Բերդ խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Աբրահամյանի հետ զրուցել ենք համայնքների խոշորացման թեմայով։

- Պարո՛ն Աբրահամյան, Նորաշենում մարդիկ ինչպե՞ս են վերաբերում խոշորացմանը։

- Ե՛վ դրական, ե՛ւ բացասական։

- Ինչի՞ց են գոհ, եւ ի՞նչ բողոքներ ունեն։

- Խոշորացումից բողոքներ չեմ ստացել։ Թեթեւ, մանր հարցեր կան, որոնց արագ լուծում է պետք: Կարող է դանդաղել լուծումը, դրա համար կարող են բողոքել։

- Հարցերի դանդաղ լուծվելն ինչի՞ հետ է կապված․ գուցե խնդիրն այն է, որ դրանք պետք է համաձայնեցվեն համայնքի ղեկավարի հե՞տ։

- Խոշորացման առավելություններից մեկն այն է, որ մեծ ներդրումների համար գումար կա։ Մի ժամանակ մենք տարբեր կազմակերպությունների էինք դիմում, ամեն մեկից մի քիչ վերցնում էինք, որ ներդում լիներ։ 

- Հիմա ներդրումները շատացե՞լ են։

- Հիմա Եթե ծրագիրը կա, գումարը կա։ Համայնքապետն էլ այդ գործերից լավ է․ ներդրում անում է, եթե ծրագիրը լինի։

Խոշորացման թերությունն էլ այն է, որ կարող է մի տեղում ջրի 2000 դրամանոց փական փչանալ, եւ պիտի գնանք, դիմենք համայնքապետարան, մի քիչ ձգձգվում է։ Բնակավայրը պետք է ինչ-որ խանութի, կազմակերպության հետ մատակարարման պայմանագիր ունենա։ Այդ առումով խնդրի լուծումը մի քիչ ձգձգվում է։ Ճիշտ կլինի, որ ամեն բնակավայր ինչ-որ սիմվոլիկ գումար ունենա, որ հրատապ հարցերի համար օգտագործի։

- Փաստորեն, խոշորացման հիմնական խնդիրն այն է, որ բյուջետային հարցերով միայն համայնքի ղեկավա՞րն է զբաղվում։

- Այո՛, հիմնական խնդիրը դա է։ Ընդհանուր թերություններ կան։ Գուցե ճիշտ լիներ, որ մի քիչ փոքր լիներ մեր համայնքը․ 17 գյուղը շատ է։

- Համայնքում շատ բնակավայրերի միավորված լինելն ինչո՞վ է խանգարում։ Որեւէ տարբերություն կա՞ փոքր եւ մեծ բնակավայրերի համար։

- Մեր գյուղն էլ է մեծ, 1400 բնակիչ ունենք։ Բոլոր գյուղերում էլ համայնքապետն աշխատում է ծրագրեր անել։ Օրինակ, փողոցների լուսավորություն Բերդում չի արել, բայց մեր գյուղում արել է։

- Այս պահին Նորաշենում ի՞նչ ծրագրեր են իրականացվում։

- Նոր մանկապարտեզի կառուցման ծրագիր ունեինք հաստատված, համայնքը ներդրումը կատարում էր, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն էր՝ 20 տոկոս համաֆինանսավորումով, ուղղակի համավարակի պատճառով ձգձգվեց, ծրագիրը փակվեց։

- Հետո նախատեսվո՞ւմ է իրականացնել ու մանկապարտեզը կառուցել։

- Ծրագիրը փակվել է արդեն, դժվար թե։ Նաեւ փողոցների լուսավորություն ենք անցկացրել մոտ 1,5 կմ։

- Ճանապարհների վիճակը լա՞վ է Նորաշենում։ 

- Մեզ մոտ ճանապարհները հիմնականում ասֆալտապատ են, գրեյդեր ենք ձեռք բերել, գալիս է մեզ մոտ, աշխատում է՝ ինչքան պետք է։ Ճանապարհները բարեկարգում ենք։ Այս տարի մի անգամ բնակավայրի ներսում է աշխատել, որտեղ անհրաժեշտ է եղել, հետո դաշտամիջյան ճանապարհներն ենք բարեկարգել, որ տեխնիկան նորմալ աշխատի։ Սուբվենցիոն ծրագիր է հաստատված, մշակույթի տան տանիքը, դռներ, պատուհաններ պետք է փոխենք, կոմբայն ենք ձեռք բերել, ներդրումը համայնքն արել է՝ 20 տոկոս։

- Ընդհանուր առմամբ՝ խոշորացումից հետո մի շարք խնդիրների, կարծես, լուծումներ են տրվել։

- Ես առաջ համայնքապետ եմ եղել։ Ներդրումների հետ կապված դժվարանում էի ֆինանսավորում ճարել, որովհետեւ համայնքը չուներ միջոցներ, պետք է դիմեինք տարբեր կազմակերպությունների։ Հիմա որ ծրագիր է լինում, ասում ենք, ներդրումն անում են։

Խնդիրը միայն հրատապ լուծում պահանջող թեթեւ հարցերն են, որոնք պետք է արագ կազմակերպվեն։ 

- Դուք ավագանու նիտերին մասնակցելու հնարավորություն ունեք։ Այս եւ այլ խնդիրների մասին բարձրաձայնո՞ւմ եք նիտերի ժամանակ։

- Եթե մեր համայնքին վերաբերող հարց է լինում, մասնակցում եմ ու կարծիք եմ հայտնում։

- Դուք այս պահին ունեք գրեթե բոլոր լիազորությունները, ինչ նախկինում ունեիք՝ որպես համայնքապետ։ Բնակիչները փաստաթղթային եւ այլ հարցրերով Ձե՞զ են դիմում ու լուծում ստանում, թե՞ կան հարցեր, որոնք լուծելու համար պետք է հասնեն համայնքային կենտրոն։

- Հիմնականում մեզ մոտ լուծվում են բոլոր հարցերը․ գույքահարկի հետ կապված հարցեր կան միայն, որ պետք է գնան համայնքային կենտրոն, բայց նախկինում էլ էին գնում։ Հիմնականում բոլոր փաստաթղթերը տալիս ենք։ Շատ քիչ հարցեր կան, որոնց համար գնում են համայնքային կենտրոն։ 

Աննա Սահակյան