ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը Ամուլսարի թեմայով խնդրահարույց պնդումներ է արել
14:42 - 28 օգոստոսի, 2020

ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը Ամուլսարի թեմայով խնդրահարույց պնդումներ է արել

Օրերս 24News-ի եթերում Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու քննարկումների թեմայով հարցազրույցի ժամանակ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը հայտարարել է, որ սարը որպես ոսկու հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության իրականացրած ՇՄԱԳ-ը կատարված է բավականին բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան։

Թեեւ հնարավոր է՝ այդ գնահատումն իսկապես միջազգային ստանդարտներին համապատասխան է իրականացվել, սակայն 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից թաքցնելու դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Փորձաքննությամբ պարզվել էր, որ հիշատակված ՇՄԱԳ-ն ամենեւին էլ իդեալական չէ։

Նույն տարվա օգոստոսի վերջին՝ եզրակացության հրապարակումից օրեր անց, ELARD-ի փորձագետները ՀՀ կառավարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ էլ իրենց ծավալուն փաստաթուղթը մեկնաբանելիս հայտարարեցին, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ը թերի է եւ թույլ չի տալիս կուռ կերպով գնահատել կամ քանակական գնահատական տալ ազդեցությանը: 

Փորձագետներից հիդրոերկրաբան Նիդալ Ռաբահը, մասնավորապես, նշել էր, որ իրենք չկարողացան գնահատել այդ ՇՄԱԳ-ի արժանահավատությունն ու վստահելիությունը՝ ելնելով բոլոր թերություններից՝ այսպիսով եւս մեկ անգամ հաստատելով, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։

Ընդ որում՝ ELARD-ի փորձագետները զարմացել էին, որ այդպիսի հարց եւ տեսակոնֆերանսի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարությունում, քանի որ զեկույցում այդ ամենի մասին հստակ գրված է եղել։ 

Երկրաբանական գիտությունների դոկտոր Մելիքսեթյանը նաեւ հիշեցրել է, որ խոսվում էր Ամուլսարի ծրագրի իրականացման դեպքում Սեւանա լճի վրա հնարավոր բացասակայն ազդեցության մասին, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, թե մասնագետներն ասացին, որ որեւէ վտանգ չկա։

Դարձյալ վերադառնալով ELARD-ի փորձաքննությանը՝ նշենք, որ ի սկզբանե, երբ պատվիրվել է այն, պոտենցիալ ազդեցության հիմանական մտահոգություն են հանդիսացել Սպանդարյան-Կեչուտ թունելի եւ Կեչուտի ջրամբարը, որոնք սնուցում են Սեւանա լիճը։

Ըստ փորձաքննության նյութերի՝ թթվային դրենաժից ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը դառնում են մակերեւութային ջրեր՝ աղբյուրներում, հոսանքներում եւ գետերում։ Հանքի բացահանքերի շրջակայքում խանգարված տարածքները կարող են գոյացնել թթվային դրենաժ, որը կհոսի անմիջապես մակերեւութային ջրեր։ 

Ժամանակավոր աղբյուրները, ըստ եզրակացության, բացահանքի շրջակայքում հանդիսանում են ստորգետնյա ջրերի կարճ ուղիներ։ Բացահանքի պատերից կարող է հոսել օրերի կամ ամիսների ընթացքում՝ կախված, թե ինչպիսի փոխկապակցվածություն ունեն ճաքերը եւ մակերեւույթը։ Գարնանային ձնհալի ժամանակ վաղանցիկ աղբյուրներից հոսքը վկայում է լեռնաշղթայի ճաքերի միջոցով հոսքի արագության մասին։ Ժամանակը, որի ընթացքում թթվային դրենաժի ազդեցությունը կրող հոսքերը հասնում են լեռան ցածրադիր գոտու մշտահոս աղբյուրներին եւ հոսքերին, ավելի երկար է, սակայն եթե խզվածքների եւ ճաքերի միջոցով ստորգետնյա ջրերի հոսքը լավ է փոխկապկցված, հոսքերի որոշ հատվածներում կարող է կրճատվել վաղանցիկ աղբյուրների հետ միախառնվելու ժամանակահատվածը։ Ոչ մշտահոս եւ մշտահոս աղբյուրների ջրերը եւ ստորգետնյա ջրերը, որոնք հատվում են լեռան բարձրադիր հատվածներում հիմնական գետերին կարող են հասնել մի քանի ժամվա ընթացքում։

Թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերի մեծ գետեր լցվելու ժամանակահատվածը, ըստ ELARD-ի, վիճելի է եւ կախված է ճեղքվածքների փոխկապակցվածությունից։

Թեեւ ELARD-ի փորձագետները նշել են, որ թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել եւ իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, ու Կեչուտի ջրմբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, սակայն, միեւնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, այն կարող է ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենա Սեւանա լճի վրա։ Ինչպես նաեւ, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել աղբյուրներ եւ հոսքեր, որոնք իրենց հերթին լցվում են Կեչուտի ջրամբար։ Ընդ որում՝ ELARD-ն ընդգծել է, որ այդ պահին առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ ասել ստորգետնյա այդ ջրերի փոխանցման ժամանակը։

Այսպիսով, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսենթյանի պնդումները, թե Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող ընկերության ՇՄԱԳ փորձաքննությունը կատարված է բավականին բարձր մակարդակով, եւ թե Ծրագրի իրականացման դեպքում Սեւանա լճին վտանգ չի սպառնում, ոչ միանշանակ են եւ խնդրահարույց։ Ըստ որում՝ Մելիքսեթյանն իր պնդումներին փաստական հիմքեր չի ներկայացրել։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել