Հանձնաժողովում քննարկվել են հայագիտական առարկաների նոր չափորոշիչները
09:36 - 28 օգոստոսի, 2020

Հանձնաժողովում քննարկվել են հայագիտական առարկաների նոր չափորոշիչները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է հանդիպումներն առարկայական չափորոշիչները մշակող աշխատանքային խմբերի հետ: Հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Մխիթար Հայրապետյանը։

«Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հասարակագիտական ուսումնական բնագավառի առարկայաշարի ծրագրերն ու չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի անդամները, ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի փորձագետները։

Քննարկումը բաժանված էր երկու հատվածի՝ տեխնիկական-կազմակերպչական և բովանդակային-կոնցեպտուալ: Առաջին հատվածում հնչեցին հարցեր՝ կապված մասնագիտական թիմի անդամների ընտրության, մրցույթի կազմակերպման, մրցույթին մասնակցելու համար պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ: Երկրորդ հատվածում քննարկումը բովանդակային էր:

Հիմք ընդունելով Հանրակրթության պետական չափորոշչի հայագիտական մի շարք առարկաների, այդ թվում՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության, կառուցվածքի շուրջ ձևավորված մասնագիտական և ակադեմիական համայնքի, ինչպես նաև հանրության տրամադրությունները, հանդիպումն ընթացավ հետևյալ թեմաների և հարցադրումների համատեսքտում․
 
  1. Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի անհրաժեշտությունը: Ինչ հետազոտության կամ վիճակագրության է հղում արվել:

  2. Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի առանցքային շեշտադրումները, դրանց կենսունակությունն ու չափելիությունը կրթական գործընթացում: Վերջարդյունքները: Գործող և նոր չափորոշիչների համեմատություն:

  3. Առարկայական ծրագրային փոփոխությունների հիմնավոր փաստարկները, նոր փաստաթղթով հայագիտական և հասարակական ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները:

  4. Հանրակրթական պետական չափորոշչով նախատեսվող հասարակագիտական ուսումնական բնագավառում նոր առարկաների ավելացումն ու դրանց ծրագրային-բովանդակային թեմաները, միջառարկայական կապերը: Համեմատություն գործող և ներկա առարկայական ծրագրերի միջև:

  5. Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչների կազմման սկզբունքները, դասավանդման նոր ձևաչափն ու նոր մեթոդիկան. կրթության կամակերպման նոր մոդելի առավելություններն ու թերությունները, ակնկալվող արդյունքները:

  6. Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում ներդրվող կրեդիտային համակարգը, նախագծային ուսուցման մեթոդը և ուսուցչի մասնագիտական-մանկավարժական ազատությունը՝ դպրոցից բուհ սահուն անցման նախապայման և գրավական:

  7. Առարկայական չափորոշիչներում առկա և գրագողության մասին վկայող փաստեր. ով կամ ովքեր են պատասխանատու, և ինչ քայլեր են ձեռնարկվում:

  8. «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ճշգրիտ ժամանակագրության պահպանումը առարկայական ծրագրերում, համաժամանակյա ուսուցումը: Ծրագրային թեմաների տրամաբանական շարունակականությունն ու միջառարկայական կապերի առկայությունը:

  9. Կրթության նորմատիվ ակտերի լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում հանրակրթական ուսհաստատություններում դասավանդող ուսուցիչների մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ուսուցիչը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի գործընկեր և ոչ ֆորմալ անդամ:

  10. Լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում համագործակցությունը ակադեմիական, դասախոսական համայնքի հետ, մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ակադեմիական համայնքը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի խորհրդատու:
 
Քննարկվել են նաև այլ հարցեր, որոնք անմիջանակորեն կապված էին վերը նշված թեմաների հետ: Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն առարկայական չափորոշիչների վերջնական լրամշակման փուլում ևս մեկ հանդիպում ունենալ: Մասնագիտական խմբին փոխանցվեց նաև մասնակից պատգամավորների առաջարկներն ու դիտողությունները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել