Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին իր համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
11:42 - 17 օգոստոսի, 2020

Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին իր համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել

ՍԴ դատավորի թափուր պաշտոնում կառավարության ներկայացրած թեկնածու Վահրամ Ավետիսյանն ԱԺ նախագահին է ներկայացրել «ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ դիմում։ Այս մասին Վահրամ Ավետիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, որ մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող եւ պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը:

Խնդիր, առանց որի լուծման պետությունը եւ հասարակությունը զարգացման որեւէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել իմ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։

Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից եւ հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության եւ անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին եւ պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաեւ ինձ համար անընդունելի։

Հետեւաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։

Ուստի այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում։

Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը իմ թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին մաղթում բարեհաջող ընթացք՝ ի շահ ՀՀ քաղաքացու եւ մեր Հայրենիքի»,-գրել է Վահրամ Ավետիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել