Արթուր Վանեցյանի հիմնադրամի ֆինանսավորմամբ Լանսարոտեի կոնվենցիայի մասին մանիպուլյատիվ տեսանյութ է տարածվել |fip.am|
13:58 - 29 օգոստոսի, 2020

Արթուր Վանեցյանի հիմնադրամի ֆինանսավորմամբ Լանսարոտեի կոնվենցիայի մասին մանիպուլյատիվ տեսանյութ է տարածվել |fip.am|

fip.am: Aysor.am լրատվական կայքը օգոստոսի 24-ին հրապարակել է  «Արժեհամակարգերի առևտուր. Ի՞նչ է Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիան և որո՞նք են դրա վտանգները» խորագրով տեսանյութ, որում հերթական անգամ մանիպուլացվել և կեղծվել են Լանսարոտեի կոնվենցիայի մի շարք դրույթներ:

Հոդվածը պատրաստվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք զարգացման հիմնադրամի» աջակցությամբ: Տեսանյութում հեղինակ-լրագրողները չեն նշվում:

Ի դեպ, 21 րոպեանոց տեսանյութում դրանք այնքան շատ են, որ բոլոր կեղծ պնդումները ստիպված չենք ներառել, և անգամ այդ դեպքում մեր հոդվածը վերածվել է մեծածավալ ուսումնասիրության, որը ընթերցողներին կարող է մի փոքր երկարաշունչ թվալ:

Հիշեցնենք, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Ազգային ժողովը վավերացրել է մայիսի 11-ին։ 

Սխալներ կոնվենցիայի պատմության մասին

Տեսանյութի սկզբում ընդամենը 2 րոպեում անհայտ հեղինակը հասցրել է 3 սխալ թույլ տալ. «2007 թ. հոկտեմբերի 25-ին Կանարյան կղզիների կազմում ընդգրկված այս փոքրիկ կղզյակում՝ Լանսարոտեում, հավաքվել էր Եվրոպայի խորհրդարանականների ողջ էլիտան: 47 երկրների ներկայացուցիչներ ստորագրեցին փաստաթուղթ, որը պետք է կանխարգելեր երեխաների հանդեպ սեռական բռնությունները և նրանց սեռական շահագործումը»,- նշում է հեղինակը՝ հավելելով, որ թեև այդ 47 պետություններում էլ կային ներքին օրենքներ, որոնք կանոնակարգում էին այս հարցը, այնուամենայնիվ, կոնվենցիան դարձել է գերակա երկրների ներքին օրենքների նկատմամբ։ 

Նախ, 2007 թվականին Լանսարոտեում 47 պետություն չի ստորագրել կոնվենցիան, այլ ընդամենը 23։ Բացի այդ, ստորագրողները ոչ թե պատգամավորներ էին, այլ ԵԽ անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ, քանի որ ԵԽ շրջանակում կոնվենցիաները ստորագրվում են կառավարությունների կողմից։ (Նույն սխալը հեղինակը թույլ է տալիս Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսելիս տեսանյութի վերջում):

Ինչ վերաբերում է պնդմանը, թե այդ օրվանից կոնվենցիան դարձավ գերակա երկրների ներքին օրենքների նկատմամբ, ապա դա նույնպես կեղծ է, քանի որ անգամ նույն օրը ստորագրելը բավարար չէր, որ այն տվյալ երկրում ուժի մեջ մտներ: Ստորագրելուց հետո պետությունները պետք է վավերացնեն կոնվենցիան, որից 4 ամիս անց այն մտնում է ուժի մեջ՝ ըստ կոնվենցիայի կանոնադրության:

Շվեդիայի Մալմյո քաղաքը դառնում է «Եվրոպայի բռնաբարության մայրաքաղաք»

«2015 թվականին՝ Կոնվենցիայի վավերացումից ավելի քան 8 տարի անց, Շվեդիայի Մալմյո քաղաքը դառնում է «Եվրոպայի բռնաբարության մայրաքաղաք»: Սեռական բռնություններն այստեղ հասնում են աննախադեպ քանակի, ու դրանց մեծ մասը բաժին էր ընկնում երեխաների նկատմամբ կատարված սեռական բռնություններին»,- հայտարարում է նյութի հեղինակը:  

«Մալմյոն՝ Եվրոպայի բռնաբարությունների մայրաքաղաք» արտահայտությունն առաջին անգամ օգտագործել է Մեծ Բրիտանիայում «Բրեքսիթի» (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) հարցում աջակողմյան դիրքորոշում ունեցող «Միացյալ Թագավորության անկախության կուսակցության» առաջնորդ Նայջըլ Ֆարաջը:

Aysor.am-ը չի ներկայացրել բրիտանացի ազգայնական գործչի՝ նման կարծիք հայտնելու դրդապատճառը, այն է՝ ներգաղթի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն մտցնելու իր տեսլականը: Նա փորձում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին համոզել, որ չզարգացած երկրներից միգրանտների ընդունումը նպաստել է հանցագործությունների աճին Եվրոպայում, մասնավորապես՝ Շվեդիայում, ընդ որում՝ նա որևէ անդրադարձ չէր կատարել երեխաների նկատմամբ սեռական բռնություններին:

«Համաչափության (pro-rata) կողմնակից Շվեդիան ընդունել է ավելի մեծ թվով երիտասարդ արական սեռի միգրանտների, քան որևէ այլ եվրոպական պետություն։ Եվ այնտեղ սեռական բռնության դեպքերի դրամատիկ աճ է տեղի ունեցել այն աստիճան, որ Մալմյոն դարձել է Եվրոպայի, իսկ ոմանց կարծիքով՝ անգամ աշխարհի բռնաբարության մայրաքաղաքը»,- հայտարարել էր Ֆարաջը 2017 թվականին։ BBC-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ այդ պնդումն իրականության հետ որևէ աղերս չուներ:

Իրականում, Շվեդիայի քաղաքները բռնաբարությունների և սեռական բռնությունների մասին հաղորդումների ցուցանիշներով ԵՄ-ում ամենաբարձր տեղերում են, իսկ դրա հիմնական պատճառը շվեդական օրենքների խստությունն է: Հատկանշական է, որ 2010 թվականից սկսած այդ թվերը կտրուկ սկսել են անկում ապրել: Բացի այդ, Շվեդիան դեռևս 2005 թվականից (ի դեպ, մինչև Լանսարոտեի կոնվենցիան) բավականին ընդլայնել է «սեռական բռնության» հասկացությունն իր ազգային օրենսդրությամբ այնպես, որ, օրինակ, Շվեդիայում «բռնաբարություն» հասկացությունն այլ պետությունների քրեական օրենսդրությամբ կարող է համընկնել ֆիզիկական բռնություն կամ մարմնական վնասվածք հասկացություններին: Սա է իրականում այդ երկրում վիճակագրության բարձր ցուցանիշների պատճառը

Նշենք նաև, որ Շվեդիան ստորագրել է Լանսարոտեի կոնվենցիան 2007 թվականին, իսկ վավերացրել՝ 2013-ին: Հետևաբար, որևէ ազդեցություն Լանսարոտեի կոնվենցիան չէր կարող ունենալ այդ ժամանակահատվածում երկրում բռնությունների աճի վրա:

Կոնվենցիայում սեռական կրթության մասին հոդվածի աղավաղումը

Տեսանյութում աղավաղվում է նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը վերաբերում է երեխաների կրթությանը:

«Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական և կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության վտանգի մասին, ինչպես նաև՝ իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»,— ասվում է տեսանյութում:

Հատկանշական է, որ Կոնվենցիայի բացատրական զեկույցի 58-րդ կետը ընդգծում է, որ երեխաներին սեռական բնույթի հարցերի և սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների վերաբերյալ կրթելը նախ և առաջ ծնողների պարտականությունն է:

Սեռական կրթության չափանիշների մասին շահարկումներին Fip.am-ը մանրամասն անդրադարձել էր նախորդ հրապարակումներից մեկում:

Կոնվենցիայի բացատրական զեկույցի 58-61-րդ կետերում ասվում է, որ երեխաներն այդ տեղեկությունները պետք է ստանան իրենց կյանքի հնարավորինս վաղ փուլերում և որ ցանկացած տեղեկություն նրանց հասանելի դարձվի «իրենց զարգացող կարողություններին հարմարեցված» ձևով, այլ կերպ ասած՝ իրենց տարիքին և հասունությանը համապատասխան: 

Ավելին՝ 60-րդ կետում շեշտվում է, որ նշված տեղեկությունները պարտադիր չէ, որ դասավանդման ծրագրի մաս կազմեն, այլ կարող են տրամադրվել ոչ պաշտոնական կրթական համատեքստում: 

