ՀՀ էկոնոմիկայի Փոխնախարարն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն
10:30 - 29 օգոստոսի, 2020

ՀՀ էկոնոմիկայի Փոխնախարարն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին օգոստոսի 28-ին մշտադիտարկման նպատակով այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայքնում գործող «Արմբերրի» ընկերություն։  Այցին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Հյուրերը շրջել են ընկերության ժամանակակից սարքավորումներով հագեցած հատապտղանոցներում, որտեղ ներդրված են կարկտապաշտպան ցանցեր, սառնարաններ,  ինչպես նաև ջրավազան, որը հատապտղանոցն ապահովվում է մաքուր ջրով։

Այստեղ առկա են օրգանական ազնվամորու և մոշի աճեցման բացառիկ պայմաններ, ինչը թույլ է տալիս ավելի մեծաքանակ և որակյալ բերք ստանալ։ Նշվել է, որ հիմնվել է հատապտուղների տնկարան, որը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ տնկիներով, այլև կազմակերպությունը պատրաստակամ է իրենից ձեռք բերված տնկիներից աճեցված բերքը հետագայում գնել և շուկայահանել: Ստեղծված ենթակառուցվածքները հնարավորություն են մատակարարման ժամկետներն ընդլայնել, ուստի  արտահանման հետ կապված ռիսկերը կատավարելի են, և ընկերությունն այլևս կախված չէ եղանակային պայմաններից։

«Արմբերրի» ընկերության գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը փոխնախարարին և դեսպանին ներկայացրել է ներկայում կատարվող աշխատանքները, ֆերմերների հետ աշխատելու իրենց նոր նախաձեռնությունը, որի շրջանակում ֆերմերներն ընկերությունից ձեռք կբերեն տնկիներ, կստանան համապատասխան խորհրդատվություն տվյալ մշակաբույսի հետ աշխատելու համար։

Առաջիկայում ընկերությունը նախատեսել է ընդլայնել գործունեությունը՝ օգտվելով Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերից։ 

Շրջայցի ընթացքում փոխնախարարն ընդգծել է կառավարության կողմից մշակված ծրագրերի կարևորությունն ու արդյունավետությունը։«Էկոնոմիկայի նախարարությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով կազմակերպությանն արդեն իսկ օժանդակել է 20 մլն դրամով, ինչը նպաստել է հատապտղանոցի հիմնման, հետբերքահավաքային կարողությունների, արտահանման կարողությունների զարգացմանը: Մեր դոնոր գործընկերների կողմից տրամադրված աջակցությունը հիանալի շարունակություն է ստեղծված կարողությունների զարգացման և ընդարձակման համար», - նշել է Արման Խոջոյանը։

«Ուրախ ենք արձանագրել, որ, համագործակցելով կառավարության և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Միջազգային զարգացման գործակալությունն է, մենք կարողանում ենք աջակցել բիզնեսին հաջողության հասնելու հարցում։ «Արմբերրի»ընկերությունն այդ եռակողմ համագործակցության արդյունքում զարգացող բիզնեսի հիանալի օրինակ է»,- ամփոփելով  շրջայցի արդյունքները՝ նշել է դեսպան Լին Թրեյսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել