tert.am: Բարձրագույն դատական խորհուրդը օրերս բավարարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը և որոշել ևս վեց ամսով երկարաձգել նրա անուն–ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու ժամկետը։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ որոշումից։

Նման որոշման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող առանձնակի բարդության գործերի քննությունն ավարտված չլինելու հանգամանքը, ինչպես նաև հաշվի է առնվել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը։

Նշենք, որ արդեն մեկ տարի է՝ Աննա Դանիբեկյանի վարույթում է քննվում Մարտի մեկի գործով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը, որը շուրջ 80 հատոր է։