armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին։

Նրան ուղեկցում են մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«2018 թվականին բարեկարգվել է այս մանկապարտեզի բակը։ 2019 և 2020 թվականներին գյուղում իրականացվել է 7 սուբվենցիոն ծրագիր՝ 4-ը նախորդ տարի, իսկ 3-ն՝ այս։ 2019-ին Լճաշենում ասֆալտապատվել է ճանապարհը, գյուղի լուսավորությունն է ապահովվել, այս տարի էլ այդ աշխատանքները շարունակվել են։ 2019 թ. մի հետաքրքիր սուբվենցիոն ծրագիր էլ ենք փորձել իրականացնել՝ թանգարանն է վերանորոգվել, ուղղակի համավարակը մի փոքր խանգարեց դրա գործելուն»,- նշեց Սանոսյանը՝ ներկայացնելով գյուղում կատարվող և կատարվելիք աշխատանքները։

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ընթացիկ տարում ամբողջությամբ կլուծվի գյուղի լուսավորության հարցը։

«Գլխավոր և երկրորդային փողոցներում ամբողջությամբ փոխվում է լուսավորությունը՝ այստեղ սյուներ չեն եղել, նորերն են դրվում»,- ասաց ՏԿԵ նախարարը։

Մուտք գործելով մանկապարտեզ՝ Փաշինյանը շրջեց շենքում, որտեղ աշխատակիցն ամբողջությամբ ծանոթացրեց բոլոր մանրամասներին։

Դիմելով մանկապարզի աշխատակցին՝ Վարչապետն անդրադարձավ նաև աշխատող և չաշխատող ծնողներին վճարվող նպաստներին:

«Վերջերս ժողովրդագրական վիճակի վերաբերյալ որոշումներ ենք կայացրել՝ գյուղական համայնքներում աշխատող ծնողներին նշանակել ենք կրկնակի ավել նպաստ՝ 53 հազար դրամ, իսկ չաշխատողներին՝ 26 500 դրամ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով Վարչապետին՝ Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, նշեց, որ իրենց գյուղը խմելու, ոռոգման ջրի, լուսավորության հետ կապված խնդիրներ չունի։

«Մեզ մոտ աղբահանության հարցն էլ ամբողջությամբ լուծված է: Ունենք երաժշտական, արվեստի, սպորտի դպրոցներ, թանգարան, մշակույթի տուն, հրապարակ ու զբոսայգի կա։ Սակայն մենք ունենք հիմնական խնդիր՝ չմշակվող հողեր ունենք, որոնք պետք է մշակել, մեր բնակիչների զբաղվածության հարցն ենք ցանկանում լուծել»,- ասաց Մարգարյանը։