lragir.am: ԱԺ Արտահերթ նիստում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բրիտանական «Էկոնոմիստ» ամսագրի վերջին հոդվածներից մեկից մեջբերում արեց։ Ըստ հաշվարկների՝ բնակչության շրջանում դիմակների կրումը 15 տոկոսային կետով բարձրացնելիս հնարավոր է կորոնավիրուսի ամենաօրյա նոր դեպքերի քանակը նվազեցնել 1․5 տոկոսային կետով ու խուսափել լոքդաունից։

«Դրա հիման վրա Էկոնոմիստի վերլուծաբաննեը հաշվել են, որ մեկ ամերիկացու մեկ օրվա դիմակ կրելու տնտեսական արժեքը կազմում է 56 ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ եթե մարդը մեկ օր դիմակ չի կրում, ինքը տնտեսությանը պատճառում է 100-150 անգամ ավելի մեծ վնաս, քան այդ դիմակները դնելու արժեքն է։ Հիմա ասում եք՝ քաղաքացին  տուգանքի մատերիալ չէ։

Այս նույն տրամաբանությամբ թվերը կարող ենք մեզ մոտ էլ տեղափոխել։ Եթե ամեն քաղաքացի դիմակ չկրելով՝ մեր պետությանը պատճառում է 30, 40, 50 հազար դրամանոց վնաս, արդյո՞ք այդ դեպքում արդարացված չէ 10 հազար դրամ տուգանք սահմանելը դիմակ չկրելու համար։

Դրա համար ես խնդրում եմ այնպիսի տպավորություն չստեղծեք, որ պետության նապատակը տուգանքներ հավաքելն է սեփական քաղաքացիներից։ Բոլորս էլ գիտենք ինչ խնդիր ունենք՝ անկախ նրանից՝ անունը կդենենք կարանտին, թե՞ արտակարգ դրություն»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Անդրադառնալով ՌԴ մեկնելու համար բողոքի ակցիաներ անող անձանց խնդրին՝ նա նշեց․ «Իրենց խնդիրը ոչ թե ՀՀ հետ է, այլ մուտք անող երկրի հետ է, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է թույլ տա, որ մտնեն այդ երկիր։ Ես համաձայն եմ պարոն Մելքումյանի հետ, որ պետք է խոսել քաղաքացիների հետ, բայց այդ խոսելը նաև ընդդիմադիր գործընկերների գործն էլ է, որովհետև երբ իրենք հայտարարում են՝ այս խնդիրը լուծեք, քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ դա հնարավոր է լուծել ու իշխանությունները չեն լուծում»։