Սեռական կրթության չափանիշների մասին

«…Մտահոգությունն ավելի քան տեղին է: Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը գերմանական առողջապահական կազմակերպությունների հետ մշակել է նախագիծ, որում ներկայացված չափորոշիչներով էլ հենց պետք է կազմակերպվեն սեռական դաստիարակությունը և սեռական կրթությունը կրթական հաստատություններում»,- նշում է հեղինակը: Այնուհետև մեջբերելով այդ չափորոշիչները՝ հայտնում է, որ 0-4 տարեկան երեխաներն ուսանելու են մաստուրբացիայի մասին, սեփական մարմնին դիպչելուց հաճույքի մասին, 4-6 տարեկան երեխաները՝ նույնասեռ հարաբերությունների, սեռական տարբեր կողմնորոշումների մասին և այլն: Նշվում է, որ այս «ստանդարտը» ներդրված է Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում, Ալբանիայում, Մակեդոնիայում։  

Իրականում, «ԱՀԿ մշակած նախագիծը» 19 տարբեր ոլորտների փորձագետների կողմից ստեղծված փաստաթուղթ է, որը նախատեսված է քաղաքականություն մշակողների, առողջապահական համակարգի ղեկավարների և առողջապահական ու կրթական ոլորտների մասնագետների համար: Այն որևէ իրավական ուժ չունի, այլ ունի խորհրդատվական նպատակ: Այն որևէ կապ չունի Լանսարոտեի կոնվենցիայի հետ:

Ինչ վերաբերում է այլ երկրներում, մասնավորապես՝ Միացյալ Թագավորությունում այդ փաստաթղթի կիրառմանը, ապա դա նույնպես իրականությանը չի համապատասխանում:

Միացյալ Թագավորության կառավարական կայքից տեղեկանում ենք, որ կրթական չափորոշիչում սեռականության կամ սեռական հարաբերություններին վերաբերող պարտադիր առարկայի կրթումը սկսվում է 11 տարեկանից, իսկ 7 տարեկանից այն կամընտրական առարկաների թվում է։ ՄԹ-ում պարտադիր կրթության չափորոշիչի շրջանակում սովորեցնում են վերարտադրողական առողջության, սեռականության և սեռական առողջության մասին։ Կայքում նշվում է, որ յուրաքանչյուր դպրոց պարտավոր է սեռական կրթության մասին անվճար գրավոր փաստաթուղթ հասանելի դարձնել ծնողներին։ Ու թեև չափորոշիչի միայն որոշ հատվածն է պարտադիր 11 տարեկան և ավելի մեծ երեխաների համար, այդուհանդերձ ծնողները կարող են մնացած մասի դասերին չուղարկել իրենց երեխաներին, և նրանց որևէ պատասխանատվության չեն ենթարկում:

ԱՀԿ այս փաստաթղթի չափորոշիչների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր նախորդ հրապարակման մեջ: 

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի դեպքում այս հարցի պատասխանը ներկայումս քննարկումների փուլում գտնվող կրթության չափորոշիչներում է, և տեսանյութում վկայակոչվող 0-4 և 6-9 տարեկան երեխաներին մատուցվող տեղեկատվությունը դրանցում նախատեսված չէ, իսկ կրթության չափորոշիչների նախագծերը մշակվել են հենց հայաստանցի մասնագետների կողմից:

Կոնվենցիան և ներազգային օրենքները

«Անընդունելի է անգամ մեկ երեխայի խեղված ճակատագիրը, բայց մի՞թե Հայաստանում այն ծայրահեղ իրավիճակն է երեխաների սեռական բռնությունների առումով, որ հարկավոր էր կարգավորող օրենքներին զուգահեռ՝ վավերացնել միջազգային հավելյալ կոնվենցիա»,- ասվում է տեսանյութում։

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում պարզաբանում է, որ որևէ կոնվենցիա ուղղակի չի կիրառվում և «անհրաժեշտ է ազգային օրենսդրության մակարդակում նախատեսել կոնվենցիայից բխող կարգավորումներ, ուստի խոսքը կարող է վերաբերել մեր ազգային օրենսդրության համապատասխանեցմանը»։ 

«Ի դեպ, կառավարության կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազգային օրենսդրության որոշակի փոփոխություններ անհրաժեշտ են, որոնք նաև տեղ են գտել կոնվենցիայի իրագործման գործողությունների ծրագրում»,- հավելում է Գրիգորյանը:

Բացի այդ, նման հանցակազմերով որակվող դեպքերի թիվը տարբեր կարող է լինել՝ կախված նրանից, թե որ պետության ազգային օրենսդրությամբ երեխայի սեռական բռնության հասկացությունն ինչպես է սահմանված։ Ավելին՝ կոնվենցիայի հոդվածներով չէ, որ պետությունները վիճակագրություն են հավաքում, այլ բացառապես իրենց քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցակազմերով։ 

Աղավաղված վիճակագրություն

Տեսանյութում ներկայացվում է Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վիճակագրություն 2016-2019 թվականների համար: Ըստ դրա՝ 2016-ին գրանցվել է նմանատիպ 80 դեպք, 2017–ին՝ 71, 2018-ին՝  50, 2019 -ին՝ 51:

Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական տվյալների (վիճակագրությունն ըստ Քր. օրենսգրքի 138-141 հոդվածների)՝ 2017 թվականին Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 քրեական գործ, որից 101-ը սեռական բնույթի, 2018-ին՝ 317 քրեական գործ, որոնցից 76-ը՝ սեռական բնույթի։ 2019 թվականին երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնության դեպքերի թիվը կազմել է 91:

 

 

Հետևաբար, անգամ Հայաստանին վերաբերող ցուցանիշները տեսանյութում սխալ են ներկայացվում:

Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Տեսանյութի վերջում ծավալուն անդրադարձ է կատարվում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային», որն ավելի շատ հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ: 

Հեղինակը, որպես օրինակ, բերում է Բուլղարիայի փորձը, որը կոնվենցիան ճանաչել է հակասահմանադրական։ «Այստեղ հասկացան, որ երկիմաստ է ընկալվում գենդեր բառը, որը կոնվենցիայում հիշատակվում է 28 անգամ: 2018 թ. հուլիսի 28-ին Բուլղարիայի սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց կոնվենցիան, քանի որ երկրի Սահմանադրությունը չուներ երրորդ սեռի մասին դրույթներ, ինչը պահանջում է  կոնվենցիան»,- նշում են տեսանյութում:

Բուլղարիայի սահմանադրական դատարանի կողմից դիտարկված բուլղարերեն թարգմանությամբ տեքստում «սեռ» բառը գործածվել է նաև «գենդեր» բառի փոխարեն: Եվ միայն մի տեղ՝ 4-րդ հոդվածի 3-րդ մասում է «գենդեր» բառը թարգմանվել որպես «սոցիալական սեռ»՝ տարբերակելու համար նույն մասում թվարկվող խտրականության հիմքերի մեջ նշվող «սեռ» [пол] բառից։ Այս տերմինաբանական հարցն էլ ստիպել է դատարանին եզրակացնել, որ կոնվենցիան ներմուծում է «երրորդ սեռի» հասկացությունը։ Դատարանը, մասնավորապես, նշել է, որ «գործածվող հասկացություններում դրված իմաստը ոչ միայն չի խթանում սեռերի միջև իրավահավասարության ապահովման գաղափարը, այլև անորոշ է դարձնում դրանց տարբերությունները», և ընդհանուր առմամբ եզրակացրել է, որ «եթե հասարակությունը կորցնում է իր կարողությունը տարբերակելու տղամարդուն և կնոջը, ապա կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը կմնա ձևական հանձնառություն, որն հնարավոր չէ իրագործել»։

Փաստացի, այս հարցում Բուլղարիայի պաշտոնական դիրքորոշումը տեսանյութում ակնհայտորեն խեղաթյուրվել է:

Ինչ վերաբերում այն պնդմանը, թե կոնվենցիայում «գենդեր» բառը հիշատակվում է 28 անգամ, ապա հարկ է հիշատակել, որ «գենդեր և գենդերային» բառերը հանդիպում են 2013 թվականին ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում 118 անգամ։ 

Ստամբուլյան կոնվենցիան և նույնասեռ անձանց ամուսնությունները

Հաստատված ավանդույթի համաձայն՝ տեսանյութում շահարկվեց ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնության հարցը: 

Մեջբերվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ճեպազրույցը, ըստ որի՝ այս կոնվենցիայի ընդունման արդյունքում նույնասեռ անձինք ամուսնանալու հնարավորություն են ստանալու:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ հայտարարում է, որ այս կոնվենցիայի վտանգները թաքնված են. «Ընտանիք հասկացությունը Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով չի համարվում տղամարդու և կնոջ միությունը, համարվում է նաև տղամարդու և կնոջ միությունը: Սակայն Ստամբուլյան կոնվենցիայի համաձայն՝ ընտանիք է համարվում նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների միությունը»:

Իրականում, Ստամբուլյան կոնվենցիան չի պարունակում զուգընկերային կամ նույնասեռական հարաբերությունների առումով ընտանիքի որևէ սահմանում:

Հայաստանում ընտանիքի հասկացությանն անդրադարձ է կատարվում Սահմանադրության 16-րդ հոդվածով, իսկ ամուսնանալու ազատությունը սահմանված է Սահմանադրության 35-րդ հոդվածում: Ըստ դրա՝ որպես ամուսնություն են գրանցվում միայն կանանց և տղամարդկանց միությունները:

Ստամբուլյան կոնվենցիայում ամուսնության մասին նշվում է միայն հարկադիր ամուսնությունների համատեքստում (37-րդ հոդված)։ Դրանով կողմ պետությունների համար չի ստեղծվում պարտավորություն՝ օրինականացնելու նույնասեռական ամուսնությունները կամ ԼԳԲՏ անձանց առնչությամբ ընդունել որևէ այլ միջոց։ Հետևաբար, Ստամբուլյան կոնվենցիան ոչ մի կերպ չի հակասում ազգային սահմանադրությանը, որով ամուսնությունը սահմանվում է որպես միություն կնոջ և տղամարդու միջև։

Այս մոտեցումն արձանագրված է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանին ներկայացված խորհրդատվական կարծիքում։ 

Ստամբուլյան կոնվենցիայի մասին տարածվող մանիպուլյացիաներին և կեղծ լուրերին կարող եք ծանոթանալ 2019 թվականին հրապարակված մեր հոդվածում:

Նարինե Ներսիսյանի մանիպուլյացիաները 

Տեսանյութում ներառված է նաև Լանսարոտեի կոնվենցիայի դեմ ակտիվորեն պայքարող, բժիշկ Նարինե Ներսիսյանի հարցազրույցը: Անդրադառնալով երեխաների սեռական դաստիարակությանը, նա հայտարարում է. «Մինչև 11-12 տարեկան երեխային սեռական թեմաների շուրջ որևէ տեսակի տեղեկատվության տալն արդեն իսկ երեխայի նկատմամբ բռնության գործադրում է, որովհետև երեխան այդ տարիքում գտնվում է հոգեսեռական զարգացման լատենտ վիճակում…»: 

Հատկանշական է սակայն, որ ընդամենը մի քանի տարի առաջ Նարինե Ներսիսյանն այս հարցի վերաբերյալ ուներ հակասող կարծիք: 2014 թվականին հրապարակված հարցազրույցում նա պնդել էր, որ երեխայի սեռական կրթությունը սկսվում է ծնված օրվանից. «Բնական է, որ յուրաքանչյուր երեխայի մոտ հարցեր են առաջանում, սկսած ամենահասարակից՝ ինչո՞ւ է աղջկա ու տղայի մարմինը տարբեր: Առաջին կրթողները հենց ծնողներն են, և շատ կարևոր է, որպեսզի նրանք երեխային հասանելի լեզվով, բայց առանց խաբելու պատասխանեն նրա հարցերին: Չի կարելի երեխային վախեցնել, ամաչեցնել, քանի որ նրա հարցերն էլ ո´չ վախենալու են, ո´չ ամաչելու, շատ բնական են: Եթե երեխան ճիշտ ձևով է ստանում առաջին, հիմնարար ինֆորմացիան, ապա և հետագա սեռական կրթությունը բնականոն հունով կընթանա, իսկ շատ ու շատ խնդիրներ պարզապես չեն ծագի»

Այսպիսով, «Հայրենիք զարգացման հիմնադրամի» աջակցությամբ ստեղծված Լանսարոտեի կոնվենցիային նվիրված տեսանյութը, որի հեղինակները նախընտրել են անհայտ մնալ, լի է փաստերի խեղաթյուրումներով և կեղծ տեղեկատվությամբ։ 

Լուսինե Ոսկանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել