Հայաստանին և Արցախին սահմանակից Իրանի նահանգները կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում |armenpress.am|
17:31 - 17 օգոստոսի, 2020

Հայաստանին և Արցախին սահմանակից Իրանի նահանգները կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանին և Արցախին սահմանակից Իրանի Արևելյան Ազարբայջան և Արդեբիլ նահանգները գտնվում են Իրանում կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի Առողջապահության և բժշկական կրթության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարիի զեկույցից։ 

«Վերջին 24 ժամում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 2247-ն են, երկրում մինչև այժմ վարակվածների թիվը հասնում է 345 հազար 450-ի։ Ցավոք սրտի, վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակված 165 հոգի մահացել են։ Այսպիսով, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասնում է 19 հազար 804-ի։ Բարեբախտաբար, մինչև այժմ 299 հազար 157 հիվանդ առողջացել կամ հիվանդանոցներից դուրս են գրվել։ 3773 հոգի ծանր վիճակում շարունակում են հոսպիտալացված մնալ բժշկական կենտրոններում։

Մազանդարան, Թեհրան, Ղոմ, Գոլեսթան, Հյուսիսային Խորասան, Արդեբիլ, Սպահան, Ալբորզ, Խորասան Ռեզավի, Սեմնան, Արևելյան Ազարբայջան, Մարքազի, Յազդ և Գիլան նահանգները գտնվում են վարակի տարածման կարմիր գոտում»,- հայտնել է նախարարության խոսնակը։

Իրանում փետրվարի 18-ից ի վեր, երբ պաշտոնապես հայտարարվեց կորոնավիրուսի տարածման մասին, լրիվ կարանտինային վիճակ դեռևս չի հայտարարվել, սակայն կառավարության որոշումներով որոշակի տեղային սահմանափակումներ են կիրառվում։ Հունիսի կեսերին մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Հ. Ռոհանին հայտարարեցին երկրում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի մասին։

Իրանում հաջորդ շաբաթ սկսում է կրոնական Մոհարամ ամիսը, որի ընթացքում մի շարք հանրային միջոցառումներ են ծրագրված։ Այս ամսվա 10-րդ օրը հավատացյալները սգում են շիայական 3-րդ իմամ Հուսեյնի և նրա զինակիցների նահատակությունը, կազմակերպվում են քայլերթեր, հանրային հավաքներ։ Կառավարությունը միջոցառումները չի չեղարկել, սակայն դրանք անցկացվելու են սահմանափակումներով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել