Չեմ առաջադրվել և չեմ առաջադրվելու ռեկտորի պաշտոնում․ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյան
15:32 - 02 սեպտեմբերի, 2020

Չեմ առաջադրվել և չեմ առաջադրվելու ռեկտորի պաշտոնում․ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյան

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը:

Մամուլի ասուլիսի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նշեց, որ լրագրողների հետ հանդիպման նպատակն է ներկայացնել իր պաշտոնավարման ընթացքում իրականացված գործընթացները, որոնք կփաստեն, որ այս ընթացքում կառավարման ճգնաժամ չի եղել, ինչպես շրջանառվում է մամուլում:

Նրա փոխանցմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում սահմանվել են դասախոսների մասնագիտական կոմպետենցիաները, կրթական համակարգում ներդրվել է հետազոտական բաղադրիչ, մագիստրատուրայում ներմուծվել է պրակտիկա, իրականացվում է կրթական ծրագրերի մոնիթորինգ:

Բացի դրանից՝ Գ. Գևորգյանի փաստմամբ, ԵՊՀ-ում հաշմանդամություն ունեցող բոլոր ուսանողներին տրամադրում է օգնություն, իսկ այդ օգնությունն իրականացնող աջակիցները վարձատրվում են: Նա նշեց նաև, որ 2020 թ. անցկացվել և ամփոփվել է «ԵՊՀ լավագույն դասախոս» մրցույթը, որի արդյունքում հաղթող յուրաքանչյուր դասախոսի տասը դասախոսություններ կձայնագրվեն:

Գեղամ Գևորգյանն անդրադարձավ նաև հեռավար ուսուցումը ԵՊՀ-ում կազմակերպելու գործընթացին՝ ասելով, որ դեռևս անցած կիսամյակից դասընթացներ են կազմակերպվել դասախոսների համար, իսկ ուսանողների համար՝ պատրաստվել տեսաուղեցույցներ:

Նա փաստեց, որ ուսումնական այս տարվանից հեռավար ուսուցումն իրականացվելու է միայն www.e-learning.ysu.am հարթակում, որտեղ ներդրված է անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև տնտեսական ձեռքբերումներին և խոսեց համավարակի պատճառով կրած կորուստների մասին:

Վարձավճարների թանկացման և ընդունելության տեղերի կրճատման մասին խոսելով՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ նախաձեռնվել էր իրատեսական պլանավորում, որպեսզի լինի որակյալ ընդունելություն, իսկ վարձավճարների թանկացման պատճառը գումարի անհրաժեշտությունն է: Նրա խոսքով, վարձավճարների բարձրացումից գոյացած գումարն ուղղվելու է դասախոսների աշխատավարձի բարձրացմանը:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ-ն ևս մեկ անգամ նշեց, որ չի առաջադրվել և չի առաջադրվելու ռեկտորի պաշտոնում: Նրա կարծիքով, ռեկտորը ոչ թե պետք է ընտրվի, այլ նշանակվի:

Նա պարզաբանեց նաև իր հնչեցրած այն միտքը, թե ինքն այս պաշտոնում ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել՝ ասելով, որ բուհը պետական կառույց է, որի սեփականատերը պետությունն է, իսկ ընտրվող ռեկտորը պետք է ունենա իշխանության աջակցությունը. «Իշխանությունն իրավունքի ունի հայտնելու իր կարծիքը, որը երևում է քվեարկությամբ»:

Հարցին, թե ինքը տեղյակ էր, որ իր՝ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում առաջադրվելը և ընտրվելը օրենքի խախտում էր, քանի որ երկու պաշտոններ չի կարելի համատեղել, Գեղամ Գևորգյանը նշեց, որ այդ ժամանակ տեղյակ չի եղել, և պատասխանատուն էլ ինքը չէ, այլ ԵՊՀ ՀԽ-ն, որն այդ ժամանակ գուցե նույնպես տեղյակ չէր:

Գեղամ Գևորգյանը հերքեց այն լուրերը, թե քննարկումներ են եղել ԿԳՄՍՆ-ում, որոնց ընթացքում իրեն առաջարկել են մի շարք քայլեր իրականացնել ԵՊՀ-ում, իսկ ինքը մերժել է՝ ասելով, որ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դրանք չի անի: Նա ժխտեց նաև այն լուրերը, թե իբր իր բոլոր քայլերը համաձայնեցրել է իշխանության հետ:

 

Մամուլի ասուլիսի ամբողջական տեսանյութը ստորև.

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել