«Հրապարակ» օրաթերթը դեռեւս մեկ ամիս առաջ «Իշխանությունները փորձում են ֆուրոր անել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող 92 մլն եվրո աջակցության պայմանագրերի մեծ մասը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե այս տարի Եվրամիությունը 92 մլն եվրո է տրամադրելու Հայաստանին․

«Կասկածները, թե դա ոչ թե նոր գումար է, այլ Հայաստանին մինչ այդ տրամադրված գումարի վերաբաշխում, մեր աղբյուրները հաստատեցին. 92 մլն եվրոյի աջակցության 60 միլիոնը դեռ Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքն է։ 32 միլիոնն էլ, որի շուրջ իշխանությունները քարոզչական աղմուկ են բարձրացրել, ԵՄ-ի կողմից ոչ թե լրացուցիչ գումար է, այլ 2018-19թթ․ ԵՄ նախատեսած ու Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարներն են` բյուջետային աջակցության ծրագրով` բարեփոխումների համար նախատեսված։ Այսինքն` անգործության հետեւանքով լուրջ թերակատարում է գրանցվել, սակայն ԵՄ-ն փաստացի վերահատկացրել է ժամանակին չծախսված այդ գումարը, ինչը նույնպես բարի կամքի դրսեւորում է՝ կարող էին չհատկացնել»:

Ի՞նչ աջակցության մասին է խոսքը 

Դեռեւս այս տարվա ապրիլ ամսին Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։

«Կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ  հպարտությամբ  տեղեկացնում ենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով»,- ասված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ շեշտված է, որ միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Infocom-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին հատկացնել ոչ թե 92, այլ ընդհանուր 98,5 մլն եվրո գումար՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին դիմակայելու նպատակով։

«Հրապարակի» պնդմամբ՝ 92 մլն եվրո աջակցությունից 60 մլն Եվրոյի պայմանագիրը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Սակայն մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 98,5 մլն եվրո գումարից միայն 38,5 մլն եվրոն է ձեւավորվել 2015-2017 թվականների ընթացքում կնքված բյուջետային աջակցության ծրագրերի վերակառուցումից։ Այդ թվականներին ստորագրվել է բյուջետային աջակցության 4 ծրագիր՝ «Աջակցություն՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը», «Որակավորումների բարելավում՝ ավելի լավ աշխատատեղերի համար», «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» եւ «Աջակցություն՝ Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին․ առավել արդյունավետ եւ արձագանքող հանրային կառավարման միջոցով ծառայությունների մատուցման որակի բարելավում»։

Յուրաքանչյուր ծրագրի շրջանակում մշակվել են 10-15 տարաբնույթ նախապայմաններ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթություն-աշխատաշուկա կապին, հանրային կառավարման արդյունավետությանը, հանրային ֆինանսների կառավարման թափանցիկությանը եւ այլ հարցերի։

Բոլոր 4 ծրագրերի շրջանակներում չկատարված նախապայմանների պատճառով կորցրած գումարը եւ դեռեւս ժամկետի մեջ գտնվող մնացած նախապայմանների գումարը՝ 38,5 մլն եվրոն, վերակառուցման շնորհիվ տրամադրվելու է Հայաստանին։ Մասնավորապես, 35,5 մլն եվրոն պետք է փոխանցվի ՀՀ պետական բյուջե 2020 թվականի ընթացքում՝ առանց նախապայմանների, իսկ մնացած 3 մլն եվրոյի համար սահմանվել են մի քանի նախապայմաններ, որոնց կատարման վերջնաժամկետը սահմանված է 2021 թվականը։

«Հրապարակ»-ի պնդմամբ՝ մնացած 32 մլն եվրո գումարն էլ ոչ թե լրացուցիչ հատկացվող աջակցություն է, այլ 2018-2019 թվականներին Եվրամիության նախատեսած եւ Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարը՝ բյուջետային աջակցության ծրագրով՝ բարեփոխումների համար նախատեսված։

Փոխվարչապետի գրասենյակից Infocom-ին տեղեկացրել էին նաեւ, որ 98,5 մլն եվրո գումարից 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված բյուջետային աջակցության ծրագիր է, որի դրույթների համաձայնեցումն ավարտական փուլում է։ Այն ուղղվելու է կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանը, իսկ դրա նախապայմանները վերաբերում են համավարակի արդյունքում սոցիալ-տնտեսական խնդիրների դիմակայմանը, ֆիսկալ քաղաքականությանը, պետություն-մասնավոր հատված գործընկերությանը եւ համավարակին առնչվող այլ հարցերին։

Վերոնշյալ 98,5 մլն եվրոյից 27 մլնն էլ ձեւավորվել է 2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից։ Ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշում է կայացվել ամբողջությամբ վերակառուցել դրանք՝ առանց ոլորտի ներառելով թե՛ փոքր եւ միջին ձեռնարկությունները, թե՛ միկրոձեռնարկությունները՝ որպես ծրագրի շահառուներ։

Նշված 98,5 մլն եվրոյից 3 մլնը Եվրամիությունն արդեն տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ եւ պարագաներ գնելու նպատակով։

Սերժ Սարգսյանի ժամանակ ստորագրված աջակցության ծրագրերը, փաստորեն, ոչ թե 60 մլն եվրո էին կազմում՝ ինչպես պնդում էր լրատվամիջոցը, այլ միայն 38,5 մլն եվրո գումարի պայմանագիրն է կնքվել 2015-2017 թվականների ընթացքում։ 

Ինչ վերաբերում է 32 մլն եվրոյին, որը, ըստ «Հրապարակի», ամբողջովին նոր մշակված աջակցություն չէ, այլ միայն 2018-2019 թվականներին ստորագրված պայմանագրերի արդյունք, ինչպես տեսանք, աջակցության 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված եւ կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար նախատեսված գումար էր։

2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից էլ ձեւավորվել է միայն 27 մլն եվրո գումար։    

Այսիպիսով, «Հրապարակը» կառավարող ուժին «մեղադրել» է Եվրամիության տրամադրած աջակցության վերաբերյալ «ֆուրոր» անելու մեջ, սակայն որպես փաստ ներկայացրել է սխալ պնդումներ։ 

Նարեկ Մարտիրոսյան