armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, այլ որոշակի քաղաքական որոշակի ուժերի ազդեցության տակ է։  Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե հանրահավաք է անցկացնելու: 

«Ես կարծում եմ՝ ինչպես 2015 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր այս պարագայում, կարծում եմ, որ նույն իրավիճակն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015 թվականին տեղի ունեցավ, կարծում եմ՝ քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքեր ունի, նման պնդում անելու համար, պատասխանեց՝ տարբեր: