Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|
12:40 - 24 օգոստոսի, 2020

Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

armtimes.com: ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործով նախնական դատական նիստ է նշանակվել վաղը՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Նիստի ընթացքում պետք է քննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը. նրանք երկուսն էլ կալանավորված են:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ):

Խաչատրյաններն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Մեղադրական եզրակացության մեջ նախ հիշեցվում է, որ Գագիկ Խաչատրյանը 2008թ. ապրիլի 15-ից-հունիսի 4-ը հանդիսացել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետեւ՝ հունիսի 4-ից-օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետեւ՝ 2014թ. ապրիլի 26-ից 2016թ. սեպտեմբերի 8-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:

Համաձայն մեղադրանքի՝ նշված պաշտոններում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ՝ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաեւ՝ պաշտոնատար եւ այլ անձանց մասնակցությամբ ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Ըստ մեղադրանքի՝ նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել