Հարյուր հազարավոր մարդիկ Մինսկում դուրս են եկել բողոքի ցույցի |hetq.am|
21:06 - 16 օգոստոսի, 2020

Հարյուր հազարավոր մարդիկ Մինսկում դուրս են եկել բողոքի ցույցի |hetq.am|

hetq.am: «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիրի մոտ հավաքված ցուցարարների թիվն անցնում է մի քանի հարյուր հազարը։ Այդ մասին հայտնում են բելառուսական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքները։

«Բողոքի ցույցին, մեր հաշվարկներով, մասնակցում է մի քանի հարյուր հազար մարդ։ Տեսանյութը չի արտացոլում ամբողջ պատկերը։ Հուշարձան-համալիրի մոտ փաստացի կանգնելու տեղ չկա, մարդիկ նորանոր տարածքներ են զբաղեցնում, որոնք չեն երևում կադրում»,- հայտնել է «Tut.by»-ը։ Ցուցարարները վանկարկում են «Հեռացի՜ր»։

 

 

Բողոքի ակցիայի մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։ Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիրի մոտ գտնվող հրապարակը, որտեղ մայիսի 9-ին կայացել էր զինվորական շքերթը, ամբողջությամբ լցված է մարդկանցով։ Ամեն րոպե ավելանում է ցույցի մասնակիցների թիվը։

Ականատեսները փաստում են, որ Մինսկում երբեք նման քանակությամբ զանգվածային բողոքի ցույց տեղի չի ունեցել։ Բողոքի ցույցի մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, որի արդյունքում, ըստ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ձայների 80 %-ով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ցուցարարները բողոքում են նաև ուժային կառույցների գործողությունների դեմ, որոնք վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Բողոքի ցույցերի մասնակիցները գտնվում են հուշարձան-համալիրի մոտ առկա խաչմերուկի բոլոր չորս կողմերում։ Նրանք պարզել են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ, ծաղիկներ, փուչիկներ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքի ցույցի տարածքում գրեթե բացակայում է բջջային կապը։ Բողոքի ցույցերի հատվածում չեն աշխատում նաև լուսակիրները, չկան ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ։ Ե՛վ հետիոտները, և՛ վարորդներն իրենք են կարգավորում երթևեկությունը։ Մարդիկ մի քանի րոպե տալիս են մեքենաներին անցնելու համար, այնուհետ իրենք են անցնում փողոցը։

Բողոքի ցույցին մասնակցում են նաև Բաբարիկոյի շտաբի ղեկավարը և Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Մարիա Կոլեսնիկովան։ Նա հայտարարել է, որ Լուկաշենկոն ոչ միայն բելառուս ժողովրդի, այլև երկրի գլխավոր սպառնալիքն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել