lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը որոշում է կայացրել, որ նոր Սահմանադրությամբ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորվելու են և ստեղծվելու է Գերագույն դատարան: Եթե պետք է այդ երկու դատարանները միավորվեին, ինչո՞ւ էր պետք այդ երկարատև գործընթացը, որի արդյունքում ՍԴ-ն ունենալու է նոր անդամներ և նոր նախագահ:

Ես կարծում եմ՝ այդ գործընթացները մեկը մյուսի հետ կապ չունեն ընդհանրապես, որովհետև այն փոփոխությունները, որ կատարվեցին վերջերս Սահմանադրական դատարանում, ընդամենը նպատակ էին հետապնդում այսօրվա գործող ՍԴ-ի ինստիտուտը համապատասխանեցնել գործող Սահմանադրության կարգավորումներին: Իսկ որ զուգահեռաբար սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է գործում, դա բոլորովին այլ գործընթաց է:

Մենք պետք է արձանագրենք, որ կա երկու փաստ. Կա ՍԴ, որը չի համապատասխանում այսօր գործող Սահմանադրությանը, ուստի դատարանակազմության և լիազորությունների առումով գործընթաց գնաց ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար, միաժամանակ զուգահեռ գործընթաց է գնում նոր Սահմանադրության, որտեղ արդեն կարտացոլվեն մասնագիտական հանձնաժողովի տեսակետները այդ փոփոխությունների առանցքային հարցերի վերաբերյալ, որը կհրապարակվի արդեն հայեցակարգի տեսքով հոկտեմբերին:

ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրման մասով քննադատությունները չեն դադարում, և նշվում է, որ եթե նույնիսկ այս թեկնածուները ԱԺ-ում «Իմ քայլի» կողմից ընտրվեն, միևնույն է, մենք ՍԴ-ի որակական փոփոխության չենք հասնի: Դուք նման մտավախություն չունե՞ք:

Դժվար է միանգամից այդպես գնահատել, որ չի լինի որակական փոփոխություն, որովհետև առաջադրված թեկնածուների մասնագիտական կարողությունները որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Իսկ թե ինչպիսի ՍԴ դատավորներ կլինեն, նախ պետք է աշխատեն, որ տեսնենք նրանց գործելաոճը նաև ՍԴ դատավորի կարգավիճակում: Հետևաբար կանխակալ ասել, որ որակական փոփոխություն չի լինի, կարծում եմ՝ տեղին չէ: Մյուս կողմից էլ քննադատություններ միշտ էլ կլինեն՝ անկախ նրանից, թե ովքեր կլինեն թեկնածուները: Ես վստահ եմ, որ չի լինի այնպիսի մի թեկնածու, որը 100 տոկոսանոց համախոհություն կգտնի հասարակության մեջ: Չի կարող մարդը բոլորին գոհացնել թե իր մասնագիտական կարողություններով, թե իր անցած աշխատանքային փորձով: Երբևէ չես կարող գտնել այն անձին, որի վերաբերյալ ոչ մի քննադատություն չի լինի: Ես այդ քննադատություններին վերաբերվում եմ նորմալ:

Այսինքն անբասիր անցյալ ու ներկա ունեցող թեկնածուներ այսպես թե այնպես չէին կարող գտնվե՞լ:

Ես չեմ խոսում անբասիրության մասին, ես խոսում եմ բոլորին գոհացնող թեկնածուների մասին: Եթե խոսում ենք անբասիր լինելու մասին, նայած՝ որ ոլորտն ենք նայում. մասնագիտակա՞ն, թեկնածուի կենսագրությունն ու կենսափո՞րձը, ինչ-որ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինե՞լը, քաղաքական ուժերի ազդեցության տակ գտնվե՞լը, ընկերային, կլանային շահեր պաշտպանե՞լը: Այս ամենը պետք է պարզել, թե չէ կարող է նաև կենցաղային մակարդակով թեկնածուն ասենք շատ շփվող չլինի և ասենք, հարևանին բարև չտա: Այս առումով, ես վստահ եմ, որ մենք չենք գտնի այն մարդուն, որի հասցեին ոչ մի քննադատություն չի լինի: Առաջին հերթին պետք է նայել թեկնածուի պրոֆեսիոնալիզմը:

Առաջադրված թեկնածուները ձեր պատկերացրած պրոֆեսիոնալիզմին համահո՞ւնչ են, թե ոչ:

Այո, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած մասնագետ է:

Շարունակությունը՝ lragir.am-ում