Գործարար համակարգը շարունակում է արձագանքել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հեռավար կրթության կազմակերպմանն աջակցելու ամիսներ առաջ արած կոչին։

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ և Լոռու մարզի լեռնային գոտիների աշակերտները IDBank-ի և Idram ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնությունից կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան 50 նոր համակարգիչ՝ հեռավար կրթությանն արդյունավետ մասնակցելու համար: Հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Իդրամ հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ։ Այսօր բանկի ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով, ապա ուղևորվել Լոռու մարզ՝ դրանք անձամբ աշակերտներին փոխանցելու:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կազմակերպատնտեսական վարչության պետ Արմեն Ավետիսյանը, ողջունելով նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել նախարարության կոչին արձագանքելու համար. «Այս նվիրաբերման միջոցով կընդլայնվի հեռավար կրթության հասանելիությունը, կբարձրանա արդյունավետությունը»,- ասել է Ա. Ավետիսյանը՝ հավելելով, որ բաշխումը կիրականացվի առաջիկա օրերին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանն ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում կատարած յուրաքանչյուր ներդրում ուղղված է ապագային . «Ցավոք, կան աշակերտներ, որոնք գտնվում են ռիսկային խմբում և սեպտեմբերի 15-ից դասերին պետք է մասնակցեն հեռավար, բայց դրա համար չունեն անհրաժեշտ սարքավորումներ:

Այս նախաձեռնությունը հրաշալի միջոց է նրանց տրամադրությունը բարձրացնելու և որակյալ ու հարմարավետ համակարգիչներով դասերին մասնակցելու հնարավորություն տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում և՛ նախարարության անունից, և՛ որպես ուսուցիչ: Համավարակն անցնելու է, կյանքը՝ շարունակվելու, և հանրակրթության ոլորտում կատարված յուրաքանչյուր ներդրում մեծ արդյունքով վերադառնալու է՝ այդ թվում բանկային ոլորտ: Շատ հնարավոր է՝ այսօր դուք օգնում եք մի աշակերտի, որը հետագայում մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Ա. Թորոսյանը:

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, կարևորելով կրթության ոլորտի հետ համագործակցությունը, նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կատարած նվիրատվությամբ փորձում են նպաստել երեխաների կրթության շարունակականության ապահովմանը. «Մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։

Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է. հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը՝ հույս հայտնելով, որ սոցիալական գործընկերության շրջանակում ծրագրերը կշարունակվեն: