Շահագործման են հանձնվել Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճները

 |armenpress.am|
20:22 - 01 սեպտեմբերի, 2020

Շահագործման են հանձնվել Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճները |armenpress.am|

armenpress.am: Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքներում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճների, հանդերձարանների, սանհանգույցների ու հարակից տարածքի բացման արարողությունը:

Միջոցառումներին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ինչպես նաև որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործընկեր՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Դպրոցներ մարզադահլիճները վերանորոգվել են «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի շրջանակներում: Գլխավոր նվիրատուն «Իզմիրլյան» հիմնադրամն է, իսկ ծրագրի գործընկերներն են՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և «Անտարես» մեդիա հոլդինգը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը շնորհակալություն հայտնեց «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակին՝ գործընկերության և Տանձուտի ու Այգեշատի դպրոցներում վերանորոգման աշխատանքները համաֆինանսավորելու համար, ինչպես նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին՝ մարզագույք նվիրելու համար:

«Լիահույս ենք, որ մեր համագործակցությունը երկարաժամկետ կլինի, կունենանք նոր համատեղ աշխատանքներ, իսկ «Իզմիրլյան» հիմնադրամի ակտիվությունը կդառնա վարակիչ, ու մեզ կմիանան շատ այլ կազմակերպություններ»,- նշեց Ղազարյանը և հավելեց, որ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի առաջնային նպատակը Հայաստանում դպրոցահասակ երեխաների և դեռահասների շրջանում առողջ վարքագծի խրախուսումն է` սանիտարիայի ենթակառուցվածքների հասանելիության, հիգիենայի և ֆիզիկական կրթության պայմանների բարելավման, ինչպես նաև առողջ վարքագծի ձևավորման միջոցով: Ղազարյանը շեշտեց, որ ծրագրի շրջանակներում ջանք չեն խնայելու, որպեսզի հայ երեխան մեծանա առողջ միջավայրում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանրակրթական ոլորտում առողջ ապրելակերպին շատ մեծ տեղ է հատկացվում:

«Ներկայումս ավարտվում են նաև ավելի քան 3 տասնյակ մարզադահլիճների նախագծեր և սկսվելու են շինարարությունները: Այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է և գործընկերների ներգրավվածությունը միայն օգնելու են գործընթացներն իրականացնել կրկնակի ջանքերով: Այսպիսով, լուրջ նախապայմաններ կստեղծենք հանրակրթության ոլորտի զարգացման համար»,- ասաց Հարությունյանը:

Տանձուտ դպրոցի տնօրեն Հովսեփ Այվազյանն ասաց, որ ինքն ավելի վստահ և հաստատուն քայլերով է դիմավորելու նոր ուսումնական տարին:

«Պատկերացնում եմ, թե որքան կուրախանան երեխաներն այս ամենը տեսնելով: Հիմնադրամի աշխատակիցների ամեն մի այցելություն դպրոց նշանավորվում էր մի նոր խնդրի լուծումով: Արդյունքում վերանորոգվեց առաջին հարկի միջանցքը: Ծեփապատվեցին դպրոցի հետնամասի պատերը, որոնք շատ անմխիթար վիճակում էին»,- նշեց Այվազյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ կատարված աշխատանքները ոչ միայն կնպաստեն համայնքի երբեմնի սպորտային հաջողությունների վերականգնմանը, այլև կբարձրացնեն սովորողների գիտակցական մակարդակը:

Այգեշատի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանըն էլ հայտնեց, որ իրենց համայնքում իրականացվել են երևակայությունից դուրս աշխատանքներ։

«Մարզադահլիճը նոր տեսք ու բովանդակություն ստացավ, համալրվեց ուսումնական ծրագրով անհրաժեշտ գրեթե ողջ մարզագույքով։ Զրոյից սանհանգույցներ կառուցվեցին, հանդերձարաններ առանձնացվեցին, տեղադրվեցին արևային ջրատաքացուցիչներ, ինչն առհասարակ երազանք է գյուղական բնակավայրի ցանկացած հաստատության համար։ «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցների ամենօրյա այցերի արդյունքում որոշվել էր նաև բարեկարգել մարզադահլիճ տանող միջանցքները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սարդարյանը:

Նա հայտնեց, որ նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է մոտ 225 աշակերտ, որոնցից 20-ը առաջին դասարանցիներ են:

Ներկաները շրջայց կատարեցին երկու դպրոցում, ներկայացվեցին կատարված աշխատանքը՝ վերանորոգումից մինչև հիգիենային ու ֆիզիկական ակտիվությանը նվիրված ցուցապաստառների մշակում:

Մարզադահլիճներից մեկի մուտքի աստիճանները սեզոնային սառցապատումից զերծ պահելու համար ծածկապատվել են: Դպրոցներում տեղադրվել են հակահրդեհային համակարգեր:

Ֆիզկուլտուրայի դասընթացները բնականոն կազմակերպելու համար «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համաֆինանսավորմամբ «Իմ քայլը» հիմնադրամը դպրոցներին նվիրաբերեց անհրաժեշտ մարզագույք՝ մարմնամարզական նստարաններ, ներքնակներ, պարաններ, պատեր, օղակներ, ինչպես նաև ցատկապարաններ, վայրկենաչափեր, վոլեյբոլի ցանցեր, բասկետբոլի վահանակներ (օղակ, ցանց), պտտաձողեր, բադմինթոններ:

Դպրոցները ստացան «Իմ քայլը» հիմնադրամի հրատարակած Առողջ ապրելակերպի պատկերագրքերը, որոնք մշակվել են ծրագրի առողջ ապրելակերպի իրազեկման արշավի շրջանակներում: Դրանք բաղկացած են երկու հիմնական մասից՝ խաղադարանից և առողջ ուղեցույցից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել