Արցախում բյուրոկրատիան ուռճացվում է, պետական ապարատում աշխատատեղերի ստեղծմամբ փորձում են հրապուրել մարդկանց․ Հայկ Խանումյան
12:05 - 21 օգոստոսի, 2020

Արցախում բյուրոկրատիան ուռճացվում է, պետական ապարատում աշխատատեղերի ստեղծմամբ փորձում են հրապուրել մարդկանց․ Հայկ Խանումյան

Օրերս Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը երկարաժամկետ կտրվածքով ավերածություններ են գործում»․ «Արցախում առանց այդ էլ ուռճացված բյուրոկրատիայի էլ ավելի մեծացումն այն դարձնում է Արցախի զարգացումը խոչընդոտող հրեշ»,- շեշտել էր Խանումյանը՝ հայտարարելով, որ պետական աշխատատեղերի ավելացման գործընթացները խոչընդոտում են մասնավոր սեկտորում մրցակցությանը։

Թեմայի շուրջ Infocom.am-ի հետ զրույցում Խանումյանն նկատեց՝ Արցախում առանց այդ էլ պետական բյուրոկրատիան բավականին ուռճացված է․ նոր իշխանության ձեւովորումից հետո Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք» կուսակցության կոալիցիա կազմելով՝ պետական ապարատում լրացուցիչ տեղեր են ավելացել․ 

«Մասնավորապես, նշանակվելով Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Սամվել Բաբայանը որոշել է Խորհուրդը բավականին մեծացնել, իր խոսքով՝ մոտ 110 հաստիք պետք է ավելանա, մինչ այդ ԱԽ քարտուղարը առանձին աշխատակազմ, գրասենյակ չուներ եւ միայն ԱԽ քարտուղարի պաշտոնն էր, հիմա, փաստացի, խոսքը 110 հաստիքի ավելացման մասին է»,- ասաց Խանումյանը՝ ընդգծելով, որ Արցախում բնակչությունը բավականին քիչ է, եւ կա նաեւ կադրային խնդիր, հետեւաբար, ըստ արցախցի գործչի, ունակ կադրերին դեպի բյուրոկրատիա տեղափոխելն այլ ոլորտներում լուրջ խնդիրների է հանգեցնելու, հատկապես մասնավոր սեկտրում։

Խանումյանի խոսքով՝ նաեւ նոր պետական մարմիններ են ստեղծվել, նախարարություններում ավելանում է պետական պաշտոնյաների թիվը, պետական այլ մարմիններում, այսպես ասած, նախկինում աշխատանքի տեղավորվածները չեն ազատվում աշխատանքից, այլ գալիս են նորերը, ընդլայնվում են շրջանային վարչակազմերը․

«Նվազագույնը 350-400 հոգի ավելանալու են կամ արդեն ավելացել են այս ընթացքում՝ Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալուց ի վեր, ինչը հսկայական բեռ է ենթադրում։ «Ազգային վերածնունդ» կուսակությունը, եւ անձամբ ես, անցած 5 տարիների պատգամավորական գործունեության ընթացքում բազմիցս քննարկել ենք բյուրոկրատիայի ուռճացումը, հանրային ծախսերի ավելացումը, հանրային ծառայություններին ուղղվող ծախսերի ավելացումը։ Կոչ ենք անում կրճատել դրանք, այդ գումարները ուղղել տնտեսության իրական հատված, սակայն, ինչպես տեսնում ենք, այս հիվանդությունը շարունակում է մեծանալ, եւ նոր շահառուներ են հայտվել դա սպասարկելու առումով»,- ասաց մեր զրուցակիցը՝ տվյալ դեպքում ակնարկելով Սամվել Բաբայանին եւ նրա «Միասնական հայրենիք» կուսակցությանը, որոնք, Խանումյանի խոսքով, իրենց արագորեն տեղավորվում են պետական ապարատում։

Վերջինիս պնդմամբ՝ այս գործընթացները տեղի են ունենում Արցախի պետական եկամուտների կրճատման ֆոնին, դեֆիցիտի մեծացման, Հայաստանից միջպետական վարկի ավելացման պայմաններում։ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք դեմ չեն դեֆիցիտի ավելացմանը, սակայն կարծում են, որ այդ գումարները պետք է ուղղվեն ոչ թե սոցիալական ծրագրերի կամ անօգուտ, անարդյունավետ բյուոկրատիայի ուռճացմանը, այլ ենթակառուցվածքների կառուցմանը։

«Ցավոք սրտի, նախորդ 10-15 տարիների ընթացքում Արցախում պետական բյուջեի հաշվին շատ քիչ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվել։ Այն, ինչ մենք լսում ենք պաշտոնատար անձանցից՝ ենթակառուցվածքային ծրագրերի մասին, կամ գոյություն ունի կառավարության ծրագրերում կամ նախագահի ծրագրում, այդ ենթակառուցվածքային ծրագրերը, իհարկե, զգալիորեն ավելին են, քան նախկինում եղածները, բայց նաեւ զգալիորեն քիչ են, քան կարող էին լինել։ Առնվազն կրկնակի ճանապարհներ կարող էին կառուցել՝ նույնիսկ ներկայիս բյուջեի եւ հնարավորությունների սահմաններում։ Ավերածություններ ասելով՝ հենց դա նկատի ունեինք, որ մի քանի քաղաքական դեմքեր կարող, ունակ մարդկանց իրենց վարչական ռեսուրսը դարձնելու նպատակով բարձր աշխատավարձերով սիրաշահելով՝ փակում են պետական կաբինետներում՝ նրանց զերծ պահելով ազգային հարստություն ստեղծելուց»,- ասաց Խանումյանը՝ հավելելով, որ Սամվել Բաբայանը եւ Արայիկ Հարությունյանը նպատակ ունեն ընտրազանգվածի եւ կուսակցական կառույցների համար վճարումներ անել պետական բյուջեի հաշվին։

Մեր զրուցակցի կարծիքով՝ սա բավականին տարածված ձեւ է դարձել Արցախում, եւ, ըստ նրա՝ դրա կարիքը հատկապես Սամվել Բաբայանի կուսակցությունն ունի որովհետեւ վերջինս եւ կուսակցությունը ձայներ ստացել են հիմնականում ընդդիմադիր հռետորաբանությամբ, իսկ հետագայում այդ քվեները, Խանումյանի խոսքով, վաճառել են պաշտոնների դիմաց․

«Այժմ ստիպված են իրենց ընտրազանգվածը հավաքել վարչական ռեսուրսի հաշվին։ Բնականաբար, այդ ամենի համար վճարում են հարկ վճարողները, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, քանի որ գումարների մի զգալի մասը գալիս է Երեւանից՝ միջպետական վարկի ձեւով։ Իսկ մասնավոր հատվածը լուրջ խնդիրներ ունի, քանի որ պետական համակարգում արհեստականորեն բարձր աշխատավարձեր սահմանելով՝ խնդիր է ստեղծվում աշխատուժի շուկայի առումով, նամանավանդ՝ Արցախում կադրային լուրջ խնդիրներ կան, այդ թվում՝ մասնավոր հատվածում, եւ այսպիսի քաղաքականությունը զգալիորեն խոչընդոտում է նաեւ այդտեղ կադրերի ներգրավման գործընթացին»։

Իսկ խնդրի լուծումը, ըստ Խանումյանի, այն է, որ ՀՀ կառավարությունը միջպետական վարկի ավելացումը պայմանավորի բյուրոկրատիայի կրճատմամբ, այսինքն՝ որքան Արցախում կկրճատվի բյուրոկրատիան, այդքան կավելանա միջպետական վարկի գումարը, եւ այդքան էլ շատ գումար Երեւանից կգա Ստեփանակերտ։

Արցախցի գործիչը կողմ է նաեւ ծրագրային բյուջետավորմանը, որ գումար տրամադրվի կոնկրետ ծրագրերի համար․

«Այլ ոչ թե ուղղակի ինչ-որ գումար տրվի Ստեփանակերտում իշխանության եկած մի երկու հոգու, որոնք իրենց մերձավոր շրջապատը, կամ կուսակցական շրջապատը տեղավորեն ինչ-որ տաքուկ սենյակներում՝ թեյ ու սուրճ խմելու եւ ոչինչ չանելու համար, ինչը երկարաժամկետ եւ լուրջ խնդիրներ է առաջացնելու տնտեսության համար»,- հավելեց Խանումյանը։

Ինչ վերաբերում է Արցախի կառավարության՝ տանիքների շինարարության ծրագրին՝ մեր զրուցակցի կարծիքով՝ դա նույնպես արվում է միայն մարդկանց հրապուրելու համար։ Խանումյանի համոզմամբ՝ թույլ քաղաքացիական հասարակության պայմաններում, երբ գրեթե բացակայում է քաղաքացիական բարձր գիտակցությունը, բնակիչների մոտ առաջին պլան են մղվում կարճաժամկետ շահերը։

Խանումյանը տեղեկացրել էր, որ այժմ Արցախի պետական բյուջեի փոփոխություններով՝ առկա 968 մլն դրամին մոտ 500 միլիոն դրամ է ավելացվում՝ տանիքների վերանորոգման ծրագրով բնակիչներին շինանյութ տրամադրելու համար:

«Ընտրությունների ժամանակ դա շատ հաճախ որպես ընտրակաշառք էր օգտագործվում։ Հիմա այդ ծրագրի արժեքը ավելացրել են, այսինքն՝ շատ մարդու են տանիքի շինանյութ տրամադրում՝ նույնպես այդ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Պոպուլիստական քայլերով փորձում են շահել ընտրազանգվածի համակրանքը։ Կարծում եմ, որ այս գումարների ավելացումը կարող է կապված լինել նախընտրական շրջանում տված խոստումների, եւ հիմա դրանց կատարման անհրաժեշտության հետ»։

Մեր հարցին՝ ի՞նչ առաջնային եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներ կան Արցախում, որոնց կառավարությունը չի անդրադառնում, Խանումյանը շեշտեց հատկապես ճանապարհաշինական աշխատանքների եւ վերաբնակեցման հարցերը․

«Պետք է տարեկան առնվազն 200 կիլոմետր նորմալ ասֆալտապատ ճանապարհ կառուցել եւ սկսել նոր ծրագրեր, հատկապես՝ թերբնակեցված շրջաններում բնակավայրերի կառուցման ծրագրեր իրականացնել։ Վստահեցնում եմ, որ այդ բնակավայրերը շատ արագ բնակչություն կունենան»,- եզրափակեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել