Բարձրագույն որակավորման կոմիտեն պարզաբանում է տարածել Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից չզրկելու, իսկ Դիանա Գալոյանին զրկելու վերաբերյալ: Դրանում ասված է.

«ԿԳՄՍ նախարարի հրամանով Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ արտագրությունների/թարգմանությունների մասին փաստերը ուսումնասիրող հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին։ Հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ԲՈԿ-ը նախապատրաստեց հարցում, որը ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ուղարկեց Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։

Դեկտեմբերի 26-ին ստացվեց պատասխան (ստորագրված դեկտեմբերի 25-ին), որ ԲՈՀ-ը հանդիսացել է վարչական մարմին, և«ԲՈՀ-ի կողմից ընդունված վարչական ակտերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի» 67-րդ հոդվածի ուժով ենթակա են վերանայման ԿԳՆ կողմից (այժմ՝ ԿԳՆ իրավահաջորդ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից):

Վերոգրյալից հետևում է, որ ԿԳՄՍ նախարարի կողմից պետք է հարուցվեր վարույթ, և կայացվեր որոշում։ Սակայն հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարի կողմից մեկ այլ հարցում է ուղարկվել պարոն Բադասյանին, և փետրվարի 10-ին ստացվել պատասխան, որ ԲՈԿ-ն իր հերթին նույնպես կարող է անվավեր ճանաչել ԲՈՀ-ի կայացրած որոշումները։ Այդ պատասխանն ուղարկվել է ԲՈԿ 2020թվականի փետրվարի 19-ին, և ուղեկցող գրության մեջ նախարարը հանձնարարել է.

«Ընդունե՛լ ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկե՛լ համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնե՛լ նախարարությանը»:

Ուսումնասիրելով պատասխան գրությունը և ունենալով որոշակի իրավական հարցադրումներ՝ ԲՈԿ-ը փետրվարի 26-ին դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով կազմակերպել քննարկում ԿԳՄՍ նախարարի, գլխավոր քարտուղարի, իրավաբանական վարչության պետի, Գիտության կոմիտեի նախագահի և համապատասխան փոխնախարարի մասնակցությամբ։ Այդ հանդիպումն առ այսօր չի կազմակերպվել։

Ինչպես երևում է ժամանակագրությունից,ԿԳՄՍ նախարարությունն իր տրամադրության տակ ուներ 59 օր՝ պատշաճ վարույթ հարուցելու և որոշում կայացնելու համար, մինչդեռ ԲՈԿ-ին տրամադրվել էր 4 օր (որոնցից երկուսը շաբաթ և կիրակի էին), և բնականաբար, ԲՈԿ-ը չէր կարող այդ ընթացքում հարուցել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում»։