ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցը հանդիպել է Տիխանովսկայայի հետ |tert.am|
10:25 - 25 օգոստոսի, 2020

ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցը հանդիպել է Տիխանովսկայայի հետ |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը Լիտվայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղումով գրում է barrons.com-ը։

«Պետքարտուղարի առաջին տեղակալը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ՝ քննարկելու հանրապետությունում տիրող իրավիճակը և այն, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը կարող է երկրում ամրապնդել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բիգենը նաև հաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև «երկրի ժողովրդի՝ սեփական առաջնորդներին ընտրելու և իրենց ապագան որոշելու ինքնիշխան իրավունքին»։

«Նա շատ տպավորիչ անձնավորություն է, և ես հասկանում եմ, թե ինչու է այդքան հայտնի իր երկրում»,- Տիխանովսկայայի հետ հանդիպման մասին ասել է Պետքարտուղարության աշխատակիցը։

Նշվում է, որ Լիտվա կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է նաև երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լինաս Լինկյավիչուսի և Ռայմունդաս Կարոբլիսի հետ, որպեսզի նրանց հետ քննարկի Բելառուսի ճգնաժամը, «Ռուսաստանի և ՉԺՀ-ի կողմից սպառնալիքների դիմակայությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել