Ոստիկանական համակարգում խորքային առումով ոչինչ չի փոխվել․ Վահրամ Սողոմոնյան
14:00 - 02 սեպտեմբերի, 2020

Ոստիկանական համակարգում խորքային առումով ոչինչ չի փոխվել․ Վահրամ Սողոմոնյան

Օրերս Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ  Վահրամ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օգոստոսի 27-ին, երեկոյան 18։30-ի սահմաններում Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում ականատես է եղել 100 անչափահասների եւ նրանց ծնողների մասնակցությամբ վիճակախաղ-հավաքի, որի ժամանակ մասնակիցների մի մասը եղել է առանց դիմակների, պահպանված չի եղել սոցիալական հեռավորություն։

Սողոմոնյանը դիմել է ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ նամակում նշելով, որ 19։00-ի սահմաններում նկատել է մի ոստիկանի, որը խոստացել է կապ հաստատել վերակարգի հետ եւ դադարեցնել հավաքը։ 19։22-ին Սողոմոնյանը զանգահարել է 1-02 եւ ահազանգել, 19։35 նկատել է, որ հավաքի մոտ կանգնած են երեք ոստիկան եւ դիտում են միջոցառումը, հարցրել է, թե ինչու չեն ցրում հավաքը, իսկ ոստիկանները եւ հավաքի մասնակիցները սկսել են հաշիվ մաքրել Սողոմոնյանի հետ։

Սողոմոնյանի խոսքով՝ ոստիկանության վերակարգի երեք աշխատակիցները ցուցաբերել են անգործություն եւ հավաքը ցրելու փոխարեն սկսել են կոպիտ տոնայնությամբ եւ «քրեական ենթամշակույթին» հարիր բառապաշարով ճշտել ահազանգող քաղաքացու ինքնությունը, թույլ են տվել, որ հավաքի մասնակիցները իրենց իրավունք վերապահեն շարունակել հավաքը եւ հարձակվել իր վրա։

Ոստիկանները, ի լուր բոլոր հավաքվածների, խախտելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությունը, հայտարարել են Սողոմոնյանի հասցեն։ 

Ի դեպ՝ հակահամաճարակային եւ արտակարգ դրության կանոնների խախտումը ոստիկանները արդարացրին նրանով, որ բարեգործություն է տեղի ունենում։ 

Վահրամ Սողոմոնյանն Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Օպերայի շրջակայքում եղած ոստիկանը եղել է տարածքի ավագը, սակայն ձեւացրել է, թե գնում է վերակարգին կանչելու․

«Տպավորությունն այնպիսին էր, որ իրենք հանդուրժում են, որ հավաքը շարունակվի եւ ավարտվի, չնայած այդ երեխաները իրար հրելով, առանց դիմակների եւ կանոնների խախտմամբ էին կանգնած։ Ինձ ավելի շատ զայրացրեց ոստիկանների կեցվածքը․ Երեւանի կենտրոնում իրենց բուն գործը թողած՝ հակահամաճարակային կանոնների պահպանումն ապահովելը, սկսեցին ինձնով զբաղվել։ Այնպիսի վարք դրսեւորեցին, որը հատուկ է հին ժամանակներին, քրեական ենթամշակույթին։ Ինձ ավելի շատ դա զայրացրեց, դա լուրջ ռիսկեր է պարունակում մոտակա շաբաթների համար, եթե այդ ձեւով շարունակվելու է իրավապահների վարքը, այն դեպքում, երբ իրենք պետք է զբաղվեն հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ»,- ասաց Սողոմոնյանը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ երկար ժամանակ չէր առնչվել ոստիկաններին, սակայն այս շփումը բերել է այն համոզմունքին, որ ոստիկանության մոտ ներքին եւ խորքային առումով ոչինչ չի փոխվել, եւ որ նրանք ապրում են երկու իրականության մեջ։

Սողոմոնյանի համոզմամբ՝ քաղաքացու հետ խոսելու այդ «գողական» ձեւը վկայում է այն մասին, որ համակարգի ներսում լուրջ արժեքային խնդիր կա։ Մեր զրուցակցի կարծիքով՝ համաճարակի թվերի զգալի մասն էլ հենց  իրավապահների մեղքն է․

«Ես գալիս եմ այդ եզրահանգման, որ խնդիրը չի լուծվի առանց ոստիկանների համար լուրջ կրթական պրոցեսի։ Մենք խոսում ենք կրթական ռեֆորմների, ժողովրդավարական մշակույթի հմտություններ սովորեցնելու մասին, բայց ոստիկանությունը չունի այդ ժողովրդավարական մշակույթի հմտությունները։ Պետք է համակարգված կուրսեր անել, միայն պարեկային ծառայությունով չի լինի, բոլոր ստորաբաժանումների համար պետք է վերապատրաստումների մոդուլ ստեղծել, ու ով չանցնի, պիտի դուրս գա համակագից, այլապես մենք մարդկանց ճակատագրերի հետ ենք խաղում։ Ուղղակի օրերս այդ ամենը սուր կերպով աչքիս առաջ եկավ»։

