Բողոքարկվել է դիմակ չդնելու համար կազմված արձանագրությունների 0.06 տոկոսը, բավարարվել՝ դրանց միայն 6.5 տոկոսը |armtimes.com|
14:08 - 27 օգոստոսի, 2020

Բողոքարկվել է դիմակ չդնելու համար կազմված արձանագրությունների 0.06 տոկոսը, բավարարվել՝ դրանց միայն 6.5 տոկոսը |armtimes.com|

armtimes.com: Փակ տարածքներում դիմակ պետք է դնել՝ կորոնավարակի տարածումը կանխարգելելու նպատակով. հայտարարել է պարետատունը՝ դիմակ չդնելու համար սահմանելով 10 հազար դրամ տուգանք: Հանրության մեջ, սակայն, հաճախ է հնչում կասկած, թե այդ տուգանքները չեն գանձվում, քանի որ հնարավոր է ոստիկանների կազմած այդ արձանագրությունները վիճարկել եւ շարունակել անարգել շրջել առանց դիմակների:

Սակայն, ինչպես հարցմանն ի պատասխան՝ հաղորդեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, կազմված արձանագրությունների միայն մոտ 6.5 տոկոսն է չեղարկվել. տուգանքների ճնշող մեծամասնությունը վճարվել է կամ ենթակա է վճարման:

Հարցերին, թե քանի՞ արձանագրություն է կազմվել ինքնամեկուսացման կանոնների խախտման եւ դիմակ չդնելու վերաբերյալ, ոստիկանությունից պատասխանել են, որ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար մինչ 2020 թվականի հուլիսի 8-ը կազմվել է 137 արձանագրություն, որոնցից 106-ով կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում, իսկ դիմակ չդնելու համար կազմվել է 65.585 արձանագրություն, որոնցից 19.876-ով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։ «ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից հակահամաճարակային կանոնների յուրաքանչյուր խախտման հայտնաբերման դեպքում կազմվում է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, միաժամանակ ոստիկանության ծառայողները հորդորում են քաղաքացիներին պահպանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության կանոնները»,- նշված է պատասխանում։

Արձագանքելով այն հարցին, որ որոշ հասարակական կազմակերպություններ, ակտիվորեն տանելով դիմակ չդնելու քարոզ, հայտարարում են, որ իրենց օգնությամբ քաղաքացիները կարող են բողոքարկել ոստիկանության արձանագրությունները եւ խուսափել տուգանքներից՝ ՀՀ ոստիկանությունից հաղորդել են, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ (24.03.2020 թ.-ից մինչեւ 06.08.2020 թ) վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումների դեմ ներկայացվել է 1.137 բողոք, որոնցից 75-ը բավարարվել է, 832-ը՝ մերժվել, իսկ 230-ը գտնվում է ընթացքի մեջ։

Ինչպե՞ս է կազմվում արձանագրությունը, երբ մարդու մոտ չի լինում անձը հաստատող փաստաթուղթ. «Վարչական իրավախախտում կատարած անձի մոտ անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում վերջինս ոստիկանության ծառայողի կողմից բերվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում, պարզվում է իրավախախտում կատարած անձի ինքնությունը եւ կազմվում իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու փաստով արձանագրվել է 1466 դեպք»,- հաղորդել են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ նման դեպքերում եւս 10 հազար դրամ տուգանք է նախատեսվում՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության համար:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար մինչ հուլիսի 8-ը կայացված վարչական տուգանքներից վճարվել է 4 մլն 580 հազար դրամ։

Այն հարցին, թե ի՞նչ սանկցիա է կիրառվել տաքսու այն վարորդի նկատմամբ, որը, իմանալով իր՝ կորոնավարակակիր լինելու մասին, շարունակել է սպասարկել ուղեւորների, ոստիկանությունից հաղորդել են, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 277․1․ հոդվածի հատկանիշներով. հոդվածով նախատեսվում է 200 հազար դրամ տուգանքից մինչեւ 3 տարվա ազատազրկում։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել