Վերջերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաև պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու:

Նախարարի հետ տեղի ունեցած հանդիպման և կրթական ոլորտում առկա խնդիրների, դրանց հնարավոր լուծումների մասին Infocom.am-ը զրուցել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։

Պատգամավորը նշեց, որ հանդիպման ժամանակ խոսել են արդեն կատարված աշխատանքների, անելիքների մասին, ինչպես նաև բոլոր այն հարցերի, որոնց հիմնական պատասխանատուն կրթության պետական լիազոր մարմինն է։ Խոսելով սեպտեմբերի 15-ից վերսկսվող դասապրոցեսների և դրանից բխող հնարավոր խնդիրների մասին, Ստեփանյանն ասաց․

«Այն, որ համավարակի տեմպն ամառվա ընթացքում նվազեց և այսօր թվերը մեզ բավականաչափ լավատես լինելու հիմքեր են տալիս, արդեն ազդակ էր, հնավարություն, որ մենք կարող ենք նոր ուսումնական տարին սկսել առանց հեռավար կրթության։ Սա արդեն, կարծում եմ, շատ լավ նորություն էր բոլորի համար, բոլոր շահառուների՝  այդ թվում նաև մեզ համար։ Իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիրուսը դեռ վերջնականապես չի լքել մեզ և մեր տարածաշրջանը, պետք է հնարավորիս գործադրենք ամեն ջանք, որպեսզի կարողանանք պահպանել գոնե այս վիճակը, տեմպերը չմեծացնենք»։

Ստեփանյանն ընդգծեց, որ բոլորի համար հասկանալի է՝ այս գործընթացը ենթադրում է որոշակի ջանքեր, խստացումներ, սահմանափակումներ։ Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ արձագանքներ, առաջարկներ են եղել, որ գոնե առաջին կուրսեցիների համար դասերը սկսվեն ոչ հեռավար, մյուսնեի դեպքում դեռևս կարելի է որոշակիորեն տարբերակել, կամ ունենալ խառը կամ համակցված մոտեցում, քանի որ որոշ ֆակուլտետների որոշ դասընթացներ հնարավորություն կտային դասերը իրականցնել առցանց։ Սակայն, ինչպես նկատեց Ստեփանյանը, կան մի շարք մասնագիտություններ, որոնց դեպքում դասախոսի և բուհական միջավայրի առկայությունը պարտադիր է։ Պատգամավորն ընդգծեց, որ պետք է հնարավորինս բալանասավորված մոտեցում դրսևորվի։

«Վերջին մի քանի օրերին ես ինքս էլ համացանցում հանդիպեցի կրթության ոլորտի որոշ փորձագետների մտահոգություններին, որ ամսի 15-ից հանրակրթական դպրոցները բացվելուն զուգահեռ շրջաբերականի այս կամ այն կետերը մտահոգություններ են առաջացնում՝ թե՛ ուսուցիչների, և թե՛ ծնողների շրջանում։ Ի զարմանս ինձ՝ նախարարությունից դեռ որևէ շրջաբերական  չի գնացել, այս ամենը դեռ մշակման փուլում է, որպեսզի հնարավորինս չեզոքացնենք համավարակի տարածման բոլոր հնարավորությունները։ Մի բան հստակ է, և դա մենք ասել ենք անցած տարվա ապրիլից և այսօր էլ կամրապնդենք, որ դպրոցի տարրական հատվածը միանշանակ չի կարող լինել հեռավար»,- հավելեց Ստեփանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրների առաջ կանգնեց կրթական համակարգը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, և ի՞նչ դժվարություններ են լինելու, երբ վերսկսվեն դասերը, պատգամավորը պատասխանեց, որ  ամբողջ աշխարհը՝ այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը,  աննախադեպ վիճակում է, երբ մի կողմից խնդիր կա՝ ամեն գնով պահպանել քաղաքացիների առողջությունը, իսկ մյուս կողմում ամենատարբեր ոլորտներն են, այդ թվում՝ կրթությունը։ Ստեփանյանի խոսքով՝ այս գործընթացքում շատ կարևոր է հստակ բալանսավորումը և առաջնայնության ընդգծումը․

«Առաջնայինը՝ ցանկացած պարագայում քաղաքացիների առողջությունն է, և՛ ԱՀԿ-ն, և՛ մեր առողջապահական բոլոր կենտրոնները խոսում են այն մասին, որ աշնանը, ամենայն հավանականությամբ, հնավոր է՝ համավարակի երկրորդ փուլ սկսվի, որոշ մասն էլ պնդում է, որ չի կարելի դա անվանել երկրորդ ալիք, պարզապես որոշ հաստատությւոնների բացման հետ կապված՝ կարող ենք վիրուսը ակտիվորեն շրջանառել հասարակության շրջանում, և դրա հիմնական փոխանցողները կարող են հանդիսանալ դպրոցականները, նրանց ծնողները, որոնք անընդհատ ուղեկցում են երեխաներին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան երեխաների մեջ է, քանի որ բոլոր տվյալները և վիճակագրությունը ցույց է տալիս, որ  երեխաները գրեթե չեն վարակվում, կամ շատ թեթև են տանում, այլ այն, որ երեխաները լինելու են վարակի փոխանցողը, իսկ ուսումնական հաստատություններում ունենք խոցելի խումբ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող, 65 տարկանից բարձր ուսուցիչներ ու դասախոսներ»,- ընդգծեց Ստեփանյանը։

Վերջինիս կարծիքով՝ նախարարությունն այստեղ  նույնպես անելիք ունի և բավականին զգույշ պետք է լինի։ Պատգամավորը տեղեկացրեց, որ հանրակրթական դպրոցներից արդեն հավաքում են քրոնիկ հիվանդություններ ունեցող ուսուցիչների տվյալները, որպեսզի նրանց համար առանձին պայմաններ ստեղծվեն, թե ինչպիսի՝ դեռ հստակ չէ։

«Ցանկացած նյուանս ու մանրուք հաշվի է առնվում, որպեսզի ոչ մի դեպքում կրթական պրոցեսի մեկնարկը որևէ կերպ բացասական  չանդրադառնա հանրության առողջության վրա։ Մյուս կողմից՝ մենք ունենք խնդիր՝ կրթության շարունակականության մասով, որովհետև մի շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է առաջին դասարանցիներին հեռավար սովորեցնել տառերը, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է 2-րդ-3-րդ դասարանցիներին հեռավար սովորեցնել տեքստ կարդալ և վերլուծել։ Մյուս կողմից էլ՝ մենք ունենք հիմնական դպրոց, որը խիստ կարևոր է հանրակրթության մեջ, հետևաբար մենք պետք է  կրթության շարունակականությունը բոլոր մակարդակներում սկսենք քիչ-քիչ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դասերը գոնե կիսով չափ կամ միայն ավագ դասարաններում լինեն հեռավար»,- ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով կրթական համակարգում առկա մնացյալ խնդիրների մասին, պատգամավորը նշեց, որ այն պահից, երբ համավարակն ավարտվի կամ դրա տեմպերը նվազեն և մենք կարողանանք վերադառնալ մեր բնականոն կյանքին, չեն լինի  այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են հասարակության, իշխանության  և պատկան մարմինների առջև։ Պատգամավորի համար առաջնային խնդիրներից է ուսուցիչների վերապատրաստումը․

«Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք ուսուցիչների սերդնափոխություն, ունենք մեծ թվով նոր ուսուցիչներ, իսկ փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթությունը դեռևս բավարար չափով հմտությունների և կարողությունների մակարդակ չի ապահովում՝ դպրոցում դասավանդելու համար։ Կարևորում եմ դասղեկների վերապատրաստումները, արտադադասարանական և արտադպրոցական միջոցառումները, ինչպես նաև ամենատարբեր էքսկուրսիաները՝ սկսած  թեմատիկ թանգարանային էքսկուրսիաներից, պատկերասրահներից, մինչև բնության գիրկ։ Դպրոցում  կրթությունը այնպիսի մի գործընաց է, որտեղ չի կարելի անտեսել կամ առավելություն տալ որևէ գործընթացի, քանի որ այն ամբողջական պրոցես է, և դրվագային մոտեցումները նպատակային չեն, բայց, այնուամենայնիվ, ուսուցիչների վերապատրաստումն ինձ համար առաջնային է»,- եզրափակեց Ստեփանյանը։

Թեմայի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը համոզմունք ունի, որ կրթական համակարգում առկա են բազմաթիվ խորքային խնդիրներ։

Հովսեփյանի խոսքով՝ անհրաժեշտություն կա հստակ  ռազմավարություն մշակել և այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում՝ դրանք համակարգը կհասցնեն կրիտիկական վիճակի։

Ըստ պատգամավորի՝ ասօր արդիական խնդիրներից մեկը դպրոցներում դասապրոցեսի կազմակերպումն է․ 

«Դասերի մեկնարկն իր հետ շատ խնդիրներ է առաջ բերում, օրինակ, թե ինչպես պետք է փոքր դպրոցների ֆինանսավորումը կազմակերպվի՝ ֆինանսական բացեր ունենալու պարագայում, մեծ դպրոցներում, եթե պետք է դասարանները բաժանվեն մի քանի խմբի, ինչպես են վճարվելու ուսուցիչները և այլն։ Սրանք մի շարք հարցեր են, որոնք առաջ են գալու, և արդյոք պետությունը պատրա՞ստ է հավելյալ վճարել ուսուցչին, եթե վերջինս ունենա հավելյալ ծանրաբեռնվածություն։ Շատ հարցեր կան, որոնք անրաժեշտ  է բարձրաձայնել»։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բարձրագույն ուսումնական հաստատությունները նույնպե՞ս պետք է բացել, արդյոք առցանց ուսուցումը չի՞ վնասում բուհական համակարգին, պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, բուհական կրթության դեպքում առցանց կրթությունը  բացարձակ որևէ  խնդիր չի կարող առաջացնել, ավելին՝ շատ ավելի նպատաստավոր կարող է լինել՝ տալով հնարավորություն ավելի խորքային ուսումնասիրություններ, հետազոտական աշխատանքներ իրականանցել։

«Այնպես չէ, որ ուսանողը հիմա պետք է գնա բուհ, դասախոսները խորհրդային ժամանակների նման թելադրեն լեկցիաները, որ հետո իրենք գան նստեն կարդան։ Այնուամենայնիվ, հիմա շեշտը դրված է ուսանողի կրթության վրա։ Հեռավար կրթությունը նույնսիկ կարող է խթան լինել և ոչ թե խանգարել։ Վերջապես պետք է նկատել, որ աշխարհի շատ երկրներ նախընտրում են և գերադասում են հեռավար կրթությունը, և մենք նույնպես հնարավորություն ենք ունենում բազմաթիվ դասապրոցեսների մասնակցել՝ աշխարհի տարբեր երկրների տարբեր բուհերում և ոչ մի խնդիր չի առաջանում։ Խնդիր կլինի, եթե մենք ունենանք հեռավար կրթություն հանրակրթական համակարգում, մասնավորապես՝ տարրական դասարաններում»,- հավելեց Հովսեփյանը։ 

Խոսելով ԿԳՄՍ նախարարության իրականացրած փոփոխության մասին, որով համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմից հանվեցին պատգամավորները, Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ փոփոխության նպատակն էր ապաքաղաքականացնել բուհական համակարգը։ Պատգամավորը նշեց, որ սրա վերաբերյալ խնդիր չի տեսնում, բայց  միևնույն ժամանակ կարծում է, որ  հանրային կարծիքի բաժինը դուրս է մնում այս պարագայում, քանի որ պատգամավորն ընտրված է հանրության քվեով և ներկայացնում է հանրության կարծիքը։

«Եթե այս տեսանկյունից նայենք, այդքան էլ կողմ չեմ, թերևս անհրաժեշտություն կար ուշադրություն դարձնել բոլոր կողմերից, ներգրավել բոլոր խմբակցություններից պատգամավորների, որպեսզի մեկ կամ երկու իշխանական պատգամավորներով չպայմանավորվի ամբողջ պատկերը։ Երկրորդ առումով էլ շատ ճիշտ է, որովհետև մենք անցյալում ունեցել ենք խնդիր՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ներգրավվածությամբ և ամբողջ բուհերի քաղաքականացված լինելու առումով։ Անցյալի փորձի վրա հենվելով՝ այո՛, պետք է միանշանակ պահանջեինք, որ պատգամավորներին դուրս բերեն խորհուրդներից, իսկ այս նոր փորձին նայելով՝ միանշանակ անհրաժեշտ է, որ հասրակական քվեն պատգամավորի մանդատով ներկայացված լինի։ Չեմ կարծում, թե հարցը անվերադարձ խնդիր է դառնալու, եթե հետագայում հասկանան, որ անհրաժեշտություն կա կրկին փոփոխություն անելու, կարող են փոխել»։

Սոֆյա Հովսեփյանն օրերս իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Երևանի՝ Աղբալյանի եւ Պուշկինի դպրոցների ծանրաբեռնվածությանը՝ նշելով, որ դասերի վերսկսման գործընթացին զուգահեռ՝ այդ դպրոցներում առաջանալու են մի շարք խնդիրներ։ Մեր զրույցում պատգամավորն ասաց, որ նախարարությանն առաջարկել է ուսումնասիրել խնդիրը։ Նրա խոսքով՝ դպրոցները նույնպես պետք է ունենան այնքան ազնվություն, որ խնդիրների մասին խոսեն, որպեսզի  որևէ երեխայի ճակատագրի հետ խաղ չարվի։ Հովսեփյանը նշեց, որ դպրոցների գերծանրաբեռնվածության հարցը ոչ միայն լուծված չէ, այլ անգամ պատշաճ  քննարկված չէ։ 

«Այդ դպրոցների նախկին խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Առաջին խնդիրը լիցենզիայի սահմանափակումների բացակայությունն է, ինչո՞ւ պետք է մի դպրոցը լինի երկհերթ՝ չունենալով շենքային պայմաններ, այս խնդրի մասին խոսենք բոլորս, բայց մենք երբեք չունենաք մեկհերթանոց, որովհետև նորից առաջին դասարան է ընդունվում 250 երեխա։ Այսինքն, որքան դպրոցը ունի հնարավորություն, այդքան երեխա վերցնի և մեկ հերթով պարապի։ Նոր ընդունվողների քանակը կարելի է սահմանափակել։ Կամաց-կամաց մարեն այդ երկրորդ հերթը, դարձնեն մեկ հերթ և ամեն ինչ արվի այդ դպրոցի հնարավորությունների սահմանում։ Ինչո՞ւ պետք է, օրինակ, կենտրոն համայնքի թիվ մեկ դպրոցը, որը հեռու է Աղբալյան դպրոցից մի քանի մետր, ունենա թերծանրաբեռնվածություն, և այսպես մի քանի այլ դպրոցներ, իսկ այդ դպրոցը գերծանրաբեռնվածություն, և որքան էլ փորձեն, չեն կարող հազմել, թե կրթությունը շատ ավելի լավ է կազմակերպվում, որովհետև, եթե դպրոցը փոքր է, չի նշանակում, որ կազմակերպումը վատն է։ Ասեմ ավելին, 10-15 երեխայի դեպքում ուսուցիչն ավելի հեշտ ու նվիրված է աշխատում, քան գերծանրաբեռնվածության դեպքում, պարզապես ուսուցիչն է վատ վարձատրվում և հնարավորությունները մի քիչ ավելի քիչ են՝ գեղեցիկ միջոցառումներ անելու, ներդրումներ անելու և այլն։ Բնական է, որ եթե պետությունն էլ ուշադրություն չի դարձնում՝ որպես փոքր ու կարիքավոր դպրոց, մյուսները պետք է աճեն ու անընդհատ լինեն պատշաճ վիճակում, քանի որ ունեն բարձր ֆինանսավորում, իսկ մնացածն այդպես էլ մնան, ծնողի համար էլ մոտվացիա չլինի։ Միայն փոքր դասարանը և լավ մանկավարժը շատ քիչ են ծնողի համար, որ երեխային տանեն այդ դպրոցը, նրանք ավելի շատ նայում են պատերին, պետքարանին, որոնք նորմալ են այս պարագայում, բայց չեն նայում կրթության որակին»։

Սոֆյա Հովսեփյանի համոզմամբ՝ փորձագիտական խումբը կաղել է՝ ծառի կեսը պահպանվել է, արմատն ու գլուխը չկան, ուրեմն արմատական փոփոխություն չի արվել․

«Ցավով եմ ասում, որ փոձագիտական խումբը կաղել է, խորհրդատվության առումով շատ է կաղել։ Շատ հեշտ է այսօր մեղադրելը փոխնախարարին, որ այսինչ բանը չեն անում։ Վարձատրում են փորձագետին և հանրակրթության վարչությանը, որոնք պարտավոր են ուսումնասիրություններ անել, ներկայացնել, որպեսզի ըստ դրա որոշումներ կայացվեն, այդ ուսումնասիրություններն այնքան կիսատ-պռատ են արվում, որ որևէ նորմալ որոշում չի կայացվում։ Այստեղ ես չեմ էլ կարող մեղադրել, որովհետև եթե մեկ կամ երկու անգամ սխալվել են, ապա իրենք ինչո՞ւ են շարունակում աշխատել այդտեղ։ Իրապես  այս ամենի նպատակն է արմատական փոփոխություններ անելը, բայց ոլորտի մասնագետները, այդ փորձագետ կոչվածները դեռևս ոչ մի որակով առաջարկ չեն արել։ Այո՛, շատ փառահեղ փոփոխություն է, որ բուհ ընդունվեն առաջին հայտով, բայց ե՞րբ է դիմորդն իմանում այդ մասին, այն ժամանակ, երբ արդեն լրացնում է հա՞յտը։ Այսինքն՝ չնայած՝ այդ փոփոխությունները կարևոր են, սակայն ոչ ճիշտ ժամանակին իրականացվեցին, այդ պատճառով նման խնդիրներ առաջացան»։

Պատգամավորը վստահեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շղարշ չեն գցում կառավարության աշխատանքի կամ թերացումների վրա, այլ փորձում են բարձրաձայնել բոլոր խնդիրները։ 

Ասպրամ Փարսադանյան