Օգոստոսի 4-5-ին Ամուլսարի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ քրեական գործի հարցումը մերժվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ Բացի այս՝ Ամուլսարի տարածքից «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակներն ապամոնտաժելու առնչությամբ եւս քրեական գործ չի հարուցվել, իսկ պահնորդների մոտից եւ նրանց վագոն-տնակներից ապօրինի որեւէ առարկա չի հայտնաբերվել։

Հիշեցնենք՝ օգոստոսի առաջին օրերին Ամուլսարում իրավիճակը լարված էր։ Օգոստոսի 4-ին Ամուլսարը հանք դարձնելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայությունը գիշերը հանել էր սար տանող ճանապարհի մոտ բնակիչների տեղադրած տնակները եւ տեղադրել իրենցը։

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այդ գործողությունն, ըստ էության, իրականացրել էր սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Ջերմուկի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանի տրամադրած փաստաթղթի այն հիմունքը, ըստ որի՝ շարժական տնակները չեն գտնվում Ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում։

Ամուլսարի պաշտպանները, տեղի բնակիչները այդ օրը երեկոյան պահանջում էին, որ ոստիկանության նախաձեռնությամբ 30 մետրով հետ տարվն «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակները: Վայոց ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, սակայն, նշել էր, որ նման քայլի դիմել չեն կարող։ Նա ակտիվիստներին հորդորել էր բացել ճանապարհն ու հաջորդ օրը շարունակել հավաքը, սակայն վերջիններս չէին համաձայնել։

Օրեր շարունակ տեւած ակցիաներից հետո ի վերջո «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակները տեղահանվեցին, սակայն ընթացքում նաեւ միջադեպեր տեղի ունեցան բնակիչ-բնապահպանների ու պահնորդների, վերջիններիս ու ոստիկանության ծառայողների, նաեւ ոստիկանների ու ջերմուկցիների միջեւ։ Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանական մեքենան անցել էր բնապահպան-ցուցարարի ոտքի վրայով, նույն օրը երեկոյան նաեւ շուրջ յոթ բերման ենթարկվածներ եղան, բացի ցուցարարներից՝ վարչական ձերբակալման ենթարկեցին երկու պահնորդներ։ 

Ամուլսարում ընթացող ակցիաներին զուգահեռ՝ ի պաշտպանություն Ամուլսարի միջոցառումներ էին կազմակերպվում նաեւ Երեւանում։ Մայրաքաղում ակցիա իրականացնող քաղաքացիները եւս բերման ենթարկվեցին, այդ թվում՝ իրավապաշտպաններ։ 

Օրերս էլ, երբ ջերմուկիցներն ավտոերթով գալիս էին Երեւան՝ ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա անցկացնելու, այդ ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերության պահպնորդական ծառայության աշխատակիցները Ամուլսարի պահապանների մեքենաները հրելով դուրս էին հանել տարածքից ու փոխարենը կանգնեցրել իրենց «Կամազը»։ 

Հայարփի Բաղդասարյան