Պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. Զոհրաբ Մնացականյան
14:03 - 01 սեպտեմբերի, 2020

Պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը․

Հարց. Սակայն վերջին սրացումը, կարծես, ամենաինտենսիվն էր վերջին 30 տարիների ընթացքում։ Ձեր կարծիքով ինչո՞ւ չեն գործում Մադրիդյան սկզբունքները։ Ո՞րն է մշտական սրացումների պատճառը։ 

Պատասխան. Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 12-ին, ըստ էության, 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառման և ռազմական գործողությունների միջոցով Հայաստանին և Արցախին (Լեռնային Ղարաբաղ) միակողմանի զիջումներ պարտադրելու երկրորդ փորձն էր։ Հուլիսի 12-ին հարձակում է իրականացվել Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում գտնվող մեր սահմանակետերի ուղղությամբ: Օգտագործվել է զգալի քանակությամբ զենք և զինտեխնիկա, գնդակոծվել են նաև խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հայաստանը վճռականորեն հակադարձեց այդ ագրեսիան՝  վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը ունեն բավարար ուժեր, բավարար ռեսուրսներ՝ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, և Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարվածը ևս մեկ անգամ դա հաստատեց։ 

Հարց. Կարծիք կա, որ, ըստ էության, Հայաստանին այնքան էլ հարկավոր չէ կարգավորել ԼՂ հիմնախնդիրը, իբրև թե, հողերը վերցված են, իսկ ստատուս քվոն էլ՝ ձեռնտու: Ինչպե՞ս կարող եք դա մեկնաբանել:

Պատասխան. Չեմ կարող համաձայնել այդ կարծիքի հետ: Եվ Հայաստանը, և Արցախը շահագռգռված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ, ինչը հնարավոր է փոխզիջումների վրա հիմնված խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ: Եվ մենք հետաքրքրված չենք մի իրավիճակով, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չունեն կայուն երկարաժամկետ հիմքեր: Այդ առումով խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է այս հակամարտության կարգավորման կարևոր առաջնահերթություն:

Հարց. Ինպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը։ Այն գոյություն ունի վաղուց։ Բայց հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Ի՞նչ եք կարծում, ինչ դեր է խաղում Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Համաձայն եք արդյո՞ք, որ անհրաժեշտ է փոխել բանակցությունների ձևաչափը:

Պատասխան. 90-ականների կեսերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որում ընդգրկված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, եղել է և մնում է բանակցային գործընթացի միակ ձևաչափը: Եվ այն ունի հստակ արդյունքներ: Այն միջազգային հանրության կողմից ճանաչված ձևաչափ է և ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամներին։ Երեք երկրներ, որոնք ունեն բավականին հզոր ռեսուրս՝ քաղաքական, դիվանագիտական՝ միջնորդության գործառույթն իրականացնելու համար:  Այս երկրների ներգրավվածությունը շարունակում է մնալ շատ ամուր: 

Այս տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր չափորոշիչներ և մոտեցումների մի ամբողջ շտեմարան, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է մշակել փոխզիջում: Շոշափելի և իրական փոխզիջում: Այս իմաստով մենք շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձևաչափին: Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին, և դա արտահայտվեց ինչպես հուլիսյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ դրանցից առաջ: Վստահ եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այն կարևորությունը, որն ունի Ռուսաստանն այս գործընթացում, և այն կարևոր ներդրումը, որը Ռուսաստանը կատարում է մյուս համանախագահների հետ միասին՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Այստեղ մենք ոչ մի կասկած չունենք, և համանախագահների աշխատանքը, որն, ի թիվս այլոց, նաև էսկալացիայի զսպման կարևոր գործոն է, այդ աշխատանքը կասկածի տակ դնելու, առկա ձևաչափը կասկածի տակ դնելու կամ դրա վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ անընդունելի է:

Հարց. ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Դուք պատրա՞ստ եք հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

Պատասխան. Անցած ժամանակահատվածում, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, բավական մեծ աշխատանք է տարվել համանախագահների կողմից տարբեր ուղղություններով: Այն ներառել է անմիջապես կարգավորման խնդիրներ, փոխզիջմանը հասնելու համար հիմնական ձևաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, մասնավորապես, ծրագրեր, որոնք կարող են նպաստել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը և միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը շարունակում է մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն: Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքի ողջ ծավալի շարունակմանը և, բնականաբար, ես իմ կողմից պատրաստ եմ շարունակել այդ աշխատանքը:

Հարց. Այսինքն՝ Դուք, պայմանականորեն ասած՝ հենց վաղը կարո՞ղ եք առանց որևէ պայմանի հանդիպել Ձեր ադրբեջանական գործընկերոջ հետ։ 

Պատասխան. Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել և իհարկե մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Եվ այստեղ ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է փոխզիջումներ գտնելու, անվտանգություն ապահովելու, ուժի կիրառումից և մաքիմալիստական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտության մեջ։ Հայաստանի համար գոյություն ունեն հստակ և կարևոր առաջնահերթություններ։ Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցը հանդիսանում է բացարձակ առաջնահերթություն։ Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացումը առանց որևէ սահմանափակումների, իրական, շոշափելի անվտանգության ապահովումը Արցախի համար կարևոր առաջնահերթություն: Եվ մենք պատրաստ ենք աշխատել և՛ համանախագահների, և՛ ադրբեջանական կողմի հետ, որպեսզի ուրվագծենք այն ձևաչափերը, որոնք հնարավորություն կընձեռեն համադրել և չափել հնարավոր փոխզիջման շրջանակը: 

Արցախին առնչվող մեկ կարևոր հարց ևս. այս երեսուն տարիների ընթացքում Արցախն ի ցույց է դրել հասարակական կյանքը կազմակերպելու, սեփական անվտանգությունն ապահովելու, միջազգային պարտավորություններ ստանձնելու բացարձակ իր կարողությունը։ Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման հարցը շատ կարևոր է և ունի գործնական բնույթ, քանզի այն կամրապնդի բանակցային գործընթացի նկատմամբ սեփականության զգացումը Արցախի ղեկավարության մոտ, որը, ընտրված լինելով Արցախի ժողովրդի կողմից, ունի վերջինիս շահերը ներկայացնելու համապատասխան մանդատ։

Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում Արցախում հանրաքվե անցկացնելու գաղափարին։

Պատասխան. Ինչ վերաբերում է Հայաստանին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` առանց որևէ սահմանափակումների համարվում է խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի գլխավոր մոտեցումներից մեկը։

Հարց. Նախատեսում է Հայաստանն արդյո՞ք դիմել Ռուսաստանին զենքի նոր վարկ ստանալու համար: Եվ ե՞րբ Հայաստանը պատրաստ կլինի մարել զենքի և սարքավորումների գնման վարկը:

Պատասխան. Մենք ունենք համապատասխան ձևաչափեր և հարթակներ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման համար, որտեղ լուծվում են մեր փոխգործակցության բոլոր հարցերը: Ես չեմ մանրամասնի:  Ընդհանուր առմամբ, սա մի ոլորտ է, որն ունի իր ձևավորված հարթակը:

Հարց. Բայց Դուք պատրաստվու՞մ եք գնել ռազմական նոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ 

Պատասխան. Մենք պատրաստ ենք անել ամենը` մեր երկրի պաշտպանունակության հետևողական ամրապնդման համար։ Ես արդեն նշեցի, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են։

Հարց. Երևանում շահագրգռվա՞ծ են Գյումրիի ռուսական ռազմաբազայի պահպանմամբ։

Պատասխան. Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն անվտանգային ընդհանուր շահեր, որոնց վրա հիմնվելով էլ անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ ենք հետապնդում։ Ռազմական բազան, իր հերթին, ևս նպաստում է այդ նպատակին հասնելուն։

Հարց. Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ գազի գինը իջեցնելու խնդրանքով: Ի՞նչ եք կարծում, «գազի» հարցը կարո՞ղ է վնասել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին:

Պատասխան. Էներգետիկայի խնդիրները, գազի մատակարարման հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում մեր երկու դաշնակից պետությունների բավական լայն օրակարգ ունեցող  երկկողմ հարաբերություններում: Մենք ունենք ընդհանուր օրակարգ՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման վերաբերյալ, և միասին աշխատում ենք դրա շուրջ։ Մենք ունենք բանակցելու և համաձայնության հասնելու լավ ներուժ:  Ամենակարևորը համաձայնության հասնելն է:

Հարց. Այսինքն, այսօր կա՞ փոխըմբռնում: Ի՞նչ արդյունքներ ունեցան բանակցությունները:

Պատասխան. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես լիովին համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել համաձայության։ Դա տեղի է ունենում միջկառավարական հանջնաժողովների մակարդակով, և կարծում եմ, որ համաձայնության գալու հավանականությունը բավական բարձր է։ 

Հարց. Հուլիսին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը հայտարարեց, որ Մոսկվան և Երևանը շարունակում են քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար վարկի երկարաձգման հարցը։ Հիմա նման քննարկումներ տարվու՞մ են, և ինչպե՞ս եք գնահատում դրանց հաջողությունը։ 

Պատասխան. Ատոմակայանի վերազինումը մտադիր ենք իրականացնել մեր բյուջետային միջոցների հիման վրա։ Եվ այս առումով նոր վարկերի հնարավորությունը դիտարկվում է հենց այն պրիզմայից, որ վերոնշյալ գործողությունն  անում ենք մեր սեփական միջոցներով։ 

Քննարկումները շարունակվում են: Մեր երկու պետություններն ունեն հստակ շահեր, խորը հարաբերություններ, ունեն համաձայնության հասնելու ներուժ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել