Կառավարությունը 888 մլն դրամ հատկացրեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման իրականացմանը |armenpress.am|
13:06 - 03 սեպտեմբերի, 2020

Կառավարությունը 888 մլն դրամ հատկացրեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման իրականացմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որը բխում է ՀՀ կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման պահանջներից:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը նշեց, որ վերաբաշխման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է:

Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 1043 «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակում, անհրաժեշտություն  է նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել նոր` «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառմանը»` համապատասխանաբար նվազեցնելով նաև ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ: 

Նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորհների տրամադրում:

«Աջակցության միջոցառումը կազմված է երեք դրամաշնորհային ծրագրերից՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման դրամաշնորհներից: Առաջին 2 դրամաշնորհների համար ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր՝ 290-ից ավելի հայտ, որոնք արդեն ամփոփման փուլում են: Երրորդի մասով արդեն 5 հայտ ենք ստացել, բայց դեռ կստանանք: Նախատեսվում է, որ ամբողջ գումարը կսպառվի: Ժյուրին այդ 290 հայտերից հավանություն է տվել 70-ից ավելի ընկերությունների հայտերին, և եթե դրանք բավարարվեն, մենք կանցնենք սահմանված 888 մլն դրամի շեմը»,- ասաց փոխնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել