armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Բացման արարողության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ կենտրոնը սոցիալական ոլորտի ծառայություններ է մատուցելու Սևան համայնքի և շրջակա բնակավայրերի շուրջ 13 հազար քաղաքացիների:

«Այս կենտրոնը Համաշխարհային բանկի աջակցութամբ ստեղծված 24-րդն կենտրոնն է, որ բացվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս կենտրոնն իր հարկի տակ է առել զբաղվածության, սոցիալական աջակցության, սոցիալական ծառայության տարբեր ծառայություններ, այն սպասարկելու է Սևանի շրջակայքում բնակվող շուրջ 13 հազար քաղաքացիների»,- ասաց Բաթոյանը:

Զարուհի Բաթոյանը հավելեց, որ այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզում ևս 2 նմանատիպ կենտրոն կբացվի, իսկ 2020թ. ընթացքում ևս 8 նման կենտրոն կբացվի Հայաստանի տարբեր համայնքներում:

Բացման հանդիսավոր արարողությունից հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շրջայց կատարեցին Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում: