Կառավարության որոշմամբ՝ 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենաներ կնվիրաբերվեն մարզերին |armtimes.com|
12:15 - 03 սեպտեմբերի, 2020

Կառավարության որոշմամբ՝ 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենաներ կնվիրաբերվեն մարզերին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2020 թվականի պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով եւ ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաեւ շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները եւ պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ նրանց ծառայությունների բարելավման նպատակով:

Հարցը զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ շտապօգնության ծառայությունը այն օպերատիվ եւ մոբիլ ծառայությունն է, որի զարգացման եւ հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունեն ծառայությանը դիմող պացիենտների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։

Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ հիմքում ունենալով մարզպետարանների ներկայացրած կարիքները՝ յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ եւ հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։

Ավանեսյանը նշեց, որ Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնին՝ 2 շտապօգնության մեքենա: Նա նշեց, որ բոլոր մարզերին էլ նվիրաբերելու են նոր մեքենաներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել