Գերմանացիները բողոքում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ |hetq.am|
19:24 - 30 օգոստոսի, 2020

Գերմանացիները բողոքում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ |hetq.am|

hetq.am:  Բեռլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցերի։ Այս մասին գրում է «BBC»-ն։

Հնարավոր վտանգներից ելնելով՝ իշխանությունները չէին ցանկանում թույլատրել երթը, քանի որ մասնակիցները կարող են չպահպանել սոցիալական հեռավորությունը, սակայն օգոստոսի 29-ին դատարանը թույլատրել է անցկացնել հավաքն այն պայմանով, որ մասնակիցները պարտադիր կրեն դիմակներ և պահպանեն ֆիզիկական հեռավորություն։

Սկզբում բողոքի ցույցը խաղաղ ընթացք է ունեցել, սակայն վերջում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների։ Իրավապահների տվյալներով՝ փողոց է դուրս եկել մոտ 18 000 մարդ, այդ թվում երեխաներ։ Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը «Ֆրանս պրես» գործակալության թղթակցին հայտարարել է, որ ինքը դուրս է եկել փողոց պաշտպանելու իր ազատությունը։ Ոստիկանությունը երթի մասնակիցներից պահանջել է պահպանել սոցիալական հեռավորությունը։

Ավելի ուշ, Բեռլինի ոստիկանական վարչությունը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ցուցարարները չեն պահպանում անհրաժեշտ կանոնները, ուստի ոստիկանությունը ստիպված կցրի այն։ Ոստիկանությունը նաև հավելել է, որ ցուցարարների մեծ մասն իրենց կոչից հետո խաղաղ հեռացել է, սակայն նրանք, որոնք չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, բերման են ենթարկվել։

Օգոստոսի սկզբից ի վեր սա արդեն երկրորդ փողոցային ակցիան է, որը կազմակերպվել է «Querdenken» շարժման կողմից։ Ակցիային մասնակցել են նաև աջ ծայրահեղական խմբեր։ Ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ Ռոբերտ Քենեդու որդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը պատվաստման հայտնի ընդդիմախոսներից մեկն է։ Ավելի ուշ նրա ելույթը դատապարտել են իր իսկ ընտանիքի անդամները։

Համանման բողոքի ցույցեր են եղել նաև Լոնդոնում և Փարիզում, որոնք, ի տարբերություն Բեռլինի, մարդաշատ չեն եղել։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ հավաքվել են Տրաֆալգարյան հրապարակում, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ, որոնք ընդունվել են կառավարության կողմից։

Ցուցարարները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «COVID-ը խաբեություն է» և «Ոչ պարտադիր պատվաստմանը»։ Ինչպես Բեռլինի պարագայում, Տրաֆալգարյան հրապարակում ևս չեն պահպանվել սոցիալական հեռավորության պահանջները։

Փարիզում էլ մոտ 300 մարդ դուրս է եկել փողոց՝ պահանջելու չեղարկել հանրային վայրերում դիմակների պարտադիր կրման պահանջը։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 453 նոր դեպք։ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, նա չի բացառում խիստ կարանտինի վերականգնումը։

 

Շարունակությունը՝ hetq․am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել