Երեկ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան, որտեղ նախատեսվում էր պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ Գեղարքունի իշխանի բացթողում։ Այս մասին նախարարը հայտնել է իր Ֆեյսբուքյան էջում։

«Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք ձմեռային իշխանի և բոջակի իսպառ ոչնչացում, իսկ ամառային ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ․ իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորություններից:

Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրներ սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ վիրահատական միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։

Այս համատեքստում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը իրականացնում է Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը:

Այցը մեկնարկեց ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ ծանոթացա հնարավորություններին և տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեցի մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այստեղ առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան:

Տնտեսությունում առկա է մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով , տարբեր չափերի ձկներ, ինչպես նաև բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ ամառային բախտակի բացթողման ենթակա շուրջ 70․000-80․000 հատ մանրաձուկ։

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում ծանոթացա արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 մլն հատ 50 գրամանոց մանրաձուկ։ Այստեղ առկա է ահռելի պոտենցիալ․ ավելի փոքր չափերով արտադրելու դեպքում կարելի է տարեկան արտադրել տարբեր չափերի 10-30 մլն հատ մանրաձուկ։

Որպես այցի եզրափակում ներկա գտնվեցի մանրաձկան բաց թողնման աշխատանքներին։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողեց շուրջ 280.000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան:

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել Սևանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Առաջիկայում նախատեսվում է նաև ձմեռային իշխանի, բոջակի և կողակի բացթողում։

Շեշտեմ, որ միջոցներ են ձեռնարկվել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան»ազգային պարկի» նոր ձևավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում»։