Սողոմոնյանը համոզմունք ունի, որ  նոր կառավարությանը պետք է հնարավորինս օգնել ու չխանգարել, բայց, նրա խոսքով, այդուհանդերձ, պետք է ֆիքսել, որ մինչ այժմ Հայաստանում գործում է խորքային պետություն, այսինքն՝ մարդիկ իրենց բողոքներով, իրավունքի խախտումներով դիմում են իրավապահ մարմիններին ու իրենց դիմումը ավելի շուտ հասնում է հավանական մեղավոր մարդկանց, որոնք ցանցում շատ լավ կապեր ունեն, նույնիսկ դատավորների վրա ազդեցություն ունեն։

«Այդ մարդիկ, ճիշտն ասած, ուղղակի սպասում են, թե երբ է ձախողվելու այս կառավարությունը, որ նորից վերադառնան․ բոլոր այդ գործողություններն ուղղված են ժողովրդավարական կարգի դեմ։ Այստեղ լուրջ անելիք կա»։

Այն հարցին, թե ինչ արձագանք է ստացել ոստիկանությունից, Սողոմոնյանը հայտնեց, որ իր հետ կապ է հաստատել անչափահասների գծով պատասանատուն, որին ինքը պատմել է եղելությունը, ներկայացրել, որ Օպերայում գտնված ոստիկանները պնդել են, թե այդտեղ խախտում չկա, իսկ հետո մեկն ասել է, թե արձանագրություն են կազմում, բայց չեն կազմել։

«Զանգողն ասում էր, որ եկել է ու ֆիքսել, թե ոչ մի մարդ չի եղել, եւ դա այն ժամին, երբ այդտեղ մարդիկ կային։ Հետո, երբ հասկացավ, որ ես անզիջում առաջ եմ տանում իմ դիրքորոշումը, սկսեց ներողություն խնդրել այդ ոստիկանների անունից, որոնք էդտեղ են եղել, եւ ասաց, թե իրենք ամեն ինչ անում են, որ ոստիկանությւունն իր դեմքը փոխի, այլեւս առաջվանը չլինի եւ այլն։ Ինքն ուզում էր ասել, որ այս դեպքը կհանրայնացվի, մի քանի անգամ նշեց, որ ներողամիտ լինեմ։ Ես ասացի, որ խնդիրը շատ լուրջ է եւ միայն ինձ չի վերաբերում, այլ հանրային առողջության հարց է»,- մանրամասնեց Սողոմոնյանը։

Ի դեպ՝ երբ Սողոմոնյանը տարածքի ոստիկանների հետ սպասելիս է եղել, հավաքի մասնակից երեխաների ծնողները հարձակվել են նրա վրա, թե՝ «բարեգործություն է, ինչո՞ւ ես խանգարում», «դիմա՞կն է, որ մեզ պետք է պաշտպանի», իսկ դրա ֆոնին ոստիկանությունը մեր զրուցակցից ինքնությունը հաստատող փաստաթղթեր է պահանջել։ Փաստաթղթերը ստանալուց հետո սկսել են բարձր կարդալ Սողոմոնյանի տվյալները՝ բնակության վայրը։ 

«Այնտեղ կարող էին լինել ինձ վնաս տվող մարդիկ, քանի որ նաեւ շատ ագրեսիվ էին, այդ ամբողջ ընթացքում իրենք ոչ համարժեք էին գործում։ Իրենց թվում էր, որ ես պետք է վախենամ, ասացի՝ ճշտեցի՞ք ինքնությունս, դե ցրեք հավաքը, իրենք այդ ամենը թողած՝ փոխանակ իրենց պարտականությունը կատարեին, ինձ դասեր էին տալիս, հարցնում՝ «ո՞վ ես, ինչի՞ց ես, որտե՞ղ ես աշխատում» եւ այլն։ Ամենավերջում, երբ արդեն մի ժամից ավելի անցել էր, ինձ ասացին՝ «գնա ստուց», ի վերջո հավաքն էլ դադարեցվեց, այնինչ՝ դա կարող էին անել մեկ ժամ առաջ»,- եզրափակեց Սողոմոնյանը։

Ոստիկանությունից Infocom-ի հարցերին ի պատասխան՝ որեւէ տեղեկություն չփոխանցեցին, նշեցին միայն, որ Վահրամ Սողոմոնյանն ինքը կստանա իր դիմումի պատասխանը եւ ոստիկանության մեկնաբանությունը։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել