Կառավարությունն առաջիկայում բիզնեսի զարգացմանը կհատկացնի 50 մլրդ դրամի առաջին չափաքանակը |armenpress.am|
14:47 - 03 սեպտեմբերի, 2020

Կառավարությունն առաջիկայում բիզնեսի զարգացմանը կհատկացնի 50 մլրդ դրամի առաջին չափաքանակը |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ գործադիրն այս տարվա մայիսի 21-ի նիստում հայտարարել էր տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որը կառավարության կողմից իրականացվելիք ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկն է։

Դրա շրջանակում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 մլրդ դրամի ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջնթացի հարցում։

«Ընդհանուր առմամբ, ծրագրի տրամաբանությունն այն է, որ պետությունը առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորվում է ներդրողի կողմից, իսկ 50 տոկոսը՝ ֆինանսական կազմակերպությունների։ Այսօր մենք քննարկում ենք ձեռնարկատեր-պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ընկերության որոշակի կանոններին վերաբերող հարցեր»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց՝ երկար քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ որոշակի փոփոխություններ կկատարվեն ֆոնդի գործողության կանոններում։

Ներկա կարգավորումներով նախատեսվում է, որ ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որտեղ կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն դոլարին կամ ավելի, քան 2 մլն դոլարին համարժեք գումար։

Ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ գումարը մի փոքր ավելի քիչ լինելու դեպքում, քան 1 մլն դոլարն է, կամ ավելի բարձր լինելու դեպքում, քան 2 մլն դոլարն է, կառավարությունը էապես ավելի մեծ մասնակցություն կարող է ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումային ծրագրերի առաջընթացին։

«Այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որպեսզի ներդրումների չափը 1-2 մլն դոլար կազմելու փոխարեն՝ կազմի 500 հազար դոլարից մինչև 4 մլն դոլարի սահմաններում»,- ասաց Խաչատրյանը։

Երկրորդ փոփոխությունն, ըստ նախարարի, այն է, որ մինչ այժմ կառավարությունը սահմանափակել էր ֆոնդի կառավարչին նրանով, որ ներդրումային հնարավորությունները քննարկի միայն մեկնարկող ներդրումային ծրագրերի դեպքում։

«Այս նախորդ ամիսների ընթացքը վկայում է, որ բազմաթիվ ծրագրեր կան, որտեղ ներդրողն արդեն իսկ որոշակի առաջընթաց ապահովել է ներդրումային ծրագրի նախապատրաստման հարցում։ Եվ այն փաստը, որ կայացած ներդրումներ կան արդեն որոշակի ոլորտներում, սահմանափակում է կառավարչին այդպիսի ծրագրերի հարցում։ Եվ կառավարությունը որոշեց, որ կառավարչին պետք է թույլ տալ նաև մասնակցել ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին։ Սա էապես մեծացնում է ներդրումային հնարավորությունները և այն ծրագրերի առաջխաղացման պոտենցիալը, որոնք այսօր առկա են»,- ասաց նա։

Սահմանվում է նաև, որ կառավարությունը ֆոնդում կունենա 10 տարի ժամկետով մասնակցություն։ Առաջին հինգ տարվա ընթացքում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ երկրորդ հինգ տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար։

Մյուս կանոնն այն է, որ ֆոնդի կառավարիչը գործունեության ողջ ժամանակահատվածի համար պետք է ապահովի կառավարության հատկացրած գումարների համար սպասվող առնվազն 8 տոկոս եկամտաբերություն։

Նախարարը հավելեց՝ առաջիկայում հայտ կլինի և բավարարում կտրվի 5 մլրդ դրամի սահմաններում, որը 50 միլիարդի համար որոշված առաջին չափաքանակն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել