխանիզմը, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք ընտրախախտումներ և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել»,-հայտարարել է նա։

Տիխանովսկայայի խոսքով՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «այլևս Բելառուսի ներկայացուցիչը չէ»։

«Բելառուս ժողովուրդը օրինապաշտ, խաղաղասեր և պատասխանատու մարդիկ են, որոնք ունեն արժանապատվության բարձր զգացում»,- նշել է նա և հավելել, որ բելառուսները պատրաստ են երկխոսության «բոլոր այն երկրների հետ, որոնք հարգում են Բելառուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Բացի այդ, նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, որ ՄԱԿ-ը որքան հնարավոր է շուտ պետք է Բելառուս ուղարկի միջազգային դիտորդների խումբ՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել