ՍԴ դատավորի թեկնածուի մասին եզրակացությունը մինչև երեքշաբթի ներկայացվի ԱԺ |pastinfo.am|
16:59 - 20 օգոստոսի, 2020

ՍԴ դատավորի թեկնածուի մասին եզրակացությունը մինչև երեքշաբթի ներկայացվի ԱԺ |pastinfo.am|

pastinfo.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ստուգել է ՍԴ դատավորի երկու թեկնածուի բարեվարքությունը, սակայն առաջիկա օրերին միայն մեկի վերաբերյալ եզրակացությունը կուղարկվի ԱԺ։ Այս մասին ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ ՍԴ դատավորի երեք թեկնածուներն էլ լրացրել են բարեվարքության հարցաթերթիկը։ Երկու թեկնածուի մասով եզրակացությունը գրեթե պատրաստ էր, երբ պարզ դարձավ, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը ՍԴ–ում դատավոր ընտրվելու առնչությամբ իր ներկայացրած դիմումը հետ է կանչել։

«Թեկնածուներից մեկը հանել է թեկնածությունը։ Մենք դիմել ենք ԱԺ՝ մի քանի հարց կփորձենք հասկանալ։ Երբ մենք հարցումներն արել ենք, երկու թեկնածուի վերաբերյալ նույն փաստաթղթով է գնացել, որովհետև ժամկետները շատ մոտ էին։ Հիմա մի թեկնածուին պետք է հանել։

Արդեն անհատական մեր եզրակացությունը նախնական տարբերակով կազմված է միայն այս պահին գործող թեկնածուի վերաբերյալ։ Եզրակացությունը մինչև երեքշաբթի կներկայացնենք ԱԺ։ Սա վերաբերում է միայն մեկ թեկնածուին»,- նշեց նա

Երրորդ թեկնածուի վերաբերյալ փաստաթղթերը փոքր-ինչ ավելի ուշ են ստացվել, հետեւապես եզրակացությունն ավելի ուշ կներկայացվի։

«Ունեինք երեք թեկնածուների բարեվարքության լրացված թերթիկ, որից մեկը ուշ է ներկայացրել թերթիկը, մեկինը գրեթե պատրաստ է, որը կներկայացնենք ԱԺ և կսպասենք նոր թեկնածուի առաջադրմանը»,- հայտնեց Հարությունյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանին։ Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով, կառավարության առաջարկած թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը հետ է վերցրել իր համաձայնությունը՝ հայտարարելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից եւ հետագա քննարկումներից իր համար ակնհայտ է դարձել, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության եւ անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումները համահունչ չեն իր մոտեցումներին եւ պատկերացումներին, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ անընդունելի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել