azatutyun.am:  COVID-19- ով վարակվածների թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, իսկ սահմանները կրկին փակվում են:

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 26 միլիոնից, զոհերի թիվը՝ 863 հազարից, ապաքինվել է մոտ 17,3 միլիոն մարդ:

COVID-19-ով վարակվածների թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, իսկ սահմանները կրկին փակվում են՝ ճիշտ ինչպես այս տարվա մարտին, երբ Եվրամիության երկրները մեկը մյուսի ետևից փակեցին զբոսաշրջիկների մուտքը, այդ թվում՝ նաև ԵՄ երկրներից: Այս անգամ ԵՄ խորհուրդը նախագահող Գերմանիան ցանկանում է խուսափել նույն սցենարի կրկնությունից, պաշտպանել առանց վիզայի Շենգենյան գոտու ամբողջականությունը և կոչ է անում ԵՄ երկրներին չփակել սահմանները:

Որոշ երկրներ, այդուհանդերձ, կրկին սկսել են սահմանների փակման գործընթացը:

Հունգարիան երեքշաբթի օրվանից արգելել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը: Դանիան դեռ ապրիլից է սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը: Ֆինլանդիան վերսկսել է երկիր մուտք գործողների նկատմամբ վերահսկողությունը: Այս ցանկում են նաև Իսպանիան և Ֆրանսիան:

Շատ երկրներ մտահոգված են Եվրամիության համակարգված մոտեցման բացակայությամբ՝ ԵՄ անդամ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում կայացնում պարտադիր կարանտինի և թեստավորման հետ կապված: