«Մենք ունենք 5 աշխատանքային ախտորոշում». Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին |tert.am|
12:26 - 21 օգոստոսի, 2020

«Մենք ունենք 5 աշխատանքային ախտորոշում». Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին |tert.am|

tert.am: Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին այսօր լրագրողներին հայտնել է, որ բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի հետ կապված ունեն 5 աշխատանքային ախտորոշում, գրում է meduza.io-ն:

«Այսօրվա դրությամբ մենք ունենք 5 աշխատանքային ախտորոշում: Ցավոք, այժմ նշել չեմ կարող...Սակայն կարող եմ ասել, որ դրանք բոլորն աշխատանքային են, մենք դրանք բոլորը մշակում ենք: Դրանք մշակվում են ռեանիմատոլոգների, նյարդաբանների, նյարդաֆիզիոլոգների կողմից...Մենք բոլորս պայքարում ենք մեր հիվանդի կյանքի համար»,- ասել է նա: 

Ըստ նրա՝ բժիշկները շարունակում են անալիզներ վերցնել վերակենդանացման բաժանմունքում գտնվող Նավալնիից, հստակ ախտորոշման համար կպահանջվի ևս 2 օր, փոխանցում է ria.ru-ն: 

Մուրախովսկին նշել է նաև, որ այսօր առավոտյան բժիշկները կոնսիլիում են անցկացրել լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները գտնում են, որ նրա վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրան Գերմանիա: 

«Անհրաժեշտ է հիվանդի առողջական վիճակի ամբողջական կայունացմանը հասնել», - ասել է Մուրախովսկին:

Ավելի վաղ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։ 

Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվում, հայտնել է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հաղորդմամբ էլ՝ տրանսպորտային ոստիկանությունում հայտնել են, որ դա «քննության գաղտնիքն է»։

Նավալնիի կինը պատմել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը: Նրա կարծիքով՝ բժիշկները գործչին պահում են կլինիկայում և թույլ չեն տալիս տեղափոխել Եվրոպա, «որպեսզի այն քիմիական նյութը, որը գտնվում է Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել