Պետք է խոշորացված համայնքի ավագանու անդամների թիվն ավելացնելու հնարավորություն տրվի, որ բոլոր բնակավայրերից ներկայացուցիչներ լինեն․ Հրանտ Այվազյան
20:49 - 19 օգոստոսի, 2020

Պետք է խոշորացված համայնքի ավագանու անդամների թիվն ավելացնելու հնարավորություն տրվի, որ բոլոր բնակավայրերից ներկայացուցիչներ լինեն․ Հրանտ Այվազյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։

- Պարո՛ն Այվազյան, Դուք ակտիվորեն շրջում եք տարբեր համայնքներում․ խոշորացված համայնքներում ի՞նչ խնդիրներ եք նկատել։

- Վերջին շրջանում ես շրջել եմ Լոռու մարզի բազմաթիվ համայնքներում, հիմնականում եղել եմ խոշորացված համայնքների բնակավայրերում, զրուցել եմ և՛ ՏԻՄ ներկայացուցիչների, և՛ բնակիչների հետ։ Այցերիս նպատակները մի քանիսն էին՝ ծանոթանալ խնդիրներին, ոլորտի զարգացման ծրագրերին, խոշորացման խնդիրներին, ինչպես նաև հավաքագրել հիմնախնդիրները, որ ներկայացնենք 2021 թվականի տարեկան բյուջեում։ Խոշորացման թեմայով բնակիչները հիմնականում դժգոհություններ ունեն։ Իհարկե, ՏԻՄ ներկայացուցիչները՝ վարչական ղեկավարները, ձեռնպահ են մնում ասելուց՝ լա՞վ է, թե՞ վատ, բայց կան նաև վարչական ղեկավարներ, որոնք նույնպես դժգոհում են: 

- Բնակիչները հիմնականում ինչի՞ց են բողոքում։

- Էական տարբերություն չեն տեսնում, որ խոշորացումից հետո ինչ-որ բան փոխվել է։ Դա հիմնական դժգոհությունն է։ Բացի դրանից՝ մի քանի համայնքում ինձ ասացին, որ եթե նախկինում իրենց հարկերից որոշակի գումարներ հատկացվում էին, ենթադրենք, փողոցների լուսավորությանը կամ ասֆալտապատմանը, ճանապարհների բարեկարգմանը, խոշորացումից հետո՝ այս կամ նախորդ տարի, այդպիսի ծրագրեր չեն իրականացվել։

- Կառավարությունը հակառակն է ասում, որ հիմա ենթակառուցվածքներն են ավելի հասանելի, համայնքներն ավելի ակտիվ են դիմում սուբվենցիոն ծրագրերի, ճանապարհներ են բարեկարգվում, փողոցներ լուսավորվում։ Այս ամենը Դուք խոշորացված համայնքներում չտեսա՞ք։

- Սուբվենցիոն ծրագրերը թողնենք, որովհետև դրանք պետական ծրագրեր են, և դա կապ չունի խոշորացման հետ։ 

- Կառավարությունը նշում է, որ կապ ունի, որովհետև խոշորացված համայնքներն առավել հաջող են մասնակցում այդ ծրագրերին։

- Եթե պետական աջակցություն պետք է լինի, այն ժամանակ էլ կարող էր լինել։ Իհարկե, կա ճշմարտություն, որ խոշորացված համայնքը մի քիչ ավելի մեծ գումար կարող է հատկացնել ինչ-որ ծրագրի, բայց այդ գումարն արդեն հատկացվում է մեկ-երկու մեծ ծրագրերի, և, ասենք, 7-8 համայնք ունեցող խոշորացված համայնքում հերթի մեջ են մնում մյուս բնակավայրերը, սպասում են, թե իրենց հերթը երբ կգա։ 

- Այսինքն՝ էական փոփոխություններ չկա՞ն խոշորացումից հետո։

- Համայնքներ կան, որոնց բնակիչները չեն տեսնում։ Օրինակ, Աքորի համայնքում ինձ ասացին, որ, ենթադրենք, եթե նախկինում փոքր հատվածներով ամեն տարի իրականացվում էր ասֆալտապատում, այս տարի չկա, նախորդ տարի էլ չկար, որովհետև հարկերը գնացել են խոշորացված համայնք, և համայնքի ղեկավարն ավագանու հետ որոշում է կայացրել, որ այսինչ կամ այնինչ գյուղին են հատկացնում։ 

Կար այսպիսի տեսակետ, որ փոքր, քիչ զարգացած գյուղերը ինչ-որ տեղ շահում են, որովհետև այդ գումարներն առաջնային ուղղվում են այնտեղ, բայց այնպես չէ, որ այդ բազմաթիվ խնդիրներ ունեցող համայնքների խնդիրները նախկինում չէին կարող լուծվել։ Շատ ժամանակ համայնքի ղեկավարի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով համայնքներում առաջացել են խնդիրներ։

Ես եղել եմ տարբեր համայնքներում և տեսել եմ իրար կողքի համայնքներ․ մի համայնքն ավելի քիչ խնդիրներ ունի, քան նախկինը։ Դա կախված է եղել նաև համայնքի ՏԻՄ-ի բաց աշխատանքից, հանրության մասնակցությունից։

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ համայնքային զարգացման ծրագրեր են իրականացրել և միշտ չէ, որ ՏԻՄ ներկայացուցիչները բաց են եղել և կարողացել են մասնակցել այդ ծրագրերին։ Մինչ օրս այդ խնդիրը կա։ Միջազգային կառույցների համար խոչընդոտներ կան խոշորացված համայնքների հետ աշխատելիս, որովհետև եթե նախկինում մի կառուjց աշխատում էր կոնկրետ համայնքի հետ, հիմա արդեն համայնքները խոշորացված են, և այդ կառույցը պետք է աշխատի խոշորացված համայնքի ղեկավարի հետ։

- Ո՞րն է տարբերությունը՝ ներդրողը կաշխատի փոքր համայնքի համայնքապետի՞ հետ, թե՞ խոշորացված համայնքի ղեկավարի։

- Ծրագրերի առաջնահերթություն կա, և հնարավոր է՝ տվյալ դեպքում խոշորացված համայնքի համայնքապետը կամ ավագանին (նայած՝ ինչ մեթոդով է որոշվում, թե որ համայնքին առաջնայնություն տրվի), այդ գումարներն ուղղորդեն ոչ այն համայնք, որտեղ ավելի շատ կարիք կա։

Ես գիտեմ կազմակերպություններ, որոնք կոնկրետ համայնքի հետ աշխատում են, զարգացնում են մի քանի տարի այդ համայնքը, որովհետև նրանց ուղղվածությունն այնպես է, որ մի քանի ծրագրեր անեն նույն համայնքում, զարգացնեն, ոչ թե պարբերաբար շատ համայնքներում անեն։ Այդ առումով նրանք հանդիպում են խոչընդոտների։ Բազմիցս խոսել եմ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ասում են, որ այս կամ այն խոշորացված համայնքի ղեկավարն ուղղորդում է և առավել շատ ուզում է, որ ծրագրերն իրականան այն բնակավայրում, որի բնակիչ է ինքը։ 

- Համայնքներում շրջայցերի ժամանակ խոշորացման վերաբերյալ դրական կարծիքներ չե՞ք լսել։

- Ճիշտն ասած՝ ո՛չ։ Էական դրական կարծիքներ չեմ լսել, բայց դա չի նշանակում, որ խոշորացումը դրական ոչինչ չունի։ Այստեղ մի ուրիշ խնդիր կա․ բնակիչները միշտ չէ, որ գիտակցում են համայնքի կառավարման ձևը, արդյունավետությունը։

- Ձեր գնահատմամբ՝ որո՞նք են խոշորացման դրական կողմերը։

- Եթե ՏԻՄ ներկայացուցիչները առավել ճիշտ աշխատեն, գումարների առավել ճիշտ բաշխում կատարեն, խնդիրների առաջնայնությունը ճիշտ սահմանեն, ապահովեն որոշումների կայացման գործընթացում բնակիչների մասնակցությունը, առավել արդյունավետ կիրականացվի։ Սա պարզապես մի քիչ երկար պրոցես է, որը պետք է միասին անցնենք։ Կարծում եմ, որ մեկնարկ պետք է լինի։

- Առաջին խոշորացումները եղել են 2015-ին, բավականին ժամանակ անցել է․ ձեր նշած փոփոխությունները պետք է գոնե 2015-ին խոշորացված համայնքներում զգացվեին։

- Կան որոշակի փոփոխություններ, աշխատանքներ կատարվում են, այնպես չէ, որ չեն կատարվում, սակայն դրանք այդքան էլ չեն գոհացնում։ Գուցե դա նույնիսկ բնակիչների ակնկալիքներից է․ նրանք միանգամից շատ բան էին ուզում, որ լինի, բայց միանգամից դա չի կատարվում։ Միգուցե եթե սուբվենցիոն ծրագրերն ավելի շատ լինեն, պետությունն ավելի շատ գումար ներդնի, միանգամից շատ համայնքներում որոշակի գործընթացներ լինեն, ժողովրդի վստահությունը կվերականգնվի, նրանք ավելի լավ կվերաբերվեն։

Օրինակ, բնակիչներ կան, որ իրենց համայնքում չեն տեսնում տարբերություն և հարկ չեն մուծում։ Իհարկե, դրա համար բացատրել է պետք, թե ինչ մեթոդներով են հիմա գումարներ ծախսում, գուցե հաջորդ տարի արդեն իրենց համայնքում լինի, կամ իրենք պետք է մասնակցություն ունենան։ 

Այսպիսի մի խնդիր էլ կա․ կան համայնքապետեր, որոնք թեկուզ մի քիչ ավելի գործունյա են եղել, ավելի կարևորել են համայնքային խնդիրները, տարբեր կառույցների հետ համագործակցելով, պետական ծրագրերից օգտվելով՝ լուծել են իրենց համայնքի խնդիրները՝ գազի, ջրի, ճանապարհների խնդիր։ Մյուս համայնքների համայնքապետերն այդքան էլ ակտիվ չեն եղել, և այդ նույն խնդիրները կան հենց կողքի համայնքում։ Բնականաբար, երբ երկուսն էլ մի խոշորացված համայնքի մեջ են, այդ դեպքում եթե նայեն, կտեսնեն, որ թույլ համայնքում կան գազի, ջրի, ճանապարհի և այլ խնդիր, գումարները պետք է ուղղվեն այնտեղ, կամ սուբվենցիոն ծրագրեր իրականացվեն այնտեղ։ Ստացվում է, որ հետ է ընկնում այն համայնքների հերթը, որոնք նախկինում լավ աշխատանքի շնորհիվ որոշակի ձեռքբերումներ ունեն։ Այդ պատճառով դժգոհություն է առաջացնում բնակիչների մոտ։ 

- Երբ վերջին անգամ խորհրդարանում այս հարցը քննարկվում էր, Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ խոշորացման՝ մինչև իշխանափոխությունն իրականացված գործընթացին ճիշտ գնահատական չի տրվել, պետք էր գնահատական տալ, հետո նոր շարունակել գործընթացը։ ՏԿԵՆ ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշել է, որ հետագայում վերանայվելու են նախկինում իրականացված խոշորացումները, գուցե փոփոխություններ լինեն։ Սա չի՞ նշանակում, որ գնահատվում ու վերանայվում է նախկինում արվածը։

- Ես բազմիցս խոսել եմ այդ մասին, առաջարկություններ եմ ներկայացրել։ Ասեմ, որ դժգոհությունների պատճառներից մեկն էլ այն է, որ խոշորացումները ճիշտ փնջերով չեն իրականացվել, այսինքն՝ կա՛մ խոշորացված համայնքի կենտրոնը ճիշտ չի ընտրվել, կա՛մ համայնքներ են միացվել, որոնք իրար հետ ընդհանուր ճանապարհ չունեն, հարակից համայնքներ չեն։

- Համայնքները չեն խոշորացվել միայն փնջային կամ միայն շրջանային սցենարով։ Սա չի՞ նշանակում, որ յուրաքանչյուր դեպքում ուսումնասիրություններ են կատարվել, և ըստ նպատակահարմարության են իրականացվել խոշորացումները։

- Նախկինում այլ խնդիր է եղել խոշորացման համար․ տվյալ իշխանությանը պետք է եղել, որ կարողանա հեշտ կառավարել և իրականացնել իր ծրագրերը։ Եվ խոշորացրել են՝ ըստ իրենց նպատակահարմարության։ Այդ պատճառով բազմաթիվ դժգոհություններ են եղել, նույնիսկ շատերը պատրաստ չեն եղել, որ իրենց համայնքի անունը լինի այս կամ այն։ Հայկական մտածելակերպի մեջ կան այդպիսի դեպքեր, որ, ենթադրենք, Ա համայնքը չի համակերպվում, որ համայնքային կենտրոնը Բ համայնքն է, և իրենք բոլորը պետք է լինեն Բ համայնքի ներկայացուցիչներ։ Կա անհանդուրժողականություն, որը հենց կառավարման գործընթացում խոչընդոտ է։ 

- Միայն այդ պատճառով պե՞տք էր փոխել համայնքային փնջերը։

- Այդ ժամանակ նախապատրաստական աշխատանքներ էր պետք տանել։ Խնդիրը փոխելը չէ, խնդիրը աշխատանքն է։ Տեսնում ենք, որ այդ պատճառով հարկ չեն վճարում, տարբեր խոչընդոտներ են լինում, խնդիրը մնում է։ Նախնական իրազեկում, բացատրում, հարթում․ այդ գործընթացները պետք էր իրականացնել, որ բնակիչների գիտակցության մեջ այդ կարևորությունը հիմնավորվեր։ 

Ես մի պատմություն պատմեմ․ խոշորացման գործընթացի ժամանակ հեռավոր գյուղերից մեկում իշխանության ներկայացուցիչները գնում են մի համայնքում բնակիչների հետ հանդիպման։ Իմանում եմ, որ այդ համայնքում մարդիկ դժգոհություն ունեն, հավաքվում են, որ մարդկանց համոզեն՝ խոշորացումը լավ է։ Մի մարդ ձայն է խնդրում և ասում է՝ հիմա որ իմ ջրագիծը քանդվի, պետք է 30-40 կմ քայլեմ, խոշորացված համայնքի ղեկավարին ասեմ՝ ջրագիծս սարքի՞ր։ Այդ ժամանակ համայնքապետը նրան հարցնում է՝ առաջ, որ ջրագիծդ քանդվում էր, ո՞ւմ էիր դիմում։ Մարդը պատասխանում է՝ քեզ էի դիմում։ Համայնքապետը հարցնում է՝ սարքում էի՞, բնակիչը պատասխանում է՝ ոչ։ Համայնքապետն ասում է, որ հիմա էլ խոշորացված համայնքի ղեկավարը չի սարքելու, տարբերություն չկա։

Հիմա, եթե խոշորացումն այս ձևով է լինելու, ուրեմն մեծ, էական փոփոխություն չի լինի։ 

- Նոր կառավարության խնդիրը ո՞րն է, Ձեր ասած բացերն ինչպե՞ս է պետք լրացնել։ 

- Ես մի քանի խնդիրների էլ անդրադառնամ․ օրինակ, վարչական ղեկավարների մոտ ես տեսել եմ մոտիվացիայի պակաս, քանի որ հատկապես այն վարչական ղեկավարները, որոնք նախկինում ակտիվ ծրագրեր են իրականացրել, այսօր տեսնում են, որ առաջնային ծրագրերից օգտվում են այն համայնքները, որոնք ավելի թույլ են եղել, որովհետև այնտեղ խնդիրներն ավելի շատ են։

Նաև այսպիսի խնդիր կա․ մենք ասում ենք, որ խոշորացնելով աշխատատեղեր կկրճատվեն, գումարներ կխնայվեն։ Մի քանի համայնքներ ուսումնասիրել եմ․ շատ քիչ աշխատատեղեր են կրճատվել, դրանք էական չեն։

Երբ մենք ասում ենք՝ համայնքները պետք է զարգացնենք, կարևորը մարդն է, այստեղ մի խնդիր կա։ Գյուղական համայնքների երիտասարդները, ուսում ստանալով, վերադառնալով, իրենց համայնքում առաջ գնալու, զարգանալու, քաղաքական դաշտում կամ կառավարման ոլորտում աշխատելու հնարավորություն չեն ունենում թեկուզ նույն այդ կրճատումների պատճառով։ Եվ նրանք ստիպված կա՛մ ուսում առնելով քաղաքներում՝ չեն վերադառնում, կա՛մ վերադառնում են, այլ գործով են զբաղվում։ 

- Արդյո՞ք մինչև խոշորացումը երիտասարդներն էին աշխատում համայնքապետարաններում։ 

- Կապ չունի։ Այդ խնդիրը մենք կարող էինք դնել, երիտասարդներին հնարավորություն տալ։ Հիմա այդ աշխատատեղերը չկան։ Եթե մենք խնդիր ենք դնում, որ կարևորը նաև մարդն է, գուցե նույնիսկ պետք էր հնարավորություն տալ երիտասարդներին զարգանալու, գիտակցությունը ավելացնելու, փորձը ավելացնելու, հետագայում մասնակցություն ունենալու կարևոր որոշումների կայացման, երկրի զարգացման գործընթացում։ Արդեն այդ հնարավորությունը չկա։

Անունը դնում ենք, որ այսօր բյուջեում խնդիր ունենք, և մենք դրա փոխարեն կարող ենք մի փողոց ավելի լուսավորել։ Այլ հարց է՝ մեզ համար երկու սյան վրա լույս դնե՞լն է կարևոր, թե՞ մի լավ երիտասարդի պահել համայնքում, գիտակցությունը բարձրացնել և դարձնել Հայաստանի լիարժեք, հայրենասեր քաղաքացի։ Մոտեցման խնդիր է․ նայած, թե երկիրը որն է առաջնային համարում։

Ես նույնիսկ առաջարկել էի, որ հնարավորություն տրվի, որ համայնքի ավագանու անդամների թիվը շատ լինի, որպեսզի մոտիվացիա լինի, որ մարդիկ շատ ներգրավված լինեն համայնքային որոշումների կայացման գործում։ 

- Այդ դեպքում կառավարումն արդյունավետ կլինե՞ր։

- Որպեսզի ավագանու անդամներ ընդգրկված լինեն բոլոր բնակավայրերից։ Իսկ այսպես միշտ չէ, որ բոլոր բնակավայրերից ընդգրկված են լինում։

- Դա խոչընդոտո՞ւմ է բնակավայրերի ներկայացվածությանը։ 

- Այո՛, խոչընդոտում է։ Բնակավայրեր կան, որոնցից ավագանու անդամներ ներկայացված չեն։ Ես առաջարկել եմ, որ ավելացնեն, բայց առաջարկս չի ընդունվել, ասել են՝ հետո կքննարկենք, բայց չեմ կարծում։ Ավագանին վարձատրվող չէ, բյուջեի վրա ընդհանրապես ծախս չկա, և ինչո՞ւ հնարավորություն չտանք, որ շատ մարդիկ, երիտասարդներ ընդգրկվեն այդ գործընթացում, կոփվեն։

- Հակառակ կարծիք ունեցողներն ասում են, որ գուցե ավագանու կազմում բոլոր բնակավայրերից մարդիկ ներկայացված չեն, բայց այդ ավագանին ամբողջ խոշորացված համայնքի ավագանին է և անդրադառնում է բոլոր բնակավայրերի խնդիրներին։

- Եթե ավագանու մեկ կամ երկու անդամ այս պահին այս գործով պատասխանատվություն չեն կրում ոչ մեկի հանդեպ, կարող են ոչինչ չանել։ Օրինակ, Լոռու մարզում ավագանու նիստերին շատերը չեն էլ մասնակցում, և ենթակա են գործունեության կասեցման։ Նրանք ոչ մեկի հանդեպ պատասխանատվություն չունեն, և ազատ կարող են նիստերին չգնալ։

Հիմա պատկերացնենք, որ ավագանու կազմում մեկը կամ երկուսն անորակ դուրս գան։ Եթե ավագանու շատ անդամներ լինեն, արդեն ընդհանուր աշխատանքի որակը կբարելավվի։

Մենք մասնակցությունից ենք խոսում, ոչ թե միայն որոշումների կայացումից։ Համայնքի բնակիչները պետք է մասնակցություն ունենան որոշումների կայացման գործընթացում։ Իսկ եթե բնակավայրից մարդ չկա ավագանու կազմում, ինչի՞ մասին է խոսքը։ Օրինակ, X բնակավայրում, որից խոշորացված համայնքի ավագանու կազմում ոչ ոք չկա, պետք է շահագործվի ոսկու հանք։ Ավագանու անդամն ազդակիր չէ, եթե հանքը գործեց, կան վճարներ, ընդհանուր խոշորացված համայնքի համար լավ է լինելու, և որոշում են , որ պետք է հանքը շահագործվի։ Ու միշտ չէ, որ գիտակցության աստիճանն այնքան բարձր է, որ հանրային մտածելակերպ ունենան։

- «Լուսավոր Հայաստանն» ասում է, որ եթե խոշորացումից առաջ տեղական հանրաքվեներ են անցկացվում, սխալ է այդ հանրաքվեների արդյունքներին խորհրդատվական բնույթ տալը։ Ո՞րն է լուծումը․ չանցկացնե՞լ տեղական հանրաքվեներ, և այլ տարբերակո՞վ լսելի դարձնել բնակիչների կարծիքը, թե՞ պարտադիր կատարման ուժ տալ հանրաքվեների արդյունքներին։ 

- Հանրաքվեները պետք է ազդեցություն ունենան։ 

- Այսինքն՝ այդ համայնքի կամքի՞ց կախված լինի՝ վարչատարածքային տվյալ բարեփոխումն իրականացվում է, թե ոչ։

- Իհարկե, համայնքի կամքից պիտի կախված լինի։

- Այդպես արդյունավետ կլինե՞ն վարչատարածքային բարեփոխումները։ 

- Ուրեմն աշխատա՛նք տարեք, բացատրե՛ք, արդյունավետությո՛ւնը ներկայացրեք, որ համայնքը գա այդ եզրակացության։ Ես քիչ առաջ դրանից էի խոսում․ համայնքը պետք է պատրաստ լինի, եթե դու չես պատրաստել, ուրեմն մտրակով չի կարելի անել։

- Այս դեպքում վտանգ չկա՞, որ համայնքապետերը, որոնք չեն ուզում՝ իրենց համայնքը խոշորանա, կարող են բնակիչներին համոզել, վարչական ռեսուրս կիրառել, որ նրանք դեմ քվեարկեն խոշորացմանը։ 

- Եթե մի համայնքի ղեկավար այնքան ռեսուրս ունի, որ կարող է համոզել, և չկան պետության ներկայացուցիչներ, որ գնան ու բացատրեն, թե ինչով է լավ խոշորացումը, ուրեմն չիրականացնենք խոշորացումը։ Եթե ամբողջ պետական համակարգը չի կարողանում այդ համայնքի բնակիչներին բացատրել արդյունավետությունը համայնքի ղեկավարի կամակորության պատճառով, ուրեմն ես պետության՝ այդ տարածքի, այդ շրջանի ներկայացուցիչների կամ կառույցների դերը համարում եմ անէական։ Բա ինչպե՞ս է լինում, որ ընտրությունների ժամանակ այդքան ձայն են հավաքում։

- Այս դեպքում հարցը մարդկանց համոզե՞լն է, թե՞ բնակիչների կարծիքը հասկանալը․ նրանք ուզո՞ւմ են՝ համայնքը խոշորանա, թե՞ ոչ։

- Պետք է գնալ ու բացատրել, թե ինչն է կարևոր, ինչով է դա լավ, ինչն է արդյունավետ, ինչ կտա, ինչ չի տա, չխոշորացնելն ինչերի կբերի։ Կարևորը գիտակցության բարձրացումն է։ Կարևորը մարդն է, որ մարդը որոշում կայացնի՝ ինչ պետք է անի, և մարդն իր որոշմանը տեր կանգնի։ Հետո ո՞վ ասաց, որ համայնքների ղեկավարներին բոլոր տեղերում սիրում են։ Այդ համայնքների ղեկավարների մեծամասնությունը նախկիններն են։ Եթե այս իշխանությունը չի կարողանում բացատրել, ուրեմն նշանակում է, որ բավականին գործ ունեն անելու։ 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել