«Նորաշենի» արգելավայրի տարածքում հարսանիք է եղել. նախարարը դա անընդունելի է համարում
19:50 - 03 սեպտեմբերի, 2020

«Նորաշենի» արգելավայրի տարածքում հարսանիք է եղել. նախարարը դա անընդունելի է համարում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Անթույլատրելի մոտեցում» վերտառությամբ գրառում է արել, որում նշել է.

«Հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։

Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն արարողությանը մասնակցել է շուրջ 50-60 մարդ, որոնց ներկայությունն ու ազատ տեղաշարժը տարածքում կարող էր անհանգստացնել արգելավայրում բնակություն հաստատած թռչուններին և ունենալ բացասական հետևանքներ։

Մենք, իհարկե, երջանկություն ենք մաղթում նորապսակներին, սակայն անընդունելի ենք համարում հարսանյաց հանդիսությունների անցկացումը բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է պետական արգելավայրերի պահպանության ռեժիմը։

Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը քանիցս իրազեկել և տեղեկացրել է հանրությանը, որ Սևանի ափին գտնվող այդ ծայրաստիճան գեղեցիկ վայրը բնության հատուկ պահպանվող տարածք է և նախատեսված չէ մասնավոր հավաքույթներ կազմակերպելու համար։

Այն նպատակ ունի ապահովել և կազմակերպել չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգիստը, ապահովել ապրելակերպի բնական միջավայրի պահպանությունը։

Դեղին ավազը լուծում է ոչ թե գեղեցիկ լինելու խնդիրը, այլ չվահյուր թռչունների համար ընկալելի և ապահով վայր թվալու անհրաժեշտությունը։ Այս համակարգը կարևոր է ինչպես Հայաստանի ողջ տարածքի էկոհամակարգի, այնպես էլ թռչող կենդանիների միջցամաքային անխաթար չուի ու նրանց անվտանգ կեցության համար։

Հետևաբար, խախտվել է ինչպես բնության հատուկ պահպանվող տարածքում բնակվող կենդանիների անդորրը, այնպես էլ ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմի կարգը, որը ժամանակին չի կասեցվել և պատշաճ արձանագրվել։

Տեղեկացնեմ նաև, որ դեպքի կապակցությամբ «Սևան» ազգային պարկում նշանակվել է ծառայողական քննություն։

Հավելեմ նաև, որ համապատասխան գրություններ են ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դեպքն ուսումնասիրելու և իրավական ընթացք տալու համար։

ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում եմ, այսրոպեական գեղագիտական պահանջները բավարարելու համար չխախտել ԲՀՊՏ-ներում սահմանված գործող կարգն ու չշրջանցել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը՝ պահպանելով հազվագյուտ տեսակների բնադրավայրերի և բնակատեղիների անխաթարությունը։

Վստահեցնում եմ, որ «Սևան» ազգային պարկի առջև խնդիր է դրված այսուհետ հետևողական և պատշաճ կատարել իրենց վերապահված լիազորություններն ու պարտականությունները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել