Եվրախորհրդի ղեկավարն արդեն քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել Լուկաշենկոյի հետ |tert.am|
16:53 - 25 օգոստոսի, 2020

Եվրախորհրդի ղեկավարն արդեն քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել Լուկաշենկոյի հետ |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության փոխղեկավար Հելգա Շմիդն այսօր հայտարարել է, որ մի քանի օր է՝ ԵՄ-ին չի հաջողվում կապ հաստատել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, գրում է tass.ru-ն։

Նրա խոսքով՝ վերջին օրերին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը փորձել է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, սակայն նրա ջանքերն ապարդյուն են եղել։

«Եվրախորհրդի ղեկավարը վերջին օրերին փորձել է կապվել Լուկաշենկոյի հետ, սակայն նրան չի հաջողվել»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որը նվիրված է Բելառուսում տիրող իրավիճակին:

Նույն նիստում բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից: 

Նա նաև խոսել է բելառուսական ընդդիմության նպատակի մասին, այն է՝ խաղաղ երկխոսության միջոցով նոր ընտրությունների հասնելը։ Նախկին թեկնածուն հավելել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների համար իր ներկայացուցիչներին առաջադրել։ 

«Հայտարարում եմ իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամության մասին։ Պատրաստ ենք ներկայացնել մեր բանակցողներին»,- հայտարարել